Ի՞նչ բիզնես ունեն հայ կանայք

 Կայացավ   «Լավագույն կին գործարար» 2016 մրցանակաբաշխությունը

Երևանում այսօր տեղի ունեցավ  ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016 թվականի մրցանակաբաշխությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից:

 

Մրցանակաբաշխությունում ընտրվեցին լավագույն գործարար կանայք Երևանից և մարզերից:

 

Մրցանակաները հանձնվեցին  6 անվանակարգերում՝ «Լավագույն կին գործատու»,  «Լավագույն կին նորարար»,  «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար»,  «Լավագույն սկսնակ կին գործարար», «Լավագույն արտահանող կին գործարար»:

 

ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակներ հանձնեց  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Իսկ մինչ այդ նա նախ շնորհավորեց մրցանակակիրներին և նշեց, որ մրցանակաբաշխության անցած չորս տարիների ընթացքում Երևանի և մարզերի կին գործարարներից 45-ն արժանացել են ՀՀ վարչապետի մրցանակի, 53-ին՝ շնորհվել են խրախուսական մրցանակներ և նվերներ: «Վստահ եմ, որ այս տարի ևս պարգևների են արժանանում լավագույն կին գործարարները: Հուսով եմ, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա թե ձեր գործունեության հետագա զարգացման, թե նոր նախաձեռնությունների մտահղացման և իրականացման համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

 

Նշենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:

«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Աննա Արուտչյանը («Ստարլեթ» ՍՊԸ, Երևան) և  Անահիտ Մուրադյանը (ԱՁ/Շիրակի մարզ, Գյումրի, գործունեության ոլորտը խմորեղենի արտադրություն): Հաղթողները պարգևատրվեցին վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

 

«Լավագույն կին նորարար» մրցանակը ստացան Հասմիկ Սահակյանը (Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ, գործունեության ոլորտը  Խորհրդատվական ծառայություն) և Արմենուհի Հայրապետյանը (Սյունիքի մարզ, Գորիս, գործունեությունը՝  հյուրանոցառեստորանային համալիր):

 

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել  Սաթիկ Աչիկյանը («ՍԱԹԵՆԻԿ» հրուշակեղեն) և Թամարա Մատինյանը («Համով Խորտիկ» ընկերություն, Լոռի,  Ստեփանավան):

«Lավագույն երիտասարդ կին գործարար» ամվականակարգում մրցանակը շնորհվեց Քրիստինե Գրիգորյանին («Կվիստի» ՍՊԸ, hագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն) և Հայարփի Սարդարյանին (Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ, գործունեության ոլորտը ջերմոցային տնտեսություն) :

 

«Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեցին Տաթև Հարությունյանը («Թելի» ՍՊԸ-ը, իրականացնում է աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն) և Լյուդա Բալյանը Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ քաղաքից: Տիկին Բալյանը զբաղվում է  8 տեսակի պանրի արտադրությամբ:

 

Հաջորդ՝ «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակի արժանացան Անահիտ Մարկոսյանը («ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ, զբաղվում է բնական կոսմետիկ միջոցների արտադրությամբ) և  Գայանե Ղազարյանը, ով Արագածոտնի մարզի Աղձք գյուղում զբաղվում է չրերի արտադրությամբ: Նշենք, որ «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգով մրցանակներն  այս տարի շնորհվեցին առաջին անգամ:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ մրցանակ հանձնեց նաև նախարար Արծվիկ Մինասյանը: Մրցանակին արժանացավ
Քրիստինե Հովհաննիսյանը Սևանից: Նա զբաղվում է հարսանյաց և գեղեցկության սրահների ձևավորմամբ, ինչպես նաև՝ այլ դիզայներական ծառայություններով: Քրիստինե Հովհաննիսյանին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանձնեց հայկական պլանշետ՝  Armtab:
Նշենք նաև, որ մի շարք կազմակերպություններից կողմից ևս խրախուսական մրցանակներ հանձնվեցին գործարար կանանց: Մասնավորապես, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP)ծրագիրը, ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն»  ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Technology And Science Dynamics ընկերությունը` Արմթաբ և Արմֆոն ապրանքանիշով:

 

Սիրիահայ Զարմինե Խլոյանը ծնվել և մեծացել է Հալեպում, սակայն Սիրիայում տեղի ունեցող ռազմական բախումներից հետո 2012թ-ին ընտանիքի՝ ամուսնու և երկու դուստրերի հետ տեղափոխվել է Հայաստան: Այս տարի կորցրել է ամուսնուն և ընտանիքի հոգսն ամբողջովին ծանրացել է Զարինեի ուսերին: Յոթ ամիս առաջ ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ է  վերցրել և հիմնել սեփական բիզնեսը: Զարինեն բացել է սննդի օբյեկտ, որտեղ հիմնականում պատրաստում է հայկական և սիրիական ճաշատեսակներ:

