Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան դատապարտում է բռնությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի  ունեցած  բռնությունն ու  բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառումը  «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի և անընդունելի։ Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։ Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։

 

 

 Նաև` հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների և նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու և ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում և կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ։

 

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

 

 

Դիտումների քանակը` 3188

Գլխավոր էջ