Ինչու՞ Ընտանեկան բռնության մասին օրինագիծը հանվեց ՀՀ Արդարադատության կայքից

orenq1

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 28-ին երեկոյան պաշտոնապես հրապարակվեց Արդարադատության նախարարության կայքէջում, մյուս օրն առավոտյան   հանվեց  գերատեսչության կայքից:  

 

Դրա փոխարեն  տեղադրվել է  հետեւյալ հաղորդագրությունն, ուղղված այդ  օրինագծով հետաքրքրվող քաղաքացիներին .  Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ հասարակության տարբեր շերտերում առկա մտահոգությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջիկայում կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում:

 

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը WomenNet.am -ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով օրենքի նախագիծը կայքում հրապարակելուց հետո սոցիալական ցանցերի տիրույթում առկա հանրային կարծիքներն ու քննադատությունը, որոշում է կայացվել նախագիծը այս փուլում կայքից հանել և առաջիկայում կազմակերպել հանրային քննարկումներ թիրախային խմբերի հետ.

 

«Ստացված առաջարկներով նախագիծը նորից կլրամշակվի, որից հետո արդեն լրամշակված տարբերակը, որը ներառած կլինի բոլոր առաջարկներն ու դիտողությունները, կհրապարակենք կայքում»,- ասաց նա:

 

Նշենք, որ նշված դեմ օրենքի  քննադատությունը հասարակության որոշ շրջանակների կողմից, որոնք պարբերաբար ընդդիմանում են կանանց օգտին իրականացվող գրեթե բոլոր նախաձեռնություններին,   առկա էր շատ ավելի վաղուց, քան  սկսվել էր այս օրենքի  մշակման գործընթացը:   Օրինագծի այսօրվա քննադատներն արդեն  երեք  տարի է ինչ  պնդում են, որ ընտանեկան բռնության մասին օրենքները  «քանդում են ընտանիքիը», միտված  են «ընտանիքից երեխաներին տարբեր պատրվակներով օտարմանը» եւ ընդհանրապես  դարձնելու են   «հայ երեխաներին  մանկապիղծների համաշխարհային ցանցի թիրախ»:   Ի դեպ , այդ նույն փաստարկների հիման վրա  սպառնում են նաեւ, որ չեն թողնելու , որ Հայաստանը միանա   «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային»:

 akcia-13

Խնդիրն  նրանում  չէ , ինչ նպատակով  են  այսօր  սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր փորձում  իրականությունից  շատ  հեռու  իրենց  մտահոգությունները կապել կանանց նկատմամբ բռնության կանխագերլման  օրինագծի հետ:  Խնդիրը նրանում է , որ հասարակությունը  հերթական անգամ   աղավաղված տեղեկատվության  զոհ  կարող է դառնալ՝ մոռանալով այն մասին, որ իրականում ընտանեկան բռնությունն  է «քանդում  ընտանիքը»  եւ ոչ թե դրա կանխարգելմանը ուղղված օրենքը:

 

Համենայն դեպս,   ՀՀ  Արդարադատության նախարարությունն այս պահին   պատրաստակամություն է հայտնել  քննարկելու վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ բարձրացված մի շարք հարցեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ , իսկ առաջիկայում կազմակերպել  նաեւ հանրային լայնամասշտաբ քննարկումներ:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը պատրաստ է… ի՞սկ հասարակությունը

 

ՄԱԿ-ի գրասենյակը դատապարտում է կանանց դեմ բռնության վերջին դեպքերը Երևանում

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում

 

Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

 

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»  

 

Դիտումների քանակը` 3444

Գլխավոր էջ