Ընտանեկան բռնությունների թիվն ավելացել է. աշխատաժողով

Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի ավարտը նշանավորվեց այս թեմայով մի շարք միջոցառումներով, որոնցից մեկը  դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած աշխատաժողովն էր:  Հայ և ամերիկացի իրավապահները՝ այլ պետական պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրեցին մեկօրյա աշխատանքային քննարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիների վերաբերյալ, մի խնդիր, որ արդիական է բազմաթիվ ընտանիքների համար  Հայաստանում:  Վերջերս անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ   հարցվածների 60 տոկոսը,  հիմնականում՝ կանայք, նշել են, որ կյանքի ընթացքում իրենց նկատմամբ ընտանեկան բռնության առնվազն մեկ ձև կիրառվել է:

 

392-ի դեպքում  ամուսինն է կնոջ նկատմամբ  բռնության կիրառել, 11-ի դեպքում՝ կինը՝ ամուսնու

 

Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ այսօրվա աշխատաժողովի ժամանակ  ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ սյս տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ընտանեկան բռնության 575 դեպք:

 

Այս տարի գրանցված 645 դեպքից 110-ով հարուցվել է քրեական գործ (32-ն ուղարկվել է դատարան, 78-ը կարճվել է), 535-ով քրեական գործի հարուցումը մերժվել է:

645-ից 392-ի դեպքում  ամուսինն է կնոջ նկատմամբ  բռնության կիրառել, 11-ի դեպքում՝ կինը՝ ամուսնու, 56-ի դեպքում ծնողի կողմից զավակն  է բռնության ենթարկվել, 85-ի դեպքում՝ ծնողը՝ զավակի կողմից, 101-ի դեպքում բռնությունները եղել են ընտանիքի այլ անդամների կողմից, 13-ի դեպքում՝ անչափահասի նկատմամբ:

Նշված ժամանակաշրջանում անչափահասների նկատմամբ գրանցվել է բռնության 184 դեպք, նախորդ տարի այդ թիվը՝ 232 էր:

 

 

Երեխաները՝ ընտանեկան բռնության հիմնական զոհերը

 

Այս տարվա ընթացքում 38 քրեական գործ է հարուցվել անչափահաս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերով, որից 47 տոկոսը ընտանիքի ներսում կատարված սեռական հանցագործություններ են: Նման թվեր է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: Նա նշել է, որ ընտանեկան բռնությունների դեպքերով քրեական գործ կարելի է հարուցել միայն տուժողի կամ դիմողի բողոքի հիմքի վրա: Սակայն, ըստ նրա, հաճախ լինում են դեպքեր, երբ դիմելուց հետո բռնության զոհը հետ է վերցնում դիմումը, քանի որ հաշտվում է:

 

ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե անգամ ընտանիքում երեխան ֆիզիկական բռնության չի ենթարկվում, միայն դրան ականատես է լինում, նշանակում է նա ենթարկվում է հոգեբանական բռնության:

 

«Եթե երեխայի նկատմամբ է բռնություն գործադրվել, ապա շատ արագ արձագանքում ենք: Անհրաժեշտության դեպքում տեղափոխում ենք երեխաների աջակցության կենտրոն, որտեղ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխայի հատ կարողանա աշխատել բազմամասնագիտական խորհուրդը՝ հոգեբան, մանկավարժ և այլն: Այստեղ երեխան կարող է տևական ժամանակ մնալ»,-ասաց նա:

 

Դուրյանը նշեց, որ բռնության ենթարկված կանայք հիմնականում երեխաների հետ են լքում տունը: «Մենք ունենք նաև վերականգնողական համայնքային կենտրոններ, անհրաժեշտության դեպքում նրանց տեղափոխում ենք այդտեղ»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը, ավելացնելով,  պետք է հասնել այն բանին, որ թեկուզ մեկ երեխայի հանդեպ էլ բռնությունը բացառվի:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ WomenNet.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ընտանեկան բռնությունից հիմնական տուժողը երեխան է:

 

«Ես չեմ կարող ասել, որ խնդրի լուծման համար Ալֆա-ից Օմեգա ամեն ինչ արվում է, բայց սկսել ենք, հիմա շատ բաներ անում ենք: Հիմա երբ օրենքը ընդունվի, ենթաօրեսդրական ակտերով ամեն ինչ կկանոնակարգվի, ամենաուշը կարծում եմ մինչև 2017 թվականը: Հիմա մենք շատ բաներ անում ենք՝ երեխաներին արագ մեկուսացնում ենք, ժամանակավոր կացարաններում տեղավորում ենք,  այնտեղ շատ լավ հոգեբաներ ու սոցիալական աշխատողներ կան»,-ասաց փոխնախարարը:

