Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…

 

Անոմալիան  իր պատճառներն ունի:  Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը իր  ստատուսում այս վիՃակագրությանը  անդրադառնալով այն ավելի  կոշտ բառով  բնորոշեց. « Աննորմալություն է…երբ մասնավոր հատվածում, ներառյալ կրթության ոլորտում, աշխատող մինչև 30 տարեկան 10 աղջիկներից  5-ն ամուսնացած չեն»…

 

Մեկնաբանությունները չուշացան: Բոլորը միանգամից մեղքը գցեցին տղաների թվի պակասի վրա, օգտատերերից մեկն էլ խնդիրը լուծելու համար օրենքով բազմակնությունն ընդունելու կոչ արեց:  Իմ համոզմամբ, խնդիրն ավելի խորքային է ու մտահոգվելու առիթ տվող պատճառներ ունի:

 

 

Ընկերուհիս, ում երեխան արդեն երեք տարեկան ու մանկապարտեզ է հաճախում, ուզում է նորից աշխատել: Մինչ ծննդաբերությունը դրսից սննդամթերքի ներկրմամբ զբաղվոց մասնավոր ընկերություններից մեկում էր աշխատում:

 

 

 

Ֆիզարձակուրդի ընթացքում` ծննդաբերությունից մի քանի օր անց, գործատուն զանգահարել է`կամ հիմա պետք է վերադառնաս աշխատանքիդ, կամ էլ տեղդ ուրիշին եմ տալիս: Ընկերուհիս երեխային խնամող չէր ունեցել, չէր կարողացել գնալ աշխատանքի:

 

 

 

Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքի 173 հոդվածը հստակ սահմանում է.

 

«1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

 

2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին/ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում/ և 2-րդ /արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում/ կետերով նախատեսված դեպքերի/»:

 

 

Որպես բացառություն օրենքում նշված դեպքերից որևէ մեկն այս պարագայում չէր եղել, ստացվում է, որ նրան աշխատանքից ազատել են ապօրինի:

 

 

Ինչևէ, հիմա ընկերուհիս, ով ընդամենը 27 տարեկան է,  աշխատանք է փնտրում, սկզբում մտածում էր գործավարի, հաշվապահի աշխատանք գտնել, աշխատանքային փորձ ունի, հետո արդեն դրանք անհասանելի աշխատանք համարելով, սկսեց որևէ խանութում գոնե վաճառողուհու տեղ փնտրել:

 

 

«Հետո հասկացա, նայում են մատիս կոլցոյին ու հարցնում են` ամուսնացա՞ծ ես, ասում եմ` հա, ասում են` մենք տեղ չունենք: Էլ չեմ ասում, երբ իմանում են, որ երեխա ունեմ, ասում են, տեղ չկա: Միայն չամուսնացած աղջիկների են աշխատանքի ընդունում, որ մի օր չասեն երեխան հիվանդ է, չեմ կարող գալ, կամ ինչքան պետք լինի, երկար մնան», – պատմում է նա:

 

 

 

Այնպես որ, ֆեյսբուքյան ընկերոջս` առաջին հայացքից անմեղ թվացող վիճակագրությունը պետք է դառնա աշխատանքի պետական տեսչության, արհմիությունների քննարկման առարկա: Թե չէ ստացվում է առանց այդ էլ դաժան պայմաններով խանութի վաճառողու աշխատանքի համար էլ  հիմա կանայք, ովքեր  այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների 71 տոկոսն են կազմում,  պիտի չամուսնանա՞ն:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4678

Գլխավոր էջ