Ինչու՞ այս անգամ էլ նախագահի թեկնածուների շարքում կանայք չկան

 

 Գալիք նախագահական ընտրություններում կին թեկնածուի մասնակցության հարցը կորցրեց իր  արդիականությունը այն պահից, երբ  Անուշ Սեդրակյանը հրաժարվեց առաջադրվել, իսկ քիչ աց Նարինե Մկրտչյանը դուրս մնաց ընտրական մրցավազքից՝ չկարողանալով վճարել ընտրագրաավը:  Սակայն խնդիրը  թերեւս շարունակում է մտահոգել փորձագետներին, որոնք, ի դեպ, իրարամերժ  կարծիքներ ունեն կին-նախագահ ունենալու հեռանկարի եւ խոչընդոտ հանդիսացող  պատճառների  վերաբերյալ:

 

 

«Մեր հասարակությունը պատրաստ է ոչ միայն կին պատգամավոր ու քաղաքապետ, այլեւ պաշտպանության նախարար եւ նախագահ ունենալ, ընդունել եւ հարգել, սակայն այսօր չկան այն կանայք, որոնք ընկալելի  կլինեն մեր հասարակությանը»,- համոզված  է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ նկատելով, որ հայ հասարակությունն ունի եվրոպական դիմագիծ:

«Մեր ընտանիքներում հայրիշխանություն չկա` կամ հավասարություն է, կամ մայրիշխանություն, հետեւաբար հայ քաղաքացին կընտրի կին նախագահի, եթե նա լինի արժանի: Ուրիշ հարց է, ինչքանով  առաջադրվելու ցանկություն հայտնած կանայք համապատասխանում են հասարակության սպասելիքներին  ՀՀ նախագահի թեկնածու լինելու առումով: Կանանց ամենեւին էլ  պետք չէ համալրել  կատակերգության ժանրին պատկանող տղամարդ թեկնածուների շարքը, որոնք   ազգին, պետությանը, հասարակությանը ոչնչով օգտակար չեն եղել եւ առաջադրվում են ոչ թե խնդիրներ լուծելու, այլ միայն սեփական գովազդն անելու համար: Այս պարագայում, սխալ է ասել՝ հասարակությունը չընտրեց, պետք չէ մեղքը բարդել հասարակության վրա, որը  կընտրի անկախ սեռից, եթե տեսնի արժանավոր թեկնածուի: Մեր հասարակության ինտելեկտն ու մտածելակերպը բարձր է, ուղղակի պետք է թեկնածուն համապատասխան լինի», – WomenNet-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

 

Քաղաքական եւ ընտրական գործընթացների տեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ այլ տեսակետ ունի: Նրա գնահատմամբ` նախագահի թեկնածուի համար կարեւոր է ոչ թե փաստը` կին է, թե տղամարդ, այլ այն` հաղթող է, թե պարտվող:  Բադալյանի խոսքերով` մեր երկրի արժեքային համակարգն արեւմտաեւվրոպականը չէ:

«Մենք Եվրոպա չենք, խնդիրը միայն աշխարհագրական դիրքը չէ, այլեւ մտածելակերպը: Հարավային Կորեան ու Պակիստանն էլ  աշխարհագրորեն Եվրոպա չեն, սակայն մտածելակերպի եւ արժեհամակարգի առումով նրանք շատ առաջ են: Մեր հասարակության մենթալիտետն ու մտածելակերպն ուղիղ համեմատական են Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի մտածելակերպին եւ մեզ 10-15 տարի ժամանակ կպահանջվի, որպեսզի հնարավոր լինի նախագահի  ինստիտուտի ղեկին տեսնել կնոջը”, – ասաց նա WomenNet.am-ին:

 

 

Մեր այն  հարցին, արդյո՞ք կանանց առաջադրմամբ սառույցը չէր կոտրվի եւ քայլ առաջ կգրանցվեր, Արմեն Բադալյանը բացասական պատասխան տվեց` հավելելով, որ միայն թեկնածուների առաջադրմամբ հնարավոր չէ խնդրի լուծում: «Դրան զուգահեռ երկրի տնտեսական վիճակը պետք է բարելավվի ու կրթական առոմով հասարակությունն առաջընթաց գրանցի: Իհարկե կան խելացի կանայք, ովքեր կարող են առաջադրվել, սակայն այս պահին հասարակությունը դրան պատրաստ չէ»:

 

 

Հասմիկ Հարությունյան 

Դիտումների քանակը` 4484

Գլխավոր էջ