Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը
Մեր պարագայում ավելի ճիշտ կլիներ հարցնել ինչպե՞ս ապահովեցին կանանց «պատշաճ » ընդգրկումը ինքնաբացարկների ցուցակներում: ԿԸՀ –ի վերջին տվյալներով տարբեր կուսակցություններից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ընդհանուր առմամբ 102 պատգամավորության թեկնածու, որոնցից 26-ը կին են: Թեռևս կարելի է միայն երազել Ազգային ժողովի կազմում կանանց նման ներկայացվածություն ունենալու մասին և մխիթարվել, որ մանդատից հրաժարվողների թվում կանանց թիվը 25 տոկոսը չգերազանցեց: Իրականում, հատկապես ինքնաբացարկի դիմած կանանց պատճառով արժեքազրկվեց Ընտրական օրենսգրքով նախատեսված քվոտային մեխանիզմը, որի կիրառմամբ հասարակությունը կարող էր ակնկալել Ազգային ժողովում կանանց առնվազն 20 տոկոսանոց ներկայացվածություն:
Որո՞նք են մանդատից հրաժարվելու հիմնական պատճառները: Պարզվում է ՝ նրանք խիստ տարբերվում են ոչ միայն ըստ կուսակցությունների, այլ նաև կանանց և տղամարդկանց կտրվածքով:
Ինքնաբացարկների հիմնական մասը գործադիր իշխանության մեջ ներգրավված պաշտոնյանների կողմից է արված: Սակայն եթե տղամարդկանց դեպքում նման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատից հրաժարվողների թիվը գրեթե 80 տոկոսի է հասնում, ապա կանանց պարագայում պատկերը հակառակն է:
Ինքնաբացարկի դիմող կանանց թվում թեև կան գործադիրում կամ որևէ բնագավառում բարձր պաշտոն զբաղեցնող կանայք, բայց ընդամենը 30 տոկոսն են այդպիսին: Մնացածների դեպքում ՝ պատգամավոր դառնալու մտադրությունից հետ կանգնելու պատճառները լայն հասարակության համար անհայտ են մնում, քանի որ կանայք, ովքեր այդ քայլին են դիմում, կտրականապես հրաժարվում են ինչ- որ բան բացատրել լրագրողներին:
Եվ այստեղից միայն մի եզրակացության կարելի է հանգել՝ եթե տվյալ անձը չի կարողանում համոզիչ հիմնավորել իր որոշումը, նշանակում է այդ որոշումը ընդունել են առանց իրեն հարցնելու… Իսկ եթե կուսակցությունն է նման որոշում կայացնում ՝ համարելով որ այդ կանայք արժանի չեն պատգամավոր դառնալ, ապա հարց է ծագում, ինչու՞ են նրանց ընդհանրապես ընդգրկում ցուցակներում…Էլ չենք ասում, ինչու՞ են այդ կանայք համաձայնվում հրաժարական տալու հեռանկարով մտնել ցուցակի մեջ…
Շատ դեպքերում նույնիսկ տրամաբանորեն չի հաջողվում կռահել պատգամավորությունից հրաժարվելու իրական պատճառը, համենայն դեպս, հենց այդպիսի տպավորություն ենք ստացել ինքնաբացարկի դիմում ներկայացրած կանանց ցուցակները դիտարկելուց հետո…
Այսպես, ՀՀԿ-ի համամասնական ցուցակից իրքնաբացարկի դիմում են ներկայացրել 69 թեկնածու, այդ թվում 14 կին, որոնք ընդգրկված են եղել 6-ից մինչև 106-րդ տեղերում.
