Զինա Հովհաննիսյան. «Եկել է խնդիրներին լուծում տալու պահը»
Արարատի մարզի Արարատ քաղաքի Պ.Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինա Հովհաննիսյանի համար ՏԻՄ ընտրությունները դարձան համայնքի բնակչության կողմից իր հանդեպ ունեցած վստահության փորձաքար: Աշակերտների ծնողների ու իրեն ճանաչող բազմաթիվ ընտրողների քվեն ստացած տնօրենի առօրյան հագեցավ նոր խնդիրներով ու հոգսերով: Ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրված Զինա Հովհաննիսյանը համոզված է, որ կկարողանա հաջողությամբ համատեղել տնօրենի և ավագանու անդամի աշխատանքները, քանի որ գործի բերումով տարիներ շարունակ առնչվել է համայնքի բնակչության սոցիալական խնդիրներին, զբաղվել հասարակական ակտիվ գործնեությամբ: Հենց միայն ծնողական ժողովները բավական էին տեղեկանալու անապահով ընտանիքների սոցիալական վիճակին, ծնողների կողմից այս կամ այն ոլորտին առնչվող հարցերին: Այսօր եկել է այդ բազում խնդիրներին լուծում տալու պահը:
Ընտրությունների նախօրեին և քարոզարշավի ընթացքում խոչընդոտների չի հանդիպել, սակայան ունեցել է մտավախություն:
-Ինձ համար մտահոգիչ էր այն, որ ցուցակներում ընդգրկված էին մարդիկ,ովքեր անգամ տեղյակ չէին ավագանու թեկնածուի գործառույթներին, նրանք չէին էլ պատկերացնում, թե ուր և ինչու են եկել: Եվ նման մասնակիցները կարող էին պարզապես տանել քո քվեները, սակայն ինձ վիճակված էր 300 ձայնով ընտրվել, որի համար շնորհակալ եմ իմ ընտրողներին: Նրանք ընտրողների այն զանգված են, ովքեր այսօր ինձ հետ կիսում են իմ հաղթանակը, ովքեր համոզված են, որ կանեմ հնարավոր ամեն ինչ ոչ միայն ավագանու ինստիտուտի կայացման, այլև իմ համայնքի զարգացման, հանրության համար կարևորագույն հարցերի լուծման համար: Սրանք դատարկ խոսքեր չեն,- WomenNet-ի հետ զրույցում ասաց Զինան:
Մինչ ՏԻՄ ընտրությունները Զինան մշտապես կարևորել է քաղաքականության մեջ կանանց ներգրավածությունը, համայնքի կառավարման գործում կնոջ ներկայությունը համարելով անհրաժեշտություն: Թեև առաջին անգամ է ընտրվել ավագանու անդամ, սակայն հստակ պատկերացնում է իր անելիքները:
Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու առաջին նիստից ստացած տպավորությունը Զինայի համար թեև դրական է, այնուհանդերձ ընթացավ ոչ այնպես, ինչպես սպասվում էր: Ըստ նրա նիստին ներկայացված օրակարգային հարցերի հագեցվածության պատճառով անհրաժեշտ չեղավ ավագանու անդամների անհատական ներկայանալը, մինչդեռ եթե աշխատում են թիմով, պարտավոր են ճանաչել միմյանց:
Առաջին նիստում Զինայի կողմից արված`ստեղծված հանձնաժողովների համար առանձին աշխատասենյակ հատկացնելու առաջարկն ընդունվեց համայնքի ղեկավարի կողմից:
– Փորձեցի հիմնավորել առաջարկս: Ես ընդգրկված եմ կրթության հանձնաժողովում և գտնում եմ, որ մեր ոլորտին առնչվող խնդիրները պետք է նախապես քննարկվեն և նոր միայն ներկայացվեն ավագանու նիստում, իսկ դրա համար տեղ պետք է ունենանք: Համայնքի ղեկավարը համաձայնվեց հանձնաժողովներին տրամադրել անհրաժեշտ աշխատասենյակ, որտեղ մենք կկարողանանք ընդունել բնակիչներին: Հաջորդ նիստին կառաջարկեմ, որ հանձնաժողովների նիստերին մասնակցելու հնարավորություն ունենան այլ հանձնաժողովների անդամներ: Կոնկրետ ինձ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերն հետաքրքրում են այնքանով, որ աշխատանքի բերումով ես նույնպես առնչվում եմ սոցիալապես անապահով խավերի, իմ աշակերտների սոցիալական հարցերին, կուզենայի իմանալ, թե ֆինանսական ի՞նչ հարցեր են քննարկվում, որքա՞ն հատկացումներ են տրամադրվում,-պարզաբանում է ավագանու նորընտիր անդամը:
Զինա Հովհաննիսյանը չի բացառում ավագանու որոշ անդամների կողմից կարգապահության նորմերի խախտման երևույթները, երբ որոշ ժամանակ անց ոմանք ստորագրությամբ հաստատում են իրենց ներկայությունը ավագանու նիստերին, բայց իրականում չեն մասնակցում նիստերին: Ավագանու նորընտիր անդամը չի շրջանցի նաև նիստերին պարտադիր մասնակցելու հարցը:
-Ես նաև կառաջարկեմ գլոբալ հարցերի քննարկման ժամանակ ավագանիների պարտադիր ներկայությունը, եթե ընտրվել ես, պիտի մասնակցես նաև նիստերին, հարցերի քննարկմանը, այլապես ինչու՞ ես ընտրվել: Ես բարձր եմ գնահատում աշխատանքային կարգապահությունը, առանց որի ոչ մի հարց չի լուծվի,-համոզված է նա :
Զինա Հովհաննիսյանը համոզված է նաև, որ աշխատանքի ընթացքում կգտնեն համագործակցության եզրեր, քանզի աշխատելու ցանկությունն առկա է բոլորի մոտ, նրանք առաջնորդվում են մեկ սկզբունքով` համայնքի համար անել ավելին, քան մինչ այդ արվել է: Իսկ որ ավագանիների շարքում իր և երկրորդ կին ավագանու` Արարատ համայնքի թիվ 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանի ներկայությունը պարտավորեցնող է լինելու, դա հաստատ է:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2928