 

«Այն շատ մեծ չէ, աշխատում եմ երկու աղջիկներիս հետ: Ամեն ինչ անում եմ, որ բիզնեսս զարգացնեմ: Վերջին ամիսներին ավելի մեծ հաջողություններ ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր ջանքերը ներդնելու է, որպեսզի այդ փոքրիկ բիստրոն ընդլայնի:

 

Տիկին Զարինեն այսօր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան  գրասենյակի (UNHCR) կողմից արժանացավ խրախուսական մրցանակի:

 

Սուզի Թահան Պետրոսյանը, ում նույնպես խրախուսական մրցանակ տվեց UNHCR-ը, զբաղվում է բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և նմանատիպ այլ իրերի պատրաստմամբ, կարի պարագաների վաճառքով: WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստան է եկել 3,5 տարի առաջ Հալեպից: Սկզբնական շրջանում աշխատել է բարեկամների մոտ, որոնք նույնպես զբաղվել են բիժուտերիայի պատրաստմամբ և վաճառքով: «Առաջին տարին ես և ամուսինս աշխատեցինք իրենց խանութում, հետո երկրորդ խանութը բացեցին և մեզ  առաջարկեցին այն ղեկավարել: Հիմա ես և ամուսինս զբաղվում ենք այդ գործով»,- նշեց Սյուզի Թահան՝ հավելելով, որ բիզնեսը զարգացնելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ են վերցրել:

 

Տիկին Սուզին որոշել է՝  հայրենիքից չի հեռանալու, քանի որ երեխաների ապագան միայն Հայաստանում է տեսնում : «Աղջիկս սովորում է Բժշկական քոլեջում, տղաս՝ ավագ դպրոցում: Եթե գործը լավ լինի, այստեղ հեշտ է ապրելը: Ինտեգրվել ենք, լավ ենք մեզ զգում, միայն ֆինանսական հարցերն են, որից մի քիչ նեղվում ենք»,- ասաց սիրիահայ Սուզի Թահան:

 

Չնայած նրան, որ ապրում են վարձով, խանութը նույնպես վարձակալել են, բայց հետ չեն վերադառնալու. «Այն տպավորությունն է , որ երեխաներս այստեղ են ծնվել, ունեն իրենց շրջապատը,  իրենց այստեղ լավ են զգում : Վերջնական որոշել ենք ՝ Հայաստանից ոչ մի տեղ չենք գնալու» :

 

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգի հաղթող Սաթիկ Աչիկյանը 2011թ-ից զբաղվում է խմորեղենի արտադրությամբ: «Սկզբից օրական երկու հատ գաթա էի թխում, իսկ հիմա օրական թխում ենք 400 հատ գաթա: Այս ամենին հասել եմ մայրիկիս և ամուսնուս օգնությամբ: Այսօր արդեն հասել ենք մեծ հաջողությունների, ունենք մեծ արտադրամաս»,- նշեց տիկին Սաթիկը:

Նրա ղեկավարած արտադրամասում աշխատում է  7 հոգի, արտադրանքը հիմնականում իրացվում է Երևանի սուպերմարկետներում:

 

Սաթիկ Աչիկյանը մտադիր է ավելացնել արտադրության ծավալներն ու ընդլայնել շուկաները: «Երբ քեզ աջակցում է ընտանիքդ և ունես լավ գործընկերներ, ապա հաջողությունների կհասնես»,- նշեց նա:


ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) խրախուսական մրցանակին էլ արժանացավ Ռուզան Մելիքբեկյանը: Նա ապրում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Զբաղվում է խմորեղենի արտադրությամբ:

 

«Երկու տարի առաջ որոշեցի սեփական բիզնես հիմնել: ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ վերցրեցի ու սկսեցի նպատակս իրականություն դարձնել:  Ունեմ երկու աշխատող, այսօր Իջևանի, Նոյեմբերյանի բնակիչներին ապահովում ենք համեղ խմորեղենով»,-ասաց Ռուզան Մելիքբեկյանը:

 

Նրա խոսքերով՝ իրեն աջակցում է ամուսինը, ով փորձում է բոլոր պատվերները ժամանակին հասցնել պատվիրատուներին:

 

«Իհարկե դժվարություններ կան, մարդիկ հնարավորություն չունեն, բայց եթե պետք է, ապա նախընտրում են տնական խմորեղեն»,- ասաց նա:

 

Նշենք, որ մրցանակի արժանացած կանայք գործունեություն են իրականացնում ինչպես սպասարկման, այնպես էլ արտադրության ոլորտներում: Նրանց շուրջ կեսն աշխատում է Հայաստանի մարզերում:

Դիտումների քանակը` 4014

Գլխավոր էջ