6. Հակոբյան Հրանուշ, ՀՀ սփյուռքի նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
46. Պողոսյան Հասմիկ , ՀՀ մշակույթի նախարար
51. Բաղդասարյան Ջեմմա , ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ
56 . Մինասյան Կարինե, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 1-ին տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ
61. Սամուելյան Արև, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ
66. Ղարիբյան Սոնա ,ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ
71. Կիրակոսյան Անահիտ,«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ, ընդհանուր բաժնի պետ
76.Արշակյան Կարինե, ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ, արխիվավար
81. Նաջարյան Սիրուն, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, տոմսերի պատրաստման և հաշվառման խմբի ղեկավար
86. Առաքելյան Ալվարդ , ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, արխիվավար
91. Պետրոսյան Արփինե, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, կազմակերպչական հանձնաժողովի աշխատակից
96.Ազարյան Մարգարիտ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, կադրերի վարչության պետ
101. Հակոբյան Ռուզաննա ,Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
106. Սիմոնյան Արմինե, Հայ-Ռուսական համալասարան, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր
Միակ հստակ եզրահանգումը, որ կարելի է անել այս ցուցակի ուսումնասիրությունից այն է, որ նախարարի կամ փոխնախարարի պորտֆելը ու գուցե ևս մի երկու- երեք բարձր պաշտոններ իրոք կարող են ծանրակշիռ փաստարկ հանդիսանալ պատգամավոր դառնալու հեռանկարից հրաժարվելու համար: Սակայն ցուցակում ընդգրկված անձանց առվազն կեսի դեպքում մանդատ չվերցնելու դրդապատճառները տրամաբանական բացատրության չեն ենթարկվում:
Դիտարկենք մեկ այլ օրինակ: ԲՀԿ-ն համամասնական ցուցակով ինքնաբացարկի են դիմել 28 թեկնածու, այդ թվում 10 կին, ովքեր ներկայացված են եղել 16-ից – 61-րդ տեղերում.
16. Պողոսյան Թամարա , չի աշխատում
21. Ավետիսյան Հռիփսիմե,«Արսօյլ» ՓԲԸ տնօրեն
26 Բոգդանյան Մարինե, Հյուսիսային Համալսարանի Դիլիջանի ներկայացչության տնօրեն
31. Հակոբյան Շուշանիկ, «Երևակ» կրթահամալիր, անգլերենի
36. Հակոբյան Սուսաննա, չի աշխատում
41. Ղուկասյան Դիանա, Երևանի թիվ 85 դպրոցի տնօրեն
46. Գյուլինյան Վեներա, Աբովյանի ուսանողական խորհրդի նախագահ
51. Ափոյան Նելլի, Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային տուրիզմի դեպարտամենտի վարիչ
56. Շուխյան Տաթևիկ, Երևանի Պուշկինի անվան դպրոց, ուսուցչուհի
61 .Գևորգյան Ռուզաննա, չի աշխատում
Այս ցուցակում ընդգրկված կանանց գրեթե բոլորի հանդեպ անհնար է գտնել մանդատից հրաժարվելու տրամաբանական պատասխան…
Ի դեպ, անհասկանալի մնաց նաև ՀՅԴ -ի կողմից կայացված որոշումը, ըստ որի մանդատից հրաժարվեցին 3-րդ տեղում ընդգրկված Արտյուշա Շախբազյանը և 6-րդ հորիզոնականում ՝ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի հասարակագիտության մասնագետ Կարինե Հարությունյանը: Եթե խնդիրը իրականում կայանում էր նրանում, որ պետք էր մանդատով պարգևատրել կուսակցական քարոզարշավը ֆինանսովորող մեկ այլ թեկնածուին, ինչպես դա գրվեց մի շարք թերթերում, ապա գուցե արժեր ՝ կարևորելով նյոութական ներդրման հանգամանքը, ի սկզբանե ընդգրկել այդ թեկնածուին առաջին հնգյակում և ոչ թե առաջարկել կնոջը հրաժարվել մանդատից ի օգուտ նրան: Եվ դա այն դեպքում, երբ իր համամասնական ցուցակում 32 տոկոս կանանց ներկայություն ապահոված Դաշնակցությունը խորհրդարան մտավ միայն տղամարդկանցից բաղկացած թիմով…
Մի խոսքով, ինքնաբացարկների այս թեկուզ և մակերեսային վերլուծությունը որոշակի չափով ցույց է տալիս, ինչո՞ւ Ընտրական օրենսգրքում ներդրված քվոտային մեխանիզմը հերթական անգամ չաշխատեց մեզանում… Թեև մենք հեռու ենք այն մտքից, որ դա այդ հարցի և առհասարակ կանանց մուտքը դեպի քաղաքականություն խոչընդոտող միակ պատճառն է…
Թամարա Հովնաթանյան
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի
Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ
Դիտումների քանակը` 4999