Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost
Ամերիկյան «Huffingtonpost» պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Իսլամական պետության կողմից եզդի կանանց սեռական ստրկության մատնելու հիմնախնդրին:
Ըստ հոդվածագրի` միջազգային հանրության այն հատվածը, ով իրեն համարում է զարգացած աշխարհի ներկայացուցիչ, երբեք արժանի ուշադրություն չի ցուցաբերում այնպիսի ողբերգական ու անմարդկային իրադարձություններին, ինչպիսին եզդի կանանց ստրկացումն է: Թեև Արևմտյան մամուլը հեղեղված է թեմային առնչվող հրապարակումներով և փաստերի ներկայացմամբ, այնուամենայնիվ, մարդիկ սովորաբար մտածում են, թե կատարվողը ոչ միայն շատ հեռու է իրենցից, այլև իրենց չի վերաբերում:
Հոդվածագիրը մատնանշում է «The New York Times»-ի «Բռնաբարության տեսություն» վերտառությամբ հոդվածը, որը թեև ցնցել է համացանցը, սակայն անկարող է շարժել մարդկանց անտարբերությունը, քանզի մարդկանց միշտ դուր է եկել ամենասոսկալին հեշտությամբ մոռանալու կարողությունը:
«Անցյալ դարի պատմությունն իրենից ներկայացնում է անմարդկային չարագործությունների շարան, և այդ հանցագործություններից ոչ մեկը չի կատարվել դրա մասին ինֆորմացիայի կամ փաստերի բացակայության կամ սակավության պայմաններում: Մենք ձևացնում ենք, թե դա մեզ անհանգստացնում է, բայց իրականում այդպես չէ, և դրա ապացույցն է եզդի կանանց դատապարտումը սեռական ստրկության: Թույլ տվեք բերել ընդամենը 2 օրինակ, որոնք ապացուցում են մարդկային անտարբերությունը. 1890-ականներին Օսմանյան կայսրությունում մեծ կոտորած սկսվեց. Աբդուլ Համիդ 2-րդի իշխանության ներքո տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին շուրջ 3 տարվա ընթացքում: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր և բավականին լավ տեղեկացված էր կատարվողի մասին:
Սեփական աղբյուրների և անգլիական թերթերի տեղեկությունների հիման վրա գերմանական մամուլը հրապարակեց սարսափելի պատմություններ հայկական արհավիրքի մասին, որոնց նկարագրությունները անգամ 100 տարի անց ընթերցողի վրա ծանր տպավորություն են թողնում: Եվ այնուամենայնիվ, դրանք չկարողացան առաջ բերել գերմանական կառավարության և հասարակության սպասվող արձագանքը:
Կառավարական թերթերը նման բովանդակությամբ հոդվածները որակեցին որպես անգլիական քարոզչություն և կամ տեղի ունեցողի չափազանցված նկարագրություն: Որոշ քննադատական թերթեր փակվեցին, մյուսները ընդհատակ անցան, և հայկական ջարդերի թեման գերմանական մամուլում անցավ հետնաբեմ: Սակայն պետք չէ շատ խիստ դատել Գերմանիային, քանի որ մնացած մեծ տերություները ևս ոչինչ չարեցին հայերին օգնելու համար: Իսկ մինչ հայոց ցեղասպանությունը տեղի կունենար 20 տարի անց, մեկ այլ թերթ, որը հայտնի էր որպես Գերմանիայում քաղաքական կաթոլիցիզմի խոսնակ, ավելի առաջ գնաց`արդարացնելով հայերի կոտորածի նկատմամբ պետության և հասարակության անտարբերությունը:
Թերթն առաջ մղեց այն տեսակետը, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները շաը քիչ են, այսինքն`քանի որ Թուրքիայում զոհվող մարդիկ իրական քրիստոնյաներ չեն, գերմանական հասարակությունը կարիք չունի լրջորեն անհանգստանալու նրանց համար»,-գրում է պարբերականը:
Մյուս օրինակը, որը բերում է հոդվածագիրը, դա հրեական Հոլոքոստն է, որի նկատմամբ ժամանակին ամերիկյան մամուլը պատշաճ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հոդվածում հղում է կատարվում Մայքլ Ֆլեմինգի ուսումնասիրությանը, համաձայն որի` Օսվենցիումի մասին տեղեկություններ պատշաճ կերպով հայտնի են եղել դաշնակից երկրների քաղաքական ղեկավարությանը, մինչդեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել դադարեցնելու հրեաների ոչնչացումը:
«Շատ ավելի հեշտ է ձևացնել, թե Օսվենցիումի գոյության և այնտեղ կատարվող իրադարձությունների մասին դաշնակից պետությունները իմացել են պատերազմի վերջում, քանի որ այդպես կարելի է խուսափել բազմաթիվ հարցերից ու շահարկումներից, սակայն իրողությունն այն է, որ դրա մասին հայտնի է եղել ի սկզբանե: Ուղղակի ավելի հեշտ էր լռել ու ձևացնել, թե ոչ մի բանի մասին իրենք չգիտեն:
Հայաստանն ու Իսրայելը պարտավոր են աջակցել ու պաշտպանել բախտակից եզդիներին, քանի որ վերջիներս չունեն պետություն, բանակ և կազմակերպված լոբբի: Եվ եզդիների ճակատագիրը մեզ պետք է ավելի մտահոգի, քան Պալմիրայի ավերման սպառնալիքը: Այն բանից հետո, երբ աշխարհն ապացուցեց, որ չի անհանգստանում Իսլամական պետության կողմից տիրապետվող Իրաքի տարածքում քրիստոնյաների, սուննի և շիա մահմեդականների, քրդերի ճակատագրով, եզդիները պետք է, որ լինեն վերջին կաթիլը, սակայն, թերևս, դա այդպես չլինի. Իսլամական պետությունը բավականին հստակ է ցուցադրում, թե ինչի մասին է հոգ տանում և ինչի մասին` ոչ: Իսկ ի՞նչ ենք մտածում մենք»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր` Panorama.am
Դիտումների քանակը` 4099