Իզաբելա Յալյան. «Մրցակիցներն ուժեղ են, բայց նպատակս հաղթելն է»:
Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկանների հավաքականները մեկնել են Իսրայել, որտեղ Էյլաթ քաղաքում մասնակցելու են այդ տարիքային խմբերի Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությանը: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը, որից բավականին լուրջ ակնկալիքներ կան:
Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաքների օրերին Aravot-Eritasardakan-ը այցելել էր նրան: Զրույցը բավականին հետաքրքիր է ստացվել:
– Քանի՞ տարեկանից ես զբաղվում ծանրամարտով:
– Տասներկու տարեկանից: Հայրս էլ ծանրորդ է եղել: Նրա խորհրդով եղբորս հետ գնացել եմ մարզադահլիճ: Սկզբում մի քիչ դժվար էր: Բայց դրանից հետո մեծ հաճույքով եմ հաճախում մարզումներին:
– Մայրդ դեմ չէ՞ր:
– Սկզբում չգիտեր: Ստում էինք` ասելով, իբր գնում եմ եղբորս մարզումները նայելու: Բայց երբ դարձա Հայաստանի չեմպիոն եւ զգացի, որ կարող եմ նաեւ Եվրոպայի առաջնությանը մասնակցել, ասացի: Ճիշտ է, սկզբնական շրջանում վեճեր եղան: Մայրս ասում էր, թե կառուցվածքիս վրա կազդի եւ հետագայում խնդիրներ կարող են առաջանալ: Բայց զգաց, որ ձգտումս մեծ է, եւ ոչինչ ինձ խանգարել այլեւս չի կարող:
– Իսկ նա գալի՞ս է քո մրցումները դիտելու:
– Ոչ: Միայն տեսագրություններն է նայում:
– Ո՞րն է հաջողության գրավականը:
– Միշտ ավելիին հասնելու ձգտումը:
– Հավատո՞ւմ ես ներքին ձայնին:
– Հավատում եմ: Կանխազգացումներ էլ եմ ունենում: Բայց դրանք միշտ լավն են: Սիրտս հուշում է, որ հաղթելու եմ:
– Սպորտում կա՞ մեկը, որին ուզում ես նմանվել:
– Չեմ սիրում նմանվել: Ուզում եմ տարբերվել բոլորից:
– Քաշային կարգը պահպանելու համար հատուկ սննդակարգ կա: Դրա պահպանումը լարվածություն չի՞ առաջացնում: Նկատի ունեմ սիրելի սննդատեսակներից հրաժարվելը:
– Աշխատում եմ չհրաժարվել: Հատուկ սննդակարգ չկա: Կա լավ եւ վիտամիններով հարուստ սնունդ:
Ինչ– որ ժամանակ ստիպված ես լինելու մտածել ծանրամարտը թողնելու մասին: Զուգահեռ այլ մասնագիտության մասին մտածո՞ւմ ես:
– Առայժմ՝ ոչ: Սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Հնարավոր է` երկրորդ մասնագիտություն ընտրեմ կենսաբանությունը, որովհետեւ շատ եմ սիրում:
– Դասեր, մարզումներ, մրցումներ… համատեղել հասցնո՞ւմ ես:
– Դժվար է, բայց փորձում եմ:
– Ամենամեծ երազանքը:
– Օլիմպիական չեմպիոն դառնալը: Բայց այդ ճանապարհին շատ փորձություններ կան հաղթահարելու:
– Մեկնում ես Իսրայել: Ի՞նչ ես ակնկալում քո մրցելույթներից:
– Եվրոպայի 20 տարեկանների առաջնությունում ուժեղ մրցակիցներ են: Բայց նպատակս հաղթելն է: Ու դրա համար անելու եմ ինձնից կախված ամեն բան:
«Առավոտ» օրաթերթ
Դիտումների քանակը` 4953