Էլինար Վարդանյան. «Հավատարիմ մնալ սկզբունքներին ու արժանապատվությանը…»
«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» ( ՕՐՕ) դաշինքի համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն Էլինար Վարդանյանին հանրությունը ճանաչում է որպես ԱԺ պատգամավոր, ով նաև ղեկավարում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: 2012 թվականին նա ընտրվել էր համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մինչ այդ զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ: 2016-ին նա սկզբունքային տարաձայնությունների պատճառով մի խումբ գործընկերների թվում որոշում է կայացնում դուրս գալ ԲՀԿ-ի շարքերից և միանալ Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը, որի փախնախագահն է այսօր: Իր խորհրդարանական գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է կանանց ու գենդերային հավասարությանն առնչվող խնդիրներ, պաշտպանել է «Կանանց և տղամարդկանց հավասարիրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը՝ որակելով այն «առաջընթաց քայլ», որի կարիքն ու անհրաժեշտությունը Հայաստանը վաղուց ուներ: Նա նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի բարձրացման գաղափարի կողմնակից էր և այն պատգամամվորներից էր, ովքեր հետևողականորեն դեմ են արտահայտվել 30/70 համամասնության մինչև 2021 թվական հետաձգմանը:
-Տիկին Վարդանյան, բավականին ակտիվ պատգամավոր եք եղել եւ այժմ ուզում եք վերընտրվել: Ինչու՞, ինչ նպատակներ եք դնում Ձեր առջեւ այս անգամ…
-Մեր երկրում լուծված չեն բազմաթիվ խնդիրներ, որոնք իմ ուշադրության կենտրոնում են եղել այս տարիներին, որոնց ուղղությամբ նաեւ գործունեություն եմ ծավալել: Ուզում եմ շարունակել այդ գործունեությունը, որպեսզի ներդաշնակ լինեմ իմ խղճի հետ: Մենք չունենք դեռ այն Հայաստանը, որտեղ կենտրոնում մարդն է, և որի շուրջ են զարգանում մնացած հարաբերությունները: Մենք դեռ չունենք այն երկիրը,որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, և չկան մարդիկ, ովքեր օրենքի առաջ «ավելի հավասար են»: Չունենք այն երկիրը, որտեղ գործում է արդար դատաիրավական համակարգ, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, լուծված են սոցիալ-տնտեսական, հավասար մրցակցության և մնացած այլ ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները…
-Որո՞նք են, ըստ Ձեզ, երեք առաջնահերթ խնդիրները մեր երկրի համար, որոնք դուք եւ Ձեր քաղաքական թիմը մտադիր եք լուծել:
-Անվտանգության բարձրացում, խորքային տնտեսական բարեփոխումներ, հասարակական մթնոլորտի փոփոխություն, ազատ և մրցակցային հասարակության ձևավորում: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք մենք ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագրում, որոնք հիմնված են հստակ հաշվարկների վրա և որոնց կարելի հասնել իրատեսական ժամանակահատվածում:
-Հանդիսանալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ մշտապես հանդես եք եկել նաեւ կանանց շահերի պաշտպանությամբ : Քաղաքական Ձեր թիմը կիսո՞ւմ է այդ մոտեցումները :
-Մեր քաղաքական թիմը կարևորում է կանանց շահերի պաշտպանությունը, ավելին, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով:
-Համաձա՞յն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում : Ի՞նչ պետք է անել իրավիճակը փոխելու համար:
-Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործման մասին խոսում եմ ոչ միայն ես, այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները: Նման վերաբերմունքն անթույլատրելի է: Կանայք կարող են և պետք է հանդիսանան մեր հասարակության զարգացման շարժիչը: Իրավիճակը փոփոխելու համար անհրաժեշտ է նախ և առաջ կոտրել հասարակության մեջ առկա կարծրատիպերը, այնուհետև պայմաններ ստեղծել կանանց համար՝ օգտվելու օրենքով ամրագրված հավասար հնարավորություններից:
-Հիշում ենք, որ Ձեզ զարմացնում էր քվոտայի հետաձգման մասին դրույթը, ինչի վերաբերյալ նաեւ բարձրաձայնել ենք նոր Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ…
– Այո, ինձ զարմացնում է, թե ինչու է Կառավարությունը, կողմ լինելով Ընտրական օրենսգրքում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությանը, դրա կիրարկումն ի վերջո ամրագրեց 2021 թվականից միայն: Ի սկզբանե կողմնակից էի ու բազմաթիվ անգամներ այդ մասին բարձրաձայնել էի, որպեսզի այդ համամասնությունն ընդունվեր ու ամրագրվեր և կիրարկվեր ապրիլին կայանալիք թվականի խորհրդարանական ընտրություններին: Բայց ունենք այն, ինչ ունենք:
-Կին քաղաքական գործչի հաջողության Ձեր բանաձևը: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը Հայաստանում առկա խոչընդոտները հաղթահարելու համար:
-Անհրաժեշտ է հավատարիմ մնալ սկզբունքներին ու արժանապատվությանը, ներդաշնակ լինել սեփական անձի հետ: Այդ դեպքում հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Էլինար Վարդանյան. «Դրանով հարցերը չեն լուծվում»
Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում
Կին պատգամավորների ակտիվության գործակիցը շատ ավելի բարձր է, քան տղամարդկանց
Դիտումների քանակը` 3727