Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով արգելվում են պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ոլորտի մասնագետները գնահատում են դրական և կարևորագույն քայլ, սակայն միևնույն ժամանակ  մտահոգություն հայտնում  հնարավոր ռիսկերի առումով: Այս թեմային էր նվիրված   «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումը:

 

Հիշեցնենք, որ  WomenNet.am –ը անդրադարձել էր հուլիսի 2-ին ՀՀ կառավարության կողմից  հավանության արժանացած այս նախագծի մանրամասներին, որի հիմնական գաղափարն է՝  օրենսդրորեն արգելել  պտղի սեռով պայմանավորված  հղիության ընդհատումը: Այժմ մասնագետները  քննարկում են  թե ինչ մեխանիզմներով  են  կյանքի կոչվելու առաջարկվող փոփոխությունները եւ ինչ ռիսկեր կան այս հարցում:

 

ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը  ներկայացնելով նախագիծը նշեց, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է հղիության արհեստական ընդհատմանը, վերախմբագրվել է և առաջարկվել է օրենքով ամրագրել մի շարք կարևոր դրույթներ: «Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը  կինը թեեւ կարող է իր ցանկությամբ ընդհատել իր հղիությունը, սակայն  այժմ  այդ քայլին դիմելու համար  գրավոր դիմում ներկայացնելու  պահանջ է դրված», –  ասաց Գայանե Ավագյանը՝ նշելով, որ այս օրինագիծն  ուղղված է ոչ միայն հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների նվազեցմանը, այլև ընդհանրապես աբորտներին:

 

«Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կնոջը ցույց տա, որ իր արգանդում զարգանում է մի էակ, որն արդեն իսկ ունի ապրելու իրավունք, ունի սրտի աշխատանք, ունի ձևավորված մարմնի մասեր: Նման բացատրությունը, իր ապագա երեխային տեսնելը  շատ- շատ  մայրերին  հղիությունը ընդհատելուց  հետ կպահի», –  հավելեց նա:

 

Նրա խոսքով , կնոջը տրամադրվում է 3 օրացույցային օր, որպեսզի կինը լրացուցիչ անգամ մտածի, խորհի իր ցանկության և որոշման մասին: Այդ ընթացքում բժիշկը պետք է անպայման կնոջը տրամադրի հոգեբանական, սոցիալական խորհրդատվություն և փորձի հասկանալ հղիության ընդհատմանը դիմելու պատճառները:   Պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը  ցանկացած ժամկետում արգելվում են, քանի որ ոչ միայն 12 շաբաթականում, այլ դրանից առաջ՝ 10-11 շաբաթականում  հնարավոր է որոշվի պտղի սեռը: Մինչ օրս նման արգելք   ՀՀ օրենսդրության մեջ բացակայում էր:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ վկայակոչելով  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կատարված հետազոտությունը նշեց, որ այս խնդիրը բազմաշերտ է, իսկ պատճառները գալիս են հասարկության մտածելակերպից: «Ուրախ եմ, որ այս երեք տարվա մեջ մենք կարողացանք հասնել մի իրավիճակի, երբ խնդիր ընկալվեց և որոշակի քայլեր կատարվեցին սեռի հատականիշով  պտղի նախածննդյան ընտրության  դեմ պայքարելու համար, որովհետև կան երկրներ, որտեղ այդ խնդիրը բացահայտելուց մինչև կոնկրետ քայլերի անցնելը պահանջվում է  15-20 տարի: Մեզ մոտ դա տևեց ընդամենը 3 տարի, ինչը ուրախալի փաստ է»,- ասաց  Հայրապետյանը:

 

Ինչպես ցույց են տալիս  հետազոտության արդյունքները՝ սեռերի անհամամասնությամբ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, Չինաստանից ու Ադրբեջանից հետո: «Մեզնից հետո Վրաստանն են ու Ալբանիան: Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով: 1993 -ից մինչ օրս Հայաստանում արդեն իսկ մոտ 50 հազար ավելի շատ տղա երեխաներ են  ծնվել, քան աղջիկներ: Ամուսնական շուկայում դա դեռեւս չի զգացվում, սակայն միտումը շարունակելու դեպքում  լուրջ ժողովրդագրական խնդիրների առաջ են կանգնելու », –  հիշեցրեց  Հայրապետյանը:

 