 

 

Ընտանեկան բռնության դեմ պայքարն օրենսդրական կարգավորման խնդիր ունի

 

Այս համոզմունքը  հայտնել են աշխատաժողովի գրեթե բոլոր մասնակիցները: Հայաստանում  ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի  խոսքով,  Հայաստանում չկա հստակ օրենք,  որի հիման վրա ոստիկանները կարող են արձագանքել, քրեական հետապնդում  իրականացնել  հենց ընտանեկան բռնության համար, մինչդեռ, իր երկրում՝  ԱՄՆ-ում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը շատ խիստ է: Նա մի օրինակ է ներկայացրել. «Նևադայի նահանգում ոստիկանն արձագանքում է ընտանեկան բռնության միջադեպին, քրեական հետապնդում է իրականացնում ոչ թե տուժողի մասնավոր մեղադրանքով, այլ Նևադայի նահանգի պետական ոչ հայեցողական մեղադրանքով: Բացի այս, օրենքն ընտանեկան բռնության դեպքում տուժողների աջակցության առումով շատ բան է նախատեսում: Ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր, առաջնահերթ ուղղություն է ԱՄՆ-ի կառավարության համար»:

 

 

Քլարկ Փրայսի համոզմամբ, այն երկրները, որտեղ կանայք ունեն լիարժեք ու հավասար իրավունքներ և հաջողության հասնելու  հնարավորություններ, ավելի բարեկեցիկ են ու ավելի խաղաղ:  «Բռնությունը թույլ չի տալիս, որ քաղաքացիները լիարժեք մասնակցություն ու ներդրում ունենան իրենց ընտանիքի, համայնքի, երկրի ու պետության տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքում»,-ասել է նա:

 

 

Ամերիկյան փորձն ուսումնասիրել են պետական գերատեսչությունները

 

 

«Այն, որ այսքան շատ ակտիվ հայկական գերատեսչություններ ու կազմակերպություններ՝ մեր գործընկերները ՀՀ ոստիկանությունից, քննչական կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության խմբերից, հավաքվել են այստեղ, նշանակում է և հույս է ներշնչում, որ ընտանեկան բռնության վերացման ուղղությամբ կլինի առաջընթաց», – ասել է փոխդեսպան Փրայսը:

 

Հայ մասնակիցների հետ միասին միջոցառմանը մասնակցում են երկու ամերիկացի փորձագետներ՝ լեյտենանտ Քելլի ՄքՄահիլը և լեյտենանտ Ջեյմի Պրոսերը, ովքեր աշխատում են Նևադայի նահանգի Լաս Վեգասի ոստիկանությունում: Նրանք Հայաստանում են գտնվում արդեն մեկ շաբաթից ավել, հանդիպումներ են ունեցել տեղի գործընկերների հետ և այցելել են ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերող կառույցներ:

 

2014թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Սիեթլում և հանդիպում են ունեցել տեղի գործընկերների հետ: 2015թ. ապրիլին ԱՄՆ դեսպանությունն անցկացրել է կարիքների գնահատում՝ընտանեկան բռնության տարրերով հանցանքների հետ կապված Հայաստանի իրավապահ կառույցների ընթացիկ կարողությունների վերաբերյալ: Գնահատումը ակնառու է դարձրել այս աշխատանքներում այլ պետական կառույցների ներգրավման կարևորությունը: Երկրորդ ճանաչողական այցը կազմակերպվել է  2015թ. օգոստոսին, որի շրջանակում Քննչական կոմիտեի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները եղան Լաս Վեգասի ոստիկանությունում:

 

ԱՄՆ դեսպանությունը՝ իր գործընկերների և ամերիկյան փորձագետների հետ, առաջ շարժվելուն զուգընթաց ուշադրությունը կբևեռի երեք հարցերի. իրազեկման ապահովում և ուսուցումներ այն համայնքներում, որտեղ ձևավորվել են ճգնաժամային կենտրոններ. բազմապրոֆիլ աշխատանքային խմբի ձևավորում՝ ապահովելու միասնական ընթացակարգեր ուղղված ընտանեկան բռնության գործերի քննությամբ զբաղվող գերատեսչությունների հետևողական ու արդյունավետ աշխատանքին. և ուղղորդման մեխանիզմի/կարգի ձևավորում՝ բարելավելու աշխատանքների համակարգումը ընտանեկան բռնության դեմ պայքարում դերակատարում ունեցող կառույցների միջև:

 

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4095

Գլխավոր էջ