Զեկույց. Իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը

«Քուր ջան», «սիրուն ջան», «աղջիկ ջան»…  Նման արտահայտություններով հայաստանցի պաշտոնյաները հաճախ են դիմում իրենց հարց ուղղող իգական սեռի լրագրողներին: Որպես կանոն նրանք սեքսիստական արտահայտությունների օգնության են դիմում այն պարագայում, երբ լրագրողների հարցերն իրենց քիմքին հաճո չեն:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նախօրեին հրապարակեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2017 թ. առաջին եռամսյակային զեկույցը: Այստեղ առաջին անգամ  անդրադարձ է եղել նաև այս խնդրին:

 

Զեկույցում մասնավորապես նշվում է.  «Քարոզարշավի ընթացքում մի շարք հայտնի քաղաքական գործիչների շփումները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նույնպես լարվածությամբ են զուգորդվել։ Մասնավորապես, լրագրողների հարցերին ի պատասխան վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և ագրեսիվ պահվածք են դրսևորել ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը։ Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա դաշինքի ներկայացուցիչ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև իշխող կուսակցության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Տիգրան Արզաքանցյանը, Սուրիկ Խաչատրյանը, իրենց պատկերացմամբ «դասեր» են տվել լրագրողներին: Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը»:

 
Հայաստանյան մամուլում հրապարակվել են այն սեքսիստական արտահայտությունները, որ գործարարները, պատգամավորներն ու այլ գործիչներ արել են ի պատասխան հարցերի:
 

Վերջին ու ամենթարմ դեպքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղի ունեցավ, երբ Ծիծեռնակաբերդում հարց տվող լրագրողին ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Այ աղջիկ ջան, յեքա մարդ ես»:

 

 …«Աղջիկ ջան, դու էս դարից չե՞ս»,-հայտարարել էր գործարար Տիգրան Արզաքանցյանը:

 

Անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում երբ լրագրողներից մեկը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդին սխալմամբ  Օսկանյան էր դիմել, գործարար պատգամավորն արձագանքել էր. «Աղջիկ ջան, ես էդքան նմա՞ն եմ Օսկանյանին»:

 

Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնում իր թեկնածությանը սկզբում դաշնակից ընկերները դեմ են եղել` Դավիթ Լոքյանն արձագանքել էր. «Սխալվում ես, աղջիկ ջան»:

 

«Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա էստեղից»,-2012-ին լրագրողին ասել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

 

Դեպքեր կան, երբ քաղաքական ու հասարակական գործիչներն այդպես դիմում են ոչ միայն լրագրողներին, այլև կին քաղաքական գործիչներին: Առավել հաճախ հասցեատերը եղել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մեր քաղաքական այրերը չեն  կարողանում զերծ մնալ սեքսիստական բնույթի արտահայտություններից, հատկապես այն  կանանց նկատմամբ, ովքեր աչքի են ընկնում իրենց  ակտիվությամբ և քաղաքական բարձր  հավակնություններով:

 

«Աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ոնց չես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք ԱԺ»,-այսպես Փոստանջյանի մասին արտահայտվել էր ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Նմանատիպ  օրինակները բազմաթիվ են.  « Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը»,  Կինը քաղաքականության մեջ բացարձակապես  անելիք չունի»«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը» , « Կնիկ է, նրա հետ  ի՞նչ հակասություն պիտի ունենամ»…  Սեքսիստական բնույթի  արտահայտությունների  ու վիրավորանքների իրական  ցանկը, ցավոք ,  դրանով  չի սահմանափակվում  … Դրանց  համատեքստում ,  կնոջ մասնագիտական  ունակություններն ու կարգավիճակն ակնհայտ  նսեմացնող  «քուր  ջան» դիմելաձևը   քաղաքական գործիչներից շատերի  պատկերացումներում  «հաճոյախոսություն»  է  …  

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3663

Գլխավոր էջ