Նրա դիտարլմամբ միշտ չէ, որ  հղիությունն ընդհատելու որոշումը  կնոջն է պատկանում , այդ իսկ պատճառով  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ մշակվել են համապատասխան գերատեսչությունների համար նախատեսված ուղեցույցներ, որոնք թույլ կտան ապահովել տղամարդկանց ներգրավվածությունը խնդրի լուծման գործընթացում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն էլ իր հերթին նշեց, որ այս հարցում մեծ դեր ունի մարդկանց մտածելակերպը:  «Ինչու՞ են բոլորը այդքան ջանք գործադրում տղա երեխա ունենալու համար, մինչև անգամ պատրաստ են բազմաթիվ աղջիկ երեխաներով հղիություններից  ազատվել գոնե մեկ տղա ունենալու համար: Խնդիրը տղա երեխայի գերակայության մեջ է : Կարծում եմ,  այստեղ բազմակողմանի աշխատանքի կարիք կա և ավելի շատ կրթական ծրագրերի անհրաժեշտություն: Հույս ունեմ, որ պետությունը ինչ-որ ծրագրեր կձեռնարկի, միգուցե  բացի Առողջապահության նախարարությունից  ԿԳՆ-ն իր պատրաստակամությունը կհայտնի ինչ- որ քայլեր  ձեռնարկելու համար:  Բժիշկները պետք է իրազեկման, անգամ հոգեբանական աշխատանք տանեն»,- ընդգծեց Աղաբեկյանը:

 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանն  կարծում է, որ  անհրաժեշտ է զարգացնել բուժանձնակազմի էթիկայի կարողությունները, որպեսզի վերջիններս կարողանան իրազեկման աշխատանք տանել հղի կանանց եւ նրանց ընտանիքների հետ:  «էթիկայի մասով շատ անելիքներ կան բուժանձնակազմի հետ, թե պետական ծրագրում, թե աջակցության մեխանիզմներում: Առաջիկայում պետք է մասնագետների կարողությունների զարգացման աշխատանքներ տարվեն: Հիմքեր կան այս օրինագծով դրական փոփոխություններ ակնկալելու, բայց կան նաև վտանգներ: Ցանկացած առիթով հղիության արհեստական ընդհատումների ազատական օրենսդրությունը սահմանափակելը սովորաբար ռիսկեր է պարունակում:  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ խիստ սահմանափակումների դեպքում ընդհատումների թիվը չի պակասում` պակասում է միայն անվտանգ ընդհատումների թիվը: Իսկ ոչ անվտանգ աբորտները մայրական մահացության բարձրացմանը տանող ամենակարճ ճանապարհն է», – նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ  քանի դեռ օրինագիծը գտնվում է քննարկան փուլում, պետք է չէ բացառել, որ ռադիկալ փոփոխություններ կարող են առաջարկվել:

 

Գայանե Ավագյանը լավատես է այն առումով, որ վերջին տասը տարում ՀՀ-ում մայրական մահացություն չի գրանցվել հղիության արհեստական ընդհատումից, իսկ վիճակագրության համաձայն` 1990-ի համեմատ 3-4 անգամ նվազել է հղիության արհեստական ընդհատումների հաճախականությունը:

 

Նա հիշեցրեց, որ օրինագծի պահանջով բժիշկը պարտավորվելու է հղի կնոջ բժշկական փաստաթղթերում կատարել խորհրդատվության վերաբերյալ գրավոր վավերացում: Բացի այդ, օրինագիծը բացառելու է հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատման վերաբերյալ որոշման միանձնյա կայացումը բժշկի կողմից:

«Մանկաբարձ-գինեկելոգը միանձնյա որոշում չի կարող կայացնել: Նա ենթարկվելու է վերահսկողության իր վերադասների կողմից: Բացի այդ, առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչությունը անց է կացնելու օրենքի կիրարկման եւ գնահատման մոնիտորնիգ: Սրանք այն մեխանիզմներն են, որոնք կօգնեն նվազեցնել հնարավոր իրավախախտումները: Եթե բժիշկները չկատարեն օրենքով սահմանված գործողությունները, ապա նրանց նկատմամբ  վարչական մեծ տուգանքներ կկիրառվեն»,- ասել է Գայանե Ավագյանը՝ հիշեցնելով, որ նոր օրինագիծը չի սահմանափակում կնոջ՝ մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատման կնոջ իրավունքը, եթե դա պայմանավորված չէ պտղի սեռով:

«Մեր գործընկեր բժիշկները  բոլորը չեն, որ ունեն օրինազանց մարդու վարքագիծ: Հուսով եմ, որ նրանք կհարգեն օրենքի պահաջները և կփորձեն աշխատել օրենքի սահմաներում», –  հույս հայտնեց Ավագյանը:

 

Նա նաեւ  հավելեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները մշակել են 2 տարի տեւողությամբ ծրագիր, որը պարունակում է իրազեկվածության մակարադակի, հասարակությունում կնոջ դերի բարձրացմանն ուղղված բաղադրիչներ:

 

Հիշեցնենեք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումներով՝  եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռի հատկանիշով պայմանավորված աբորտները, ապա մինչև մինչև 2060 թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխարհ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ: Արդյունքում  մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 աղջիկ կամ ապագա մայր: Այդ կանխատեսումները հիմնված են  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված առնվազն երկու համապետական հետազոտությունների, խնդրի խորքային ուսումնասիրությունների և վիճագրական բոլոր հնարավոր տվյալների վերլուծության վրա:

 

Քննարկման ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ:

 

Կարդաեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանի չծնված աղջիկները…»

 

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք

Դիտումների քանակը` 5070

Գլխավոր էջ