Ի՞նչ երազանքներ ունեն մեր աղջիկները

WomenNet.am-ի զրուցակիցներն են   Երևանի 115-րդ դպրոցի աշակերտուհիները…

 

Լուսինե Բաբաջանյան,13 տարեկան.

–         Երբ դպրոցում բադմինթոնի խմբակ բացեցին, մայրիկիս խորհրդով սկսեցի հաճախել, հետո էլ շատ սիրեցի այս մարզաձևը, տարբեր մրցումների,  առաջնությունների եմ մասնակցել, ունեմ մրցանակներ, որոշել եմ սպորտով շարունակել հետագայում:

Թագուհի Թագվորյան, 14 տարեկան .

–         Փոքր տարիքից երգի եմ հաճախում, սիրում եմ նաև պարել: «Ծիածան» համույթում եմ հանդես եկել, տարբեր հյուրախաղերի ենք մեկնել: Երազում եմ երգչուհի դառնալ կամ դերասանուհի: Ինձ հայաստանյան բեմում եմ տեսնում:

Ջուլիետա Հակոբյան, 15 տարեկան.

–         Ուզում եմ ոստիկան դառնալ, հայրիկիս պես, տանը ուրախ են իմ որոշման համար: Անպայման ուզում եմ ոստիկանական ակադեմիա ընդունվել: Հեծանիվ վարել շատ եմ սիրում, թեթև ատլետիկայով էլ եմ զբաղվում, բադմինթոնի նույնպես հաճախում եմ, սպորտ շատ եմ սիրում:

Մարիամ Տաբատաձե, 14 տարեկան.

–         Մի քանի տարի առաջ ամենից շատ ուզում էի մոդել դառնալ, ինձ շատ էր դուր գալիս, երբ բեմում քայլում էին աղջիկները, գեղեցիկ զգեստներ ցուցադրում, իսկ հիմա միտքս փոխել եմ, ուզում եմ տնտեսագետ դառնալ, գուցե բանկում աշխատեմ, ուզում եմ արտերկրում սովորել, լավ կրթություն ստանալ:

Անի Խաչատրյան, 15 տարեկան.

–         Երբ շատ էի փոքր, եղբայրս նետաձգության էր գնում, ես էլ նայում էի նրան ու երազում` շուտ մեծանալ: 9 տարեկանից սկսեցի հաճախել նետաձգության, Հայաստանի առաջնությունում երկրորդ տեղն եմ գրավել, տարբեր առաջնությունների էլ եմ մասնակցել, մրցանակներ ունեմ: Դեռ չեմ որոշել` ինչ եմ դառնալու:

Վարդ Իսրայելյան, 15 տարեկան.

–         Ես պարի ուսուցչուհի եմ ուզում դառնալ ու անպայման իմ խմբակն եմ ունենալու, երեխաներին պար եմ սովորեցնելու: Ուզում եմ մանկավարժական համալսարան ընդունվել ու պարի գործն ուսումնասիրել:

Մելինե Նիկողոսյան, 15 տարեկան.

–         Երաժշտական դպրոց եմ հաճախում, դաշնամուր եմ նվագում, նաև երգում եմ համույթում, բայց ապագայում ինձ դիվանագիտական աշխատանք կատարելիս եմ պատկերացնում, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ եմ ուզում ընդունվել, լեզուներ եմ շատ սիրում, ուզում եմ, որ մեր երկրի համար լավ գործ անեմ, որ այն լավը լինի, բարգավաճի:

Լիլիթ Մանուկյան, 15 տարեկան.

–         Ամենից շատ ֆրանսերեն լեզուն եմ սիրում, Ֆրանկոֆոնիայի օրերին եմ մասնակցել, ֆրանսերենի տարբեր օլիմպիադաների: Ուզում եմ անպայման սովորել Սորբոնի համալսարանում, դիվանագետ դառնալ ու դեսպանատանն աշխատել:

Մերի Գալստյան, 12 տարեկան.

–         Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ձեռքի աշխատանքներ պատրաստելն է: Տարբեր իրերից, խխունջներից զարդեր եմ պատրաստում` թևնոց, ապարանջան, նաև գործել եմ սիրում` շյուղերով կամ միայն ձեռքի մատներով. շարֆեր եմ գործում: Դեռ չեմ որոշել` ի՛նչ եմ ուզում դառնալ, բայց անչափ շատ եմ ուզում ԱՄՆ-ում և Անգլիայում լինել, տեսնել այդ երկրները, նաև գնումներ կատարել…

Էմմա Գրիգորյան, 17 տարեկան.

–         Ես «Պատանի երկրապահ» ակումբ եմ հաճախում, աղջիկների վաշտից եմ: Զինվորական գործ շատ եմ սիրում, շատ լավ քանդում և հավաքում եմ ինքնաձիգը: Ոչ մի տեղ չեմ ուզում մեկնել, ուզում եմ մնալ ու ապրել իմ երկրում ու ապագաս էլ հենց Հայաստանում եմ պատկերացնում: Ես կուզեի, որ աղջիկներն էլ բանակ գնան: Երբ կարդում ես «Սասան ծռեր» էպոսը, այնտեղ շատ քաջ կանանց օրինակներ ես տեսնում, ովքեր պաշտպանել են իրենց տունը: Աշակերտական խորհրդի նախագահն եմ եղել դպրոցում, բայց հիմա չեմ հասցնում, քրտնաջան պարապում եմ, ուզում եմ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ ընդունվել: Ապագայում որպես դասախոս եմ ինձ տեսնում:

Գայանե Էվոյան, 13 տարեկան

–         Դաշնամուր եմ սիրում նվագել, գրքեր ընթերցել ու նաև ֆիլմեր դիտել: Ուզում եմ հոգեբան դառնալ, հասկանալ մարդկանց, օգնել նրանց, որ մի քիչ ավելի թեթև ապրեն, հոգսեր քիչ ունենան:

Ագնեսա Ադիլխանյան, 13 տարեկան

–         Լողի եմ հաճախում, պարի, ուզում եմ հաշվապահ դառնալ, որ շատ գումար վաստակեմ ու իրականացնեմ իմ մեծ երազանքը. Ուզում եմ լինել Կորեայում, ֆիլմեր շատ եմ դիտում, ու այդ երկիրը ինձ շատ է գրավում:

Էլմիրա Գուլքանյան, 13 տարեկան

–         Քիմիա, կենսաբանություն առարկաներն եմ նախընտրում, ճիշտ է` շատ լավ չի ստացվում ինձ մոտ, բայց միևնույնն է` հետաքրքիր է ինձ համար, հատկապես որ անպայման որոշել եմ մանկաբույժ եմ դառնալ, օգնել բոլոր երեխաներին, որ առողջ լինեն: Չեմ ուզում, որ մարդիկ մեր երկրից գնան, եթե ամեն մեկս մի քիչ լավ գործ անենք, շատ լավը կդառնա մեր հայրենիքը: Ես Բերդավանից եմ, մի քանի տարի է, որ տեղափոխվել ենք Երևան, եղբայրս էլ հիմա բանակում է ծառայում: Շատ եմ ուզում, որ խաղաղ լինի, զինվորներն առողջ տուն գան, իմ հայրենիքում էլ մարդիկ հանգիստ ապրեն:

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

 

Դիտումների քանակը` 4148

Գլխավոր էջ