Ընտանիքի օր՝ տոնելու թե՞ մտահոգվելու առիթ
Միջազգային հանրությունը 1993 թվականից սկսած ճանաչում է մայիսի 15-ը որպես ընտանիքի օր:
Հայկական պաշտոնական տոնացույցում այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր 2011-ից:
Կանանց հանրապետական խորհուրդը մայիսի 15-ին ՝ընտանիքի օրվա առիթով կլոր սեղան էր կազմակերպել հասարակական կազմակերպությունների և մասնագետների մասնակցությամբ:
Հանդիպման մեկնարկին Կանանց հանրապետական խորհուրդի նախագահ Աիդա Թոփուզյանը ողջունելով եւ ու շնորհավորելով ներկաներին, նշեց, որ ընտանիքը յուրաքանչյուրիս համար բարձրագույն արժեք է: Նրա խոսքերով, հատկապես կարևոր է ընտանեկան ներդաշնակությունն ու բարեկեցիկ կյանքը, եթե ընտանիքում մի բան այն չէ, ապա այդ հանգամանքը ինքստինքյան անդրադառնում է ոչ միայն նրա անդամներից յուրաքանչյուրի, այլ ողջ հասարակության վրա: «Թող որ բոլորի ընտանիքներում տիրեն սերն ու համերաշխությունը», – դիմելով ներկաներին նշեց նա, նկատելով, որ անշուշտ բարի մաղթանքների համար չէ, որ հավաքվել են:
Նրա խոսքերով թեեւ օրը տոնական է, բայց մտահոգիչ են այն հիմնախնդիրները, որոնք այսօր կանգնած են հայ ընտանիրների առջեւ եւ կլոր սեղանի հիմնական նպատակն է քննարկել դրանք եւ առաջարկներ ներկայցնել կառավարությանը դրանց լուծման ուղղությամբ:
Քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին սոցիալ-ժողովրդագրական, զբաղվածության, բնակարանային, առողջապահության, ընտանիքի վերարտադրողական վարքի խնդիրները, անդրադարձ կատարեցին դրանց ուսումնասիրման և լուծումների առաջարկման ուղղությամբ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությանը:
Ելույթ ունեցող մասնակիցներից կառավարման համակարգերի մասնագետ Թամարա Գևորգյանն բավական կտրուկ էր իր գնահատականներում. «Չեմ ուզում շարունակենք ջայլամի քաղաքականությունը, խաբենք իրար: Ընտանիքը չի կարող ամուր ու ազատ լինել, քանի դեռ մարդը ազատ չէ: Չի կարող համերաշխ ընտանիք լինել, եթե չունենք հնարավորություն այն արժանավայել և բարեկեցիկ պահելու»:
Նա նաև նվաստացուցիչ ու ստորացուցիչ , ինչպես նաև հակապետական մոտեցում որակեց ընտանեկան նպաստի առկայությունը. «Հավաքում են մարդկանց արյամբ ու քրտինքով վաստակած գումարները, հարկերը, ու նրանց սեփական գումարից գրոշներ հատկացնելով՝ ասես ողորմություն տալիս»: Բանախոսի կարծիքով ընտանիքին աջակցելու այդ ձեւը ինքնին նվաստացուցիչ է, պետք է աշխատավարձի բարձրացման եւ նոր աշխատեղերի ստեղծման ուղղությամբ գնալ:
«40+» հ/կ նախագահ Սեդա Մալերյանն իր խոսքում նշեց. «Այսօր Հայաստանում գործազրկությունը համատարած բնույթ է կրում, իսկ եթե մարդ չունի աշխատանք, ապա նա իրեն հանրության առաջ արժեքազրկված է զգում: Հետևաբար նման պայմաններում ընտանիքի ներսում վիճաբանություններն ու բախումներն անխուսափելի են, և այդ ամենը տեղի ունենում հենց երեխաների աչքի առաջ, ինչը նրանց հոգեկան աշխարհում խառնաշփոթ ու կյանքի հանդեպ վատ տրամադրվածություն է ստեղծում»: Տիկին Մալերյանը ցավալի է համարում մանկատների լեփ-լեցուն վիճակները, հատկապես այն, որ մի ընտանիքից մանկատներում տեսնում ես 4-5 երեխա, երբ ամեն քայլափոխի հանդիպում ես գործազուրկ ծնողների, որոնք չեն կարողանում իրենց երեխաների ամենօրյա հացը հոգալ…
Ելույթները ամփոփեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դիմելով ներկաներին գործողությունների կոչով. «Աստծուց մանանայի, հրաշքների սպասել կարելի է, իսկ իշխանությունից ո՛չ: Ամեն ինչի հասնում են պայքարի միջոցով, իսկ պայքարը դա կռիվ չէ, այլ արժանավայել գործողություն»:
Հանդիպման ավարտին ներկա գտնվող բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց գրավոր առաջարկները՝ ընտանիքների աջակցության հարցում: Կազմակերպիչների խոստմամբ առաջարկները կքննարկվեն և միասնական տեսքով կներկայացվեն կառավարությանը:
Նինել Հավհաննիսյան
Դիտումների քանակը` 5623