Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

Զոյա Գևորգյանը 1996թ-ից է ղեկավարում  Գեղարքունիք մարզի Շատջրեք համայնքն ու հունիսի 8-ին պայքարելու  է այդ պաշտոնում  վեցերորդ անգամ  վերընտրվելու համար: Նրա միակ մրցակիցը անկուսակցական Լուսիկ Պետրոսյանն էր, եւ այդ իմաստով  Շատջրեքը բացառիկ էր.   այստեղ ընտրապայքարի էին դուր եկել միայն կանայք, տղամարդիկ անգամ չեն էլ փորձել պայքարել համայնքապետի պաշտոնի համար:

 

 

Սակայն կանանց ընտրապայքարը նույնպես չստացվեց:  Այս պահին Զոյա Գեւորգյանը միակ թեկնածու է, քանի որ նրա մրցակից  Լուսիկ Պետրոսյանը ինքնաբացարկի է դիմել: Տիկին Գեւորգյանն դժվարանում է ասել թե ինչ պատճառով դա եղավ, կարծում է, որ ,  ըստ երեւույթին,  մարդկանց հետ շփվելուց զգացել է, որ չի կարողանա հաղթել եւ ինքնաբացարկ է ներկայացրել:

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Գևորգյանը հիշեց, որ իր առաջին առաջադրումը եղել է  մութ ու ցուրտ, անօգնական տարիներին, այն էլ փախստականաբնակ գյուղում, բայց որոշումը իր փոխարեն կայացրել են համագյուղացիները. առաջարկել էին, որ  երկար տարիներ համայնքի բուժաշխատող աշխատող Զոյա Գեւորգյանը լինի նաև գյուղի ղեկավարը: Դե իսկ ընտանիքն ու ամուսինը թեև դժվարությամբ, բայց իր որոշումը հարգել են.

 

 

«Սկզբում իհարկե իրենց համար շատ դժվար էր: Ես միշտ տանն եմ եղել, ընտանիքի հոգսերով ու մեկ էլ հանկարծ ինչ-որ այլ տեղ եմ, ուրիշ մարդկանց հետ եմ կիսում իմ ժամանակն ու էներգիան»,- նշեց նա:

 

 

Առաջադրվելու հիմնական նպատակը համայնքի բնակիչներին որևէ կերպ օգնելու ցանկությունն է եղել: Բացի այս, համայնքը նաև շատ անմխիթար վիճակում է եղել` լույս չկար, հեռախոսակապ նույնպես, ճանապարհների բարվոք լիենeլու մասին անգամ խոսք լինել չէր կարող` այն տարիներին բոլոր համայնքներն էին այդ վիճակում:  Բայց անցած տարիների ընթացքում շատ բան է արվել ու փոխվել.

 

 

«Մեր համայնքի շատ կարևորագույն խնդիրներից մեկը խմելու ջրի մատակարարումն էր, որն ամբողջությամբ լուծվել է, բուժկետ ենք կառուցել, շատ ծրագրեր ենք իրականացրել: Ինչ հասցրել ենք ու նաև կարողացել ենք մեր բյուջեով արել ենք: Բայց դեռ անելիքներ շատ կան… ու ես դեռ շատ բան եմ ծրագրել, որ պետք է արվի»,- ասում ՝  Զ.Գևորգյանը` ավելացնելով, որ հերթական անգամ ևս առաջադրվելու իր ցանկությունը պայմանավորված է հենց դրանով` կիսատ թողած գործեր շատ կան:  Օրինակ,   առաջնայինը դպրոցի հիմնանորոգման հարցն է, հերթի է նաև Մշակույթի տան վերակառուցումը … «Այ եթե դրանք ավարտին հասցրած լինեի, գուցե և չառաջադրվեի…»,- հավելեց նա:

 

 

Մեր այն  այն հարցին, թե ինչով է կին ղեկավարն, ըստ իրեն, տարբերվում  տղամարդ ղեկավարից, Շատջրեքի գործող գյուղապետն ասաց, որ կին ղեկավարն, բացի բոլոր ղեկավարի համար անհրաժեշտ հատկանիշներից,  առաջնորդվում է  նաև սրտի թելադրանքով.

 

 

«Կին ղեկավարը առաջնորդվում է նախևառաջ սրտի  թելադրանքով, չէ որ նա մայր է ու հենվում է  ընտանիքի մոդելին: Իսկ տղամարդկանց մոտ այդ մայրական բնազդը , սրտի թելադրանքը  երևի թե չկա: Ես այդպես եմ կարծում: Բայց էլի փառք ու պատիվ մեր տղամարդկանց` կարողանում են ղեկավարել»,- ժպտալով ասաց նա:

 

 

Կանանց, ովքեր ձգտում են քաղաքականության մեջ մտնել, սակայն զոհ են գնում կարծրատիպերին ու հասարակության մտածելակերպին, նա խորհուրդ է տալիս լսել միայն սեփական զգացողությունները. «Եթե զգում է, որ կարող է, այդ ոլորտն իրենն է և նա վստահ է իր ուժերին, ապա ոչ մի կարծրատիպ նրան չպետք է խանգարի, նա անպայման կհասնի նպատակին.

