Թամար Թաշճյան. «Մեր պապերու ոգին մեր մեջ է…»

 

Ծիծեռնակաբերդի բարձունքում մարդկանց չնվազող բազմության մեջ նրանք առանձնանում են: Լիբանանահայ ամուսինները՝ Թամար եւ Լեւոն Թաշճյաններն են: Քառասունամյա Թամար Թաշճյանը անվասայլակով է՝ ձեռքին եռագույնը: Չնայած շարժողական համակարգի դժվարություններին, Լիբանանից Հայաստան երկար ճանապարհ են կտրել՝ Ցեղասպանության տարելիցին հուշահամալիր այցելելու համար:

 

Արմատներով Մուսալեռցի այս զույգը ակնածանքով է խոսում նախնիների մասին: «Մեր պապերը ելած են Մուսալեռ, որպեսզի թուրքը չջարդի, այնտեղ պայքարած են, այնուհետ՝ Ֆրանսիայի օգնությամբ գաղթած Լիբանանի Անճար գյուղը…» ,- ասում է Թամար Թաշճյանը: Ամուսինները երկու օր առաջ ստացան իրենց հայկական անձնագրերը: Արդեն երկքաղաքացի են: «Մենք հպարտ ենք երկքաղաքացիությամբ, որովհետեւ մենք մեր պապիկներու  այդ ոգով ենք մեծացել : Ամուսինս, ինքը լսած էր այդ պատմությունը եւ պապիկներու գործը շարունակեց, իննսուներկու-իննսունչորս թվականներին պայքարեց Արցախում, ազատամարտիկ է»,-ասում է տիկինը:

 

Թամար եւ Լեւոն Թաշճյաններ մեծ ցանկություն ունեն Հայաստանում հիմնվելու: Մտադիր են այստեղ բնակարան գնել, թեեւ Հայաստանի ներկա սոցիալ-տնետսական վիճակը նրանց չի գոհացնում: Թամար Թաշճյանն ասում է, որ նորանկախ Հայաստանը այս քսան տարիների ընթացքում բավականին ձեռքբերումներ է ունեցել, բայց առաջընթացի տեղ դեռ շատ կա: « Կխորհիմ, որ դեռ շատ- շատ անելիք կա, որ տնտեսականը բարելավվի, մեր պետությունն իր կարելին  պիտի անի, որ գործարաններ բացվեն, երիտասարդներու համար գործի միջոցներ ստեղծվեն, որ թե տնտեսությունը  լավանա, թե երիտասարդությունը մնա Հայաստանում»,-համոզված է նա:

 

Ցեղասպանության ճանաչման գործընթացում հաջողության հանարվորությունն էլ Թամար Թաշճյանը նաեւ այս հանգամանքով է պայմանավորում: «Մենք գիտենք, որ  թրքական պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի մոռացվի, մեր կառավարությունն էլ ամեն ջանք տանում է, որ ճանաչվի Ցեղասպանությունը,սփյուռքում լոբբիներ է ստեղծել, բայց երանի երիտասարդներին մի քիչ ավելի շարունակեն ոգեւորել, որ երիտասարդներն էլ իրենց ջանքը տանեն Թուրքիո դեմ եւ մենք ստանանք արդարություն» ,-ասում է Թամար Թաշճյանը:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 3105

Գլխավոր էջ