Իմ հաջողությունների «օրորոցը» Հայաստանը եղավ

«Մոդելի մասնագիտությունը եղել է  իմ թաքուն  երազանքներից մեկը, սակայն  չէի կարծում, որ այն  իրականություն  կդառնա  իմ իրական  հայրենիքում»,- WomenNet-ի  հետ զրույցում ասում է   2012 թվականին Հալեպից գաղթած 24-ամյա Շաղիկ Ռասթգելենյանը, ով այսօր օգնության ձեռք է մեկնում ոչ միայն իր բախտակից սիրիահայ, այլև հայաստանաբնակ անապահով ընտանիքներին:

 

Ավերված ծննդավայրի ցավն ու սիրած տղայի մահը հարկադրեցին Շաղիկին մոր ու քույրերի հետ հեռանալ Սիրիայից: Երևանում  հաստատվելուց  հետո Շաղիկը որոշեց շարունակել կիսատ մնացած ուսումը, Եվրոպական  համալսարանի միջազգային  բիզնեսի բաժնում սովորելու հետ մեկտեղ մի որոշ ժամանակ աշխատեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունում, որից  հետո համագործակցելով «Ատեքս»  նորաձևության  կենտրոնի հետ ձեռք  բերեց  երկրորդ` մոդելի մասնագիտությունը: Բարձրահասակ և  գեղեցկատես  Շաղիկին մշտապես մոդելների առաջին շարքում տեսնելը ընդունվեց  միանշանակ, ուստի զարմանալի չէր, որ Իսպանիայի Ալիքանդե քաղաքում  անցկացվող մոդելների միջազգային  մրցույթում նրան վստահվեց Կովկասը ներկայացնելու ողջ պատասխանատվությունը:

Այս  տարվա  գարնանը Շաղիկի` Լիբանանում ապրող ընկերուհին` Ստեֆանի Սանոսյանը նրան առաջարկեց  համատեղ իրականացնել  «Live-love-word»  և  «Live-love-braslet»  միջազգային  ծրագրերը, որոնց  նպատակն էր համացանցով  / facebook,   instagram/ ներկայացնել որևէ երկրի պատմշակութային արժեքներն ու բնաշխարհը: Շաղիկի փոխանցմամբ ծրագրերը  կփորձեն նպաստել տուրիզմի զարգացմանը: Այսօր նա սիրիահայ մեկ այլ ընկերուհու` Սարի Բյուզանդյանի հետ սոցիալական ցանցով իրականացնում է «Live-love Armenia» /<Ապրիր, սիրիր Հայաստանը> / նախագիծը, որն արդեն 16 հազար  համակիր ունի: Ի դեպ, Հայաստանը մեկ  շաբաթ շարունակ  ներկայացվեց  նաև «Live-love-word»  միջազգային  ծրագրով:

 

Շաղիկ Ռասթգելենյանի ծրագրերում  ուրույն  տեղ ունի բարեգործական  նպատակով սիրիահայ  և  տեղացի  անապահով  ընտանիքներին  օգնելու որոշումն ու իրականացումը: Իր փոքրիկ  խմբի  միջոցով պատրաստած ապարանջաների  վաճառքից  ստացված ողջ գումարը տրամադրեցին  բրդի  վերամշակման  գործում  հմտացած սիրիահայ  մի  ընտանիքի, որի  անդամները բուրդը վերամշակելուց  հետո դրանից  գործեցին գլխարկներ և  շարֆեր: Ինչպես    պատմեց Շաղիկը, իրենք  նախապես որոշել էին, որ գլխարկներն ու շարֆերը վաճառքի  համար չեն, որ դրանք  նախատեսել են  նվիրել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան  սաներին: Այդպես էլ  վարվեցին:

 

Շաղիկի բարեգործական  ծրագիրն այսքանով  չի ավարտվում: Հետզհետե  ընդլայնվող խմբի  կամավորների հետ մեկտեղ Շաղիկը որոշել է իրականացնել որևէ դպրոցի  կամ  հնամյա ու անտեսված եկեղեցու վերանորոգման և մաքրման աշխատանքեր:

 

–         Եթե  մտածես,  շատ  բան  կա  անելու,  միայն  ցանկություն և կամք  դրսևորիր և սարն  էլ  կշարժես,-համոզված է Շաղիկը,-միայն թե  կարողանանք  բուհերի երիտասարդներին ներգրավել մեր նախագծերի մեջ՝ բացատրելով նրանց  կարևորությունն ու մարդասիրական նշանակությունը:

 

Շաղիկը  բազմիցս լսել ու կարդացել էր Հայաստանի մասին, միշտ երազել էր տեսնել իր հայրենիքը,  ու ճակատագիրը  գուցե   «դաժանորեն.,  բայց  իրականացրեց  նրա երազանքը:

 

–         Հիմա, երբ տեսնում, ապրում եմ Հայաստանում,  չեմ ուզում, որ որևէ  մեկ  հայ  լքի այն: Ուզում եմ, որ  բոլորն էլ հոգեհարազատ աշխատանք  գտնեն ու կապվեն  հայրենի հողին: Հարկավ, ես այս  հողից  ուժ ու զորություն եմ ստանում: Իմ  հաջողությունների «օրորոցը»  Հայաստանը եղավ,-հրաժեշտից առաջ ասաց Շաղիկը:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 3981

Գլխավոր էջ