Ընտանիքի միջազգային օր. ամրապնդել կապը սերունդների միջև

«Ընտանիքը հասարակության հիմքն է, ու սերունդների կապը օգնում է պահպանել այդ մասին հիշողությունը տասնամյակներ շարունակ: Ընտանիքի միջազգային օրը մեզ հնարավորություն է տալիս փառաբանել այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն այդ հրաշալի միության՝ ընտանիքի բոլոր անդամների միջև»,- ասվում է տոնի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում: 

 

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ընտանիքի միջազգային օրը: Այն սահմանվել է 1993թ.-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011թ.-ի ԱԺ-ի որոշմամբ: Ընտանիքի միջազգային օրը նպատակ ունի սևեռել հասարակության ուշադրությունն ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:

 

 

ՄԱԿ-ի կողմից հաստատված  այս տարվա թեման  է `Աջակցություն  սոցիալական ինտեգրմանը և միջսերնդային միասնությանը:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադառնալով օրվա թեմային նշում է, որ   Ընտանիքի միջազգային օրը թույլ է տալիս մտածել այն մասին, թե ինչպես են սոցիալ-տնտեսական ոլորտում երևույթները ազդում ընտանիքների ու նրանց անդամների վրա, ու ինչ պատասխան միջոցառումներ կարելի է ձեռնարկել ընտանիքի ամրապնդման համար:

 

 

Ուղերձում ,  մասնավորապես, ասվում է.

 

«          …Գործազրկությունը ստիպում է շատ երիտասարդների, ովքեր հաճախ ձգտում են անկախության, ապավինել իրենց ծնողներին ավելի երկար, քան կցանկանային: Այն ընտանիքներում, որտեղ ծնողներից երկուսն էլ աշխատում են, երեխաների մատչելի և որակյալ խնամքի բացակայությունը դժվարացնում է ծնողների ջանքերը՝ համատեղել իրենց աշխատանքը և տնային պարտականությունները: Անբավարար կենսաթոշակները և տարեցների խնամքը պահանջում են ավելի մեծ ուշադրություն, որպեսզի հաջողությամբ պսակվի նրանց կյանքը երկարացնելու մեր նպատակը:

 

Այս մարտահրավերներն այժմ, քան երբևէ, ընտանիքի աջակցությունն ավելի են կարևորում այն երիտասարդի համար, ով, ապրելով ծնողների հետ, աշխատանք է փնտրում, այն տատիկ-պապիկի համար, ովքեր ապաստանի և խնամքի համար ապավինում են իրենց երեխաներին, ինչպես նաև այն բազմանդամ ընտանիքների համար, ովքեր ստանձնում են երեխաների խնամքի պատասխանատվությունը:

 

Ամբողջ աշխարհում ընտանիքի անդամները կատարում են իրենց պարտականությունները: Նրանք արժանի են աջակցության քաղաքական գործիչների և որոշում կայացնող անձանց կողմից, պետական հաստատությունների և մասնավոր ձեռնարկությունների կողմից:

 

…Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ընտանիքներին և անհատներին օժանդակել այն նախաձեռնությունները, որոնք միավորում են տարբեր սերունդների մարդկանց՝ բոլորի համար ավելի առողջ աշխարհ կառուցելու ճանապարհին»:

 

Դիտումների քանակը` 4095

Գլխավոր էջ