«Իմ քայլն ընդդեմ ընտանեկան բռնության»
Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց հասարակությանը:
Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։ Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2018 թվականի առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ կնոջ նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում գործել են նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունների թեժ գծերն ու գրանցել 1635 ահազանգ։
Սակայն, ընտանեկան բռնությունը քողարկված բնույթ ունեցող բռնության տեսակ է։ Այդ է պատճառը, որ բռնության այս տեսակի վերաբերյալ տեղեկություններն ու վիճակագրական ցուցանիշներն ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։ Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում ընտանեկան միջավայրում եւ դրսեւորվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, սեռական եւ տնտեսական ձեւերով: Ընտանեկան բռնության կանխարգելումը սկսվում է քեզանից եւ ինձնից, այնպես որ՝ ժամանակն է ջարդել լռությունն ու դադարեցնել բռնությունը։
Հոկտեմբերի 1-ի միջոցառումները կկայանան Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում։
Գյումրի․
13։00-ից Ռիժկովի ճեմափողոց
Սպիտակ․
13։00-ից կենտրոնական հրապարակ
Երևանում երթուղին հետևյալն է․
11։00-12։00 Ավան / Երևան Սիթիին հարող տարածքը/
12։30-13։30 Քանաքեռ / Վիվասելի գրասենյակին հարող տարածքը/
15։30-16։30 Զեյթուն /Երևան Սիթիին հարող տարածքը/
17։00-18։00 Էրեբունի / Երևան Սիթիին հարող տարածքը/
19։00 — «Ազատության» հրապարակում
/Մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի/
Դիտումների քանակը` 2005