Ինչո՞ւ է աճել ամուսնալուծությունների թիվը Հայաստանում

Պատճառների մասին մտորում են համացանցի օգտատերերը

«Իմ տրամադրությունն ամենից շատ փչանում է, երբ լսում եմ ընտանիքի բաժանության մասին լուրեր: Ահավոր տենդենցներ եմ նկատում էս մասով»: Ընկերներիցս մեկի ֆեյսբուքյան այդ գրառման ներքո բավականին ակտիվ մեկնաբանություններ թողեցին կին ու տղամարդ օգտատերերը, կարծիքները տրամագծորեն հակառակն էին:

 

Նշենք, որ  Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով   այս տարվա հունվար-սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.6%-ով նվազել են գրանցված ամուսնությունները և կազմել 13 828 դեպք: Դրա հետ մեկտեղ ամուսնալուծությունները նախորդ տարվա համեմատ աճել են 3,1 %-ով` կազմելով 2441 դեպք: Այսինքն, Հայաստանում  ամուսնությունների մոտ մեկ քարորդն ավարտվում է ամուսնալուծությամբ:

 

Ամուսնալուծությունների թվի ավելացումը  Հայաստանում, տղամարդ օգտատերերի շատերի կարծիքով, կանանց իրավունքների կենտրոնների, հոգեբանների ու այլ մասնագետների գործունեության հետևանք է: Գրառում կատարած տղամարդկանցից մեկի կարծիքով, «ամբողջ խնդիրը նրանում է, որ էսօր լկստվացնում են աղջիկներին, կարիերիզմ, տուդա սյուդա, իսկ տղաներին էլ սարքում եսիմ ինչ»:

 

«Ուղղակի կանայք առաջվա նման չեն ցանկանում ստրուկ լինել», – հիմնավորում է երիտասարդ կին օգտատերը:

 

«Սեքսապաթոլոգիան և կանանց ռեսուրս կենտրոններն իրենց գործը անում են»,-մեկնաբանում է երիտասարդ տղամարդը, ով դատելով նկարներից ու սոցցանցում հրապարակած տվյալներից գործող բժիշկ է:

 

«Հա ու ամեն տեսակ ծակ հոգեբաններն ու պլանավորման սենյակները»,-ընկերոջը լրացնում է մեկ այլ  հեղինակ:

 

«Նաև սոցցանցերն են դարձել ամուսնալուծության պատճառ»,- ավելացնում է աղջիկներից մեկը:

 

«Ի՞նչ է, պետք է շարունակեն կո՞ւլ տալ ամեն  բռնություն», – կին օգտատերերից մեկի այս հարցին  հետևում է մեկնաբանությունը.

 

«Ով ա ասում կուլ տան, կամ հիմա որ դարն աՈչ մի կին էլ ոչ մի բան կուլ չի տալիս, ոչ մի տղամարդ էլ չի ուզում, որ կինը բիգուդիներով ու խալաթով տանը նստի: Պարզապես ընտանիքի ինստիտուտում արժեքները խախտվել են, ոչ մեկ իր տեղն ու դերը չունի. Էդ ընտանիքը որ ստեղծվում ա, մի օրվա դժվարության կամ ուրախության համար չի ստեղծվում»:

 

«Ամբողջ խնդիրը հենց տեղա, որ կուլ տալ կամ կուլ չտալու մասին են մտածում: Խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, մարդիկ ամուսնանում են իրար հետ միասին առաջ գնալու և նույն ուղղությամբ նայելու համար, ոչ թե իրար վրա նայելու և իրար մեջ խնդիր տեսնելու համար: Ընտանիքի ամրությունն էլ նաև փոխադարձ հանդուրժողականությունն ու փոխըմբռնումն է:

 

«… Որովհետև էսօր առավոտից իրիկուն ասում են ինչ սեքսուալ աղջիկ է, կամ եղեք սեքսուալ, և չես լսի, ինչ գեղեցիկ է, կամ եղեք գեղեցիկ: Անգամ շաուրմա ծախողներն են գրում սեքսուալ շաուրմա: Ամեն բան սեքսուալ են սարքել և սեքսն էլ դարձրել Աստված՝ իսկ Աստված ՍԷՐ է, և հենց այդ Սէրն է, որ սպանում են մարդկության մեջ: Պատահական չի, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը Սէրը, որպես հոգեկան հիվանդություն է ճանաչել»,-  գրառումը շարունակում է բժիշկ երիտասարդը:

 

Գրառման ներքո մեկնաբանություններ թողած կանանց մեծ մասի կարծիքով, ամուսնալուծությունները շատացել են, քանի որ զույգերը առանց ճանաչելու ու շատ կարճ ժամանակահատվածում են ծանոթանում, ընկերանում ու ամուսնանում:

 

«Որովհետև ամուսանում են ամուսնանալու համար. Տենց զույգերը ու թող բաժանվեն, որ մի հատ հասկանան, որ ամուսնությունը խաղ ու պար չի. Դա լուրջ հարց ա, շատ լուրջ ու պահանջում ա SWOT վերլուծություն մինչ ամուսնությունը»,-գրում է կին օգտատերը:

 

Ի վերջո,  օգտատերերի մեծամասնությունը հանգու է  այն կարծիքի, որ սիրո, փոխադարձ հարգանի ու ըմբռնման առկայության դեպքում ընտանիքը չի քանդվի:

 

Այս առիթով կանանցից մեկն էլ նկատում է. «Փոխզիջման ու փոխադարձ հարգանքի մասին հարցում անցկացրեք տղամարդկանց, շրջանում ու հավատացած եղեք կապշեք արդյունքներից, մեծ մասը համոզված ա, որ եկեղեցում ասված «տեր եմ ու հնազանդ եմ» բառերը տերն ու ծառայի կարգավիճակն ունեն»:

Վիրտուալ  քննարկմանը հետեւեց՝  Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 3961

Գլխավոր էջ