Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները
«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, նրանք գրագետ են, գեղեցիկ, խելացի և մենք իրավունք չունենք այդ ներուժը չօգտագործել… Օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա, այդ թվում և ` կլուծի գենդերային հավասարության խնդիրը»: Նման կարծիք էր հայտնել այս տարվա հունվարին Ազգային Ժողովում տեղի ունեցած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նախորդ գումարման խորհրդարանը սակայն չհասցրեց ընդունել այս օրենքը՝ թողնելով երկրորդ ընթերցումը իրավահաջորդներին: Նշենք նաև, որ օգոստոսի սկզբին կառավարությունը հավանություն էր տվել այդ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ նորընտիր ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:
Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս կայացած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որը ակնկալվում էր որ կընդգրկվի մի քանի օրից մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում , մեկ տարով հետաձգվեց: Պատճառները WomenNet-ի հետ զրույցում պարզաբանեց այդ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
«Այդքան երկար ժամանակով է հետաձգվել, որովհետև Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններից հետո հանձնաժողովի նիստերում օրենքի նախագիծը կարող է հետաձգվել միայն մեկ անգամ` մինչև մեկ տարի ժամկետով: Բայց սա, պարզաբանեմ, չի նշանակում, որ խոսքը հարցին հենց մեկ տարի հետո անդրադառնալու մասին է: Երբ Կառավարությունը լրամշակված տեքստը կբերի, իսկ դա կարող լինել մեկ ամիս կամ տասն օր հետո, այդ ժամանակ հանձնաժողովի նիստում հարցին նորից կանդրադառնանք»,- ասաց նա` հավելելով, որ գործընթացի հնարավոր երկարաձգումը միմիայն Կառավարությունից է կախված:
Ինչ վերաբերում է լրամշակմանը, ապա մեր զրուցակիցը նշեց, որ օրենքի նախագծում մեկ հոդված կար, որը ոչ այնքան հակասում էր իրավական ձևակերպումներին, որքան փաթեթային լուծում էր պահանջում: Խոսքը, մասնավորապես, գենդերային խտրականությունը քրեորեն պատժելուն էր վերաբերում` այս դեպքերի համար հեղինակները նախատեսել էին կարգապահական, վարչական, իսկ առանձին դեպքերում նաև քրեական պատասխանատվություն.
«Եթե պատասխանատվություն էր սահմանվում քրեական, վարչական կամ կարգապահական, ապա դա ենթադրում էր, որ պետք է համապատասխան փոփոխություններ ներկայացվեին նաև այդ օրենքներում: Հակառակ դեպքում օրենքի այդ դրույթները կյանքի չէին կոչվի»,- նշեց Էլինար Վարդանյանը:
Այլ կերպ ասած, հիշատակվող օրենքին զուգահեռ պետք է նաև առանձին փաթեթ ներկայացվեր համապատասխան փոփոխություններով, իսկ այսպես որոշում է կայացվել այդ հոդվածը պարզապես հանել օրենքի նախագծից: Առավել ևս, նշեց մեր զրուցակիցը, որ պատասխանատվություն և Քրեական օրենսգրքում, և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առանձին պատիժ խտրականության համար նախատեսված է:
Այսինքն` կոնկրետ գենդերային խտրականության դեպքերը դարձյալ կմնան անպատի՞ժ: Այս կապակցությամբ Էլինար Վարդանյանը նշեց, որ օրենքի նախագծում այնպիսի դրույթներ չկան, որոնք քրեորեն պատժելի կարող են դիտվել` այդ խախտումները քրեորեն պատժելու նախադրյալներ չեն ստեղծում:
Հաջարոդ պատճառը, որը մատնանշեց գլխադասային հանձնաժողովի նախագահը և որի պատճառով օրենքի նախագիծը հետ էր ուղարկվել Կառավարություն` ամփոփաթերթիկի ԱԺ կանոնակարգին ոչ համապատասխան լինելն էր.
«Ամփոփաթերթիկում պետք է ընդգրկված լինեին բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին նախագծի առաջին ընթերցումից հետո` դրանք շուրջ 40-ն էին: Սակայն ամփոփաթերթիկում անդրադարձել էին միայն մեկ առաջարկությանը, որն ընդունվել էր, իսկ մնացածի առումով էլ բացակայում էր հիմնավորումը, թե ինչու դրանք չեն ընդունվել: Եվ որևէ կերպ չէր հասկացվում, թե ինչ անդրադարձ է եղել մնացած առաջարկություններին»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք, առաջարկությունները առաջ էին քաշվել այս տարվա հունվարին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք Կառավարությունը չի փորձի «քնացնել» օրենքի նախագծի քննարկումը, Էլինար Վարդանյանը նշեց, որ այդ կարծիքին չէ և Կառավարությունն էլ շահագրգռված է, որ այն քննարկվի ԱԺ-ում.
«Գոյություն ունեին թերություններ, որոնք շտկում էին պահանջում»,- եզրափակեց նա:
Էնզելա Մակարյան
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարեցումը հետաձգեցին մեկ տարով
Դիտումների քանակը` 4586