Ի՞նչն է ուրախացնում քաղաքապետին և ինչքա՞ն կտևի այդ ուրախությունը

 

«Ինձ  ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև», – ասված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձում, որով նա կասեցնում է որոշումը հանրային տրանսպորտի  ուղեվարձը 150 դրամ դարձնելու վերաբերյալ:

 

Ուղերձում ,մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտևի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»…

 

«Վճարում ենք 100 դրամ» շարժումը պատասխանել է Տարոն Մարգարյանի ուղերձին, որում, մասնավորրապես նշված է .

 

«Ձեր հայտարարությունը որևէ կերպ փաստարկված չէ տնտեսագիտորեն և կրում է զուտ հռետորական բնույթ:

 

Չնայած հանրային տրանսպորտի որակի և անվտանգության համար պատասխանատուն քաղաքապետարանն է, սակայն այս պահին գործող քաղաքապետարանը չունի բավարար ներուժ, կարողություն և գիտելիք այս խնդիրը հանրային շահի տեսակետից լուծելու համար։

 

Եթե անկարող եք քաղաքացիների պահանջը բավարարել, կամ հրաժարվեք տրանսպորտի ոլորտի պատասխանատուն լինելուց, կամ հեռացեք քաղաքապետի պաշտոնից:

 

Կարծում ենք, որ քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել և 100 դրամ ուղեվարձով երթուղիներ ձևավորել՝ առանց գծատերերի և քաղաքապետարանի միջամտության, ինչի ականատեսը եղանք բոլորս վերջին մի քանի օրերի ընթացքում:

 

Քաղաքապետարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր պաշտպանում են հանրային շահը և պատրաստ են ամբողջ տրանսպորտային ցանցը վերցնել քաղաքապետարանի պատասխանատվության տակ՝ վերացնելով գծատերերի՝ վարորդներին շահագործող և գերշահույթով աշխատող ինստիտուտը»:

 

 

Դիտումների քանակը` 4091

Գլխավոր էջ