 

 

«Այո, քաղաքականությունը մի քիչ խարդախ միջավայր է, բայց ես վստահ եմ, որ ազնվությամբ կարելի է ավելի շատ բանի հասնել, քան այդ խարդախ ճանապարհով: Ու մի բանում էլ վստահ եմ` եթե կինը մտքին մի բան դրեց, ապա կհասնի դրան ու կանի»,- հավելեց նա` հաջողություն մաղթելով բոլոր այն կանանց, որոնք  հավատում են իրենց ուժերին:

 

Է. Մակարյան 

 

Հ.Գ. Նշենք, որ  տիկին Զոյան` «Երկրապահ» կամավորների միության անդամ է, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար պարգևատրվել է «Արցախ» մարտական երախտագիտության  մեդալով, Առաջին գնդի մեդալով, «Երկրապահ» հուշամեդալով: Ու դա այն է, ինչի մասին մեզ հետ զրույցում նա համեստաբար լռեց:  Պատերազմին նրա մասնակցության վերաբերյալ 2011-ին  գրել էր «Անկախ» թերթը « Գյուղապետ տիկին Զոյան «տղամարդ կին» չէ, պարզապես կին է» հրապարակման մեջ.

 

 

… « Շատ հետաքրքիր է, թե ինչպես է ծնունդով ղարաբաղցի տիկին Զոյան դարձել Շատջրեքի գյուղապետ: 1991 թվականն էր: Արդեն 25 տարի նա Երևանում էր ապրում. դպրոցն ավարտելուց հետո հայրենի գյուղից` Խծաբերդից դուրս էր եկել, ուսումը շարունակել Երևանի բժշկական ուսումնարանում, ապա ամուսնացել ու մնացել Երևանում:

 

 

Երբ պատերազմը սկսվում է, եղբոր ընտանիքը մեկնում է գյուղը պաշտպանելու: «Ղարաբաղ ուզողը չի գալիս հրապարակում կանգնում, ասում` ես Ղարաբաղն ուզում եմ, վեր է կենում, գնում Ղարաբաղը հետ բերելու»,- ասում է եղբայրը: «Մենք եղբայրներով ու քույրերով լծվեցինք մեր գյուղը պաշտպանելու գործին,- պատմում է Զոյա Գևորգյանը,- Հադրութի շրջանի 14 գյուղ տեղահանվել էր, մնացել էին երկուսը, որոնցից մեկը մերն էր: Այնտեղ էին նաև մեր ծնողները: Մի բուռ ժողովրդով այդ երկու գյուղը պահեցինք, որովհետև դրանք Հադրութի դարպասներն էին, իսկ Հադրութը` Արցախի դարպասն էր»:

 

 

Գևորգյան քույրերը Երևանից պարեն, զինամթերք, հագուստ են տեղափոխում Խծաբերդ, վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տալիս և տեղափոխում մայրաքաղաք: «Մի մեծ ժամանակաշրջան քույրերով անցկացրինք Երևան-Խծաբերդ ուղղաթիռի մեջ,- ասում է նա,- որտեղից որ հնարավոր էր, ինչ որ հնարավոր էր, հավաքում, 3 տոննա բեռ էինք սարքում և տեղափոխում գյուղ»:

 

 

1993 թ., երբ տիկին Զոյան այս անգամ էլ Վարդենիսի շրջանից էր բեռներ հավաքում Խծաբերդի պաշտպանության համար, նկատում է այս գյուղը: «Սա ադրբեջանական գյուղ էր, որի բնակիչները շարժման հենց սկզբին հայ փախտականների հետ մեկ ուրիշ գյուղով փոխանակել էին,- ասում է նա,- այդ ժամանակ եղբայրս Խծաբերդից լուր ուղարկեց, թե գյուղը կարող են տալ, և ինձ ասաց, որ մի տուն գտնեմ, որպեսզի գյուղը գրավելու դեպքում մեր ծնողներին տեղափոխենք»:

 

 

Տիկին Զոյան, որ շատ էր հավանում այդ տարածքները, Շատջրեքում մի տուն է գնում: Բարեբախտաբար Խծաբերդը թշնամին չի կարողանում գրավել. նաև` Զոյա Գևորգյանի եղբոր արյան շնորհիվ: Գյուղը պահում են, իսկ Շատջրեքի տունը ծառայում է որպես ամառանոց:

 

 

1996 թվականն էր: Հերթական անգամ տիկին Զոյան իր ընտանիքով եկել էր Շատջրեք` ամառային արձակուրդն անցկացնելու: Երբ սեպտեմբերին ընտանիքը պետք է վերադառնար Երևան, որպեսզի պատրաստվեր փոքր որդուն առաջին դասարան ուղարկելուն, գյուղի բնակիչները հավաքվում են տան առջև և «պահանջում», որ նրանք մնան: «Մարդիկ մեր էս տան ճանապարհին լիքը լցվել, նստել էին, ասում էին` չենք թողնի, որ գնաք, պիտի մնաք, ինձ էլ թե` պիտի մասնակցես գյուղապետի ընտրություններին»…

 

 

Նյութը ամբողջությամբ այստեղ

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

 

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

 

Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…

 

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

 

Դիտումների քանակը` 5047

Գլխավոր էջ