«Ինդիգո երեխաներ» – աստծո հրեշտակներ…

Ապրիլի 2-ի երեկոյան Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը լուսավորվեց կապույտ լուսարձակներով: Կապույտ, ինդիգո գույնը խորհրդանշում  է բոլորից տարբերվող՝ «ինդիգո երեխաներին»… Դրանց թվին են պատկանում նաեւ աուտիզմով երեխաները, եւ ակցիայի նպատակն է՝  հասարակության ուշադրությունը սևեռել նրանց խնդիրներին:

Հայաստանը առաջին անգամ միացավ «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) միջազգային նախաձեռնությանը, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Ակցիայի  նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին և խթանել ներառական միջավայր այդպիսի երեխաների համար: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

 

Նույն օրը ցերեկը  Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Երեւանում տեղի ունեցավ նաեւ  քայլարշավ, որը կազմակերպել էին «Աուտիզմ ազգային հիմնադրամը»՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ եւ քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

 

Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և արտերկրից ժամանած հյուրեր:

 

«Աուտիզմը հիվանդություն չէ, դա ապրելակերպ է, հոգու տեսակ է։ Եթե մենք դա հասկանալով ջարդենք այն պատը, որը մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Ազատության հրապարակում, որտեղ ավարտվեց քայլարշավը, տեղի ունեցավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաների նկարների եւ այլ աշխատանքների բացօթյա ցուցահանդես, իսկ Ինգա եւ Անուշ Արշակյանները կատարեցին աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված մի երգ, որի երաժշտության հեղինակն է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

«Աուտիկ երեխաները կոչվում են Աստծո հրեշտակներ», – ասաց Ռիտա Սարգսյանը, իսկ հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով երգի բառերի հեղինակն է, ավելացրեց, որ երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Աստծո հրեշտակներ»։


«Աուտիզմ ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում շուտով կգործի վերանորոգված, կահավորված և միջազգային չափանիշներին համապատասխան նոր դպրոց, որն իր հյուրընկալ դռները կբացի աուտիզմով երեխաների առջև: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան»,- հաղորդեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Դիտարկվում են, սակայն չեն ապացուցվում հետևյալ վարկածները՝ խնդիրներ հղիության, ծննդաբերության ժամանակ, գենետիկական մուտացիաներ, արտաքին միջավայրի գործոններ, ժամանակակից կյանքի տեմպ և տեղեկատվական գերհագեցվածության յուրացման դժվարություն»,- պարզաբանեց  ԵԶՄԿ տնօրեն Նարինե Վարդանյանը:

 

 

«Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակությունում լիիրավ անդամ հանդիսանալու և նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելու մեջ է, ինչպես նաև այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացման մեջ»,- ասում է   ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը չի հաճախում դպրոց և յուրաքանչյուր երեք երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին: Այս ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակներն են ստեղծել ծառայությունների շարունակական շղթա երեխայի կյանքի ողջ ընթացքի համար, ապահովել բոլոր նախակրթարանների և ընդհանուր հանրակրթական դպրոցների հասանելիությունն ու ներառական կրթության տրամադրումը, ինչպես նաև կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը»:

 

***

 

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա մասին՝
2008թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրով՝ այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ աջակցելով նրանց լիարժեք և բովանդակալից կյանք վարելուն:

 

«Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»-ի մասին`
2012 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ» որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ խնամատարների և մասնագետների համար, իրագործել աուտիզմով ախտորոշված անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասին՝
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի և մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:

 

Դիտումների քանակը` 4648

Գլխավոր էջ