Զարուհի Փոստանջյան. «Մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության այսօր կայացած անդրանիկ ասուլիսը տեղի ունեցավ անսովոր միջավայրում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանում: Նորաստեղծ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով, հենց այս պատմական տեղից իրենք հասնելու են Երևանի Արգիշտի 1 հասցեում գտնվող քաղաքապետարան և գրավելով այն հիմնարար փոփոխություններ են սկսելու:
«Մեր հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է»
Զարուհի Փոստանջյանն իր ելույթն սկսեց շուրջ երեսուն դար առաջ թագավորած Արգիշտի Առաջինի խոսքից արված մի մեջբերմամբ : Նա բարձրաձայն ընթերցեց Երևանի անձնագիրը համարվող սեպագիր արձանագրությունը և նկատեց՝ մայրաքաղաքի ներկայիս վիճակը հարիր չէ 2799 տարեկան քաղաքի անցյալին:
«Այստեղից ակնհայտ է՝ վերջին 25 տարվա ընթացքում Երևանի կանաչ տարածքները վերացան և մայրաքաղաքը վերածվեց շինությունների ամբողջության», – ասաց նա , շեշետելով , որ մայրաքաղաքի ընտրությունները քաղաքական բնույթ են կրում, քանի որ Երևանը, ըստ էության քաղաք-պետություն է, որն իր մեջ է ներառում պետական կառավարման ողջ համակարը, բացառությամբ մի քանի գործառույթների, որոնք վերաբերում են զինված ուժերին, ոստիկանությանը, գյուղատնտեսությանը:
«Երևանի քաղաքապետարանից] պատրաստվում ենք սկսել մեր երկրում բարեփոխումներ, հիմնահատակ փոփոխություներ՝ հիմնադրելով նոր քաղաքական համակարգ, որը պետք է ծառայի, իրապես, հայ ժողովրդին: Իսկ մեր հիմնական թիրախն, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք հենց իրենց ուղղակի հեռացնելու քաղաքական ասպարեզից, որովհետև գտնում ենք, որ նրանք ձախողվել են, իրենց երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի համար», – նշեց նա:
«Ավելի լավ Երևանի համար պետք է նախ չգողանաս Երևանից»
«Առավոտ»-ի հարցին ՝ արդյոք փոփոխություններ չի նկատում մայրաքաղաքում նախորդ ընտրություններից հետո, օրինակ, իր ընդդիմախոսներն ասում են, որ Երևանն ավելի լավ է դարձել, մանկապարտեզներն անվճար են դարձել, երթուղայիններում մարդիկ այն ժամանակվա պես ճկված չեն երթևեկում… , Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.
«Քաղաքի կենտրոնում ուղղակի դեկորատիվ ծաղիկներ տնկելը դեռ բարելավում չէ: Մանկապարտեզների անվճար լինելը նույնպես դեռ բարելավում չէ, որովհետև երեխաները և աշխատող մայրերը հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ, որովհետև տարիներ շարունակ մանկապարտեզի հերթերի ներքո են գտնվում: Երեխան դառնում է 6 տարեկան, նույնիսկ ծննդյան օրվանից հերթագրված են լինում, բայց հերթը այդպես էլ չի հասնում: Դա կոռուպցիոն մեխանիզմի ներքո է գործում: Այստեղ էլ չկա որևիցե բարելավում: Իսկ ավելի լավ Երևանի համար պետք է նախ չգողանաս Երևանից: Պետք է Երևանի միջոցները չվատնես, չյուրացնես, իսկ նա իր պաշտոնավարման ընթացքում, դրա վերաբերյալ կան ոչ միայն միջազգային կազմակերպությունների զեկույցներ, Վերահսկիչ պալատի զեկույցը կա, դա ես չեմ կազմել, այդտեղ մատնանշվում է գողության և յուրացման մասին: Եթե մենք ուզում ենք ավելի լավ Երևան, եթե մենք սիրում ենք Երևանը, ապա պետք է մենք միայն փոխանցենք Երևանին, ոչ թե վերցնենք Երևանից»:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների , քաղաքապետի երեք թեկնածուներից ամենահարուստը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: «Եթե Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է պատգամավորի իր տարեկան աշխատավարձը՝ մոտ 5.5 միլիոն դրամ, Նիկոլ Փաշինյանն էլ 2.5 հազար դոլար և Hyundai մեքենան, ապա Տարոն Մարգարյանը 2016 թվականին հայտարարագրել է մոտ 600 հազար դոլար: Գումարից բացի քաղաքապետը նաև իրեն պատկանող բազմաթիվ շենքեր է հայտարարագրել