Ժիրինովսկուն ուզում են պատասխանատվության կանչել
Ռուսաստանի Պետդումայում ապրիլի 18-ին տեղի ունեցած սկանդալը դեռևս անհետևանք է մնացել Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու համար, ով վիրավորել և նվաստացրել էր «Россия сегодня»-ի լրագրողուհուն՝ հաշվի չառնելով անգամ նրա հղի լինելու փաստը:
Նրան հունից է հանել լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր):
Ռուսատանի լրատվամիջոցները հայտնել են, որ երեկ Վլադիմիր Սոլովյեվի հաղորդման ժամանակ սկանդալայւն գործիչը ներողություն է խնդրել լրագրողուհուց՝ ասելով, որ մի փոքր կոպիտ է խոսելու երիտասարդ աղջկա հետ եւ չի նկատել, որ նա հղի է: «Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին նեղացրել եմ: Մեծ հասակը պետք է իմաստությամբ ծածկի ցանկացած էմոցիաներ: Մենք միշտ պետք է կարողանանք զսպել դրանք, որ մարդիկ չնեղանան մեզանից»,- ասել է նա:
«Россия сегодня»-ի լրագրող Ստելլա Դուբովիցկայան միջադեպից հետո հիվանդանոց է ընկել, իսկ գործակալությունը պահանջում է պատասխանատվության կանչել Ժիրինովսկուն պատգամավորին անվայել վարքագծի համար և պատրաստվում է դատի տալ նրան:
Հայտնի է դարձել, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրահանգով ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը կքննի Ժիրինովսկիի մասնակցությամբ միջադեպը:
Իսկ միջադեպի մյուս մասնակից Интерфакс-ի թղթակից Յուլիա Չուչալովան, ով ՝ Ժիրինովսկիին ամոթանք էր տվել և նման վարքի համար նախատել, գումարային պարգևի է արժանացել իր գործակալության կողմից; Ժիրինովսկին, ի դեպ, նրան էլ էր վիրավորել և սպառնացել հանել գործից:
Միջադեպի մանրամասները տեսանյութում.
Հ.Գ. «Մի փոքր կոպիտ խոսեցի երիտասարդ աղջկա հետ»… Միթե՞ դա է այս առավել քան տգեղ պատմության էությունը… Իրականում սկանդալային գործիչը վիրավորել է ոչ միայն կոնկրետ լրագրողներին, այլ ընդհանրապես կանանց՝ կապելով նրանց քաղաքական ակտիվությունը սեքսուալ անբավարարվածության հետ: Կին քաղաքական գործիչներին վարկաբեկող ու ծեծված մի թեզ , որ չնկատվեց եւ չառարկվեց ոչ մեկի կողմից, այդ թվում լրագրողների, կարծես թե, դա քաղաքականության մեջ կնոջ միակ եւ ճշմարտացի ընկալումն է …Բոլոր դեպքերում ցավալի է, որ հասարակությունը եւ կանայք՝ անկախ նրանից ում է հասցեագրված վիրավորանքը, կուլ են տալիս նման խայծերը՝ չմտածելով դրանց հետեւանքների մասին… Հետաքրքիր է նաեւ, ինչու՞ տղամարդիկ երբեք չեն պիտակավորում նման ձեւով իրենց քաղաքական հակառակորդներին…
Դիտումների քանակը` 4496