Ի՞նչ չափով են ներառված գենդերային հիմնախնդիրները կուսակցությունների ծրագրերում:
Այս հարցով դիմեցինք գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանին, ով Ազգային ժողովի բոլոր գումարումների ընթացքում հետևել է խնդրին և համեմատելու եզրեր ունի նախորդ` 2007-ի ընտրությունների կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ:
– Կուսակցությունների գենդերային քաղաքականությունը մշտապես մեր ուշադրության ոլորտում է, քանի որ կուսակցությունները կանանց քաղաքականության մեջ ներգրավման ամենակարճ և արդյունավետ ուղի են հանդիսանում: Այդ տեսանկյունից կարևոր են ոչ միայն ծրագրային դրույթները, այլ որքանով է գենդերային գործոնը ընդգրկված կուսակցությունների բարոյաարժեքային համակարգում (կուսակցության ավանդույթներ, արժեքներ, իդեալներ, համոզմունքներ), կուսակցական գործիչների քաղաքական վարքի տիպերում, ձևերում, ոճում, նրանց հրապարակային ելույթներում, ընտրությունների ընթացքում համամասնական ցուցակներում… Իհարկե, ուսումնասիրության առարկա են դառնում նաև կուսակցությունների ծրագրերը, այդ թվում նաև նախընտրական:
Այսպես, 2007 թ. ընտրությունների ընթացքում մոտ մեկ տասնյակ կուսակցությունների ծրագրերի ուսումնասիրությունը ի հայտ էր բերել հետևյալ հանգամանքները. նրանցում արտահայտված էին մոր և մանկան խնամքի, կանանց վերարտադրողական դերի, աշխատող մայրերի արտոնություններ տալու հարցերը: Այսինքն, որպես կանոն, կանանց օրակարգը սահմանափակվում էր ընտանիքով: Ճիշտ է որոշ կուսակցությունների ծրագրերում խոսվում էր նաև կանանց իրավունքների պաշտպանության, աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտության մասին, բայց կուսակցությունների մեծ մասում գենդերային հավասարության խնդրի խորքային ըմբռնումը բացակայում էր:
Այդ տեսանկյունից շահեկանորեն տարբերվում էր ՀՅԴ նախընտրական ծրագիրը, ուր առանձին բաժին կար` “Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը”, որում խոսվում էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերման, խտրականության վերացման օրենսդրական երաշխիքների անհրաժեշտության մասին: Որպես միջոցներ նշվում էին. աշխատանքի շուկայում կանանց մրցունակության բարձրացման և ընտանեկան պարտականությունների համատեղման մեխանիզմների ստեղծմանը նվիրված ծրագրերի ներդրումը, քվոտավորման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը կանանց քաղաքական իրավունքների իրականացման համար և այլն: Կարծում եմ, ՀՅԴ մոտեցման վրա էականորեն ազեցություն էր ունեցել Սոցինտեռնի դիրքորոշումը:
Իսկ այս անգամ ինչպիսի՞ փոփոխություններ էր նկատել կուսակցությունների ծրագրերում:
– Վերջերս ձեռքս ընկավ` “Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2012 թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններ” ընտրողի ուղեցույցը: Սկսեցի թերթել, նույնիսկ ուրախացա և հաճելիորեն զարմացա: Օրինակ, Հանրապետական կուսակցությունը՝ հետազոտողների կողմից առաջարկված հարցաթերթիկը լրացնելիս շատ հարուստ գենդերային ծրագիր էր ներկայացրել: Մյուսները ավելի համեստ, բայց այնուամենայնիվ, դարձյալ ինչ-որ բաներ նախատեսել էին: Աչքերիս չէի հավատում: Դժբախտաբար էյֆորիան կարճ տևեց:
Ոգևորությունս անհայտացավ, երբ բացեցի որոշ կուսակցությունների նախընտրական ծրագրերի տեքստերը: Պարզվեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագրի տեքստում գենդերային մոտեցումը բացակայում է: “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ծրագրում ունի մի բաժին ` բարեկեցիկ ընտանիք- հզոր պետություն”, որտեղ նշվում է, որ “ընտանիքը և մայրությունը պետք է գտնվեն պետության մշտական հոգածության և պաշտպանության ներքո”: Ընտանիքին և մայրությանը վերաբերվող դրույթներ կան նաև այլ կուսակցությունների ծրագրերում, օրինակ` ՀՅԴ-ի:
Միթե՞ դա ողջունելի չէ, որ կուսակցությունները մտահոգվում են մայրության խնդիրներով:
– Իհարկե դա լավ է, որ կուսակցությունները գտնում են ՝ կինը որպես մայր պետք է պաշտպանված լինի: Բայց հիմա ես հարց տամ: Իսկ արդյո՞ք կինը պաշտպանված է որպես քաղաքացի, որպես մասնագետ, պրոֆեսիոնալ, արդյո՞ք պետք չէ օգնել կանանց ընտանիքն ու կարիերան համատեղելու հարցում:
Օրինակ , ինչու՞ մեր հանրապետությունում չկան ծրագրեր, որոնք մայրացած կանանց օգնում են արագ վերապատրաստման միջոցով վերադառնալ մասնագիտական ոլորտ: Ինչու՞ մեր խորհրդարանում , մյուս երկրների օրինակով, չկա մանկան սենյակ մայրացած պատգամավորների համար: Այդ ինչուները այնքան շատ են, որ կարելի է անվերջ թվարկել: Եվ հենց այդ ինչուների առկայությունն է ստիպում մտածել, որ գենդերային հավասարության հարցերին մեզանում դեռ լուրջ չեն վերաբերվում, եթե ավելի կոպիտ չասենք, որ իմիտացիա են անում: Եվ հենց այդ պատճառով է, որ գենդերային մոտեցումները իրականում տեղ չեն գտնում կուսակցությունների ծրագրերում:
Թվում էր, որ այս հարցերի գիտակցումը պետական մակարդակով առկա է, բոլորովին վերջերս Կառավարությունը Ազգային Ժողով էր ներկայացրել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը»…
– Անշուշտ վերջին տարիների ընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել հանրապետության գենդերային քաղաքականության ոլորտում: Հայաստանի Կառավարությունը ընդունեց ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգը, այնուհետև հաստատեց դրա հետ կապված ռազմավարական ծրագիրը, որտեղ նշվում է, որ պետք է ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունը օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում:
Կարծես թե առաջընթացը ակնառու է, սակայն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին և 30% -ի փոխարեն հաստատվեց նվազագույն 20% գենդերային քվոտան: Այնուհետև ԱԺում քննարկվեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի կառավարության նախագիծը, որը չգիտես ինչու կրճատվեց, զրկվելով դրանում նախատեսված կարևոր մեխանիզմներից: Ուրեմն մի կողմից կարևոր որոշումներ, հանրապետության առաջին դեմքերի ոգեշնչող հայտարարությունները, մյուս կողմից համամասնական ցուցակները կազմելիս դարձյալ հնչում են դժգոհություններ, որ գենդերային քվոտան արհեստական միջոց է…
Անգամ այն կուսակցությունները, որոնց կազմում 40-50 տոկոսը կանայք են, հայտարարում են, որ պետք չէ արհեստականորեն արագացնել գործընթացը, քանի որ բավականաչափ պատրաստված կին կադրեր չկան..
Վերջերս քաղաքական գործիչներից մեկը մի համեմատություն արեց, իբր քաղաքականության մեջ քվոտա պահանջելը նույն է, ինչ քվոտավորել սիմֆոնիկ նվագախումբը, որում երաժիշտները ընդգրկվում են ըստ իրենց նվագելու կարողության և ոչ թե սեռի: Կարծում եմ, նման համեմատությունները խնդիրը նենգափոխելու միտում ունեն: Մի կողմ դնենք այն փաստը, որ թեև հայրենի քաղաքական գործիչների մի ստվար զանգված ամենևին էլ «վիրտուոզներ» չեն, սակայն նրանցից որևէ մեկի մասնակցության հարցը չի վիճարկում: Նշենք միայն, որ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, իսկ դա նշանակում է, նախ, որ պատգամավորների համար ամենևին էլ պարտադիր չէ քաղաքագետ կամ իրավաբան լինել, մանավանդ, որ այդ բացը կարելի է լրացնել փորձագետների և օգնականների միջոցով: Եվ երկրորդը, եթե կանայք, որոնք կազմում են բնակչության կեսը, պատշաճ ձևով ներկայացված չեն ԱԺ-ում, ապա այդ փաստը կասկածի տակ է դնում խորհրդարանի լեգիտիմությունը: Այս առումով դժվար թե կարողանա կարգին նվագել այն նվագախումբը, որում բացակայում է գործիքների ուղիղ կեսը …
Զրուցեց Թագուհի Հովհաննիսյանը
Դիտումների քանակը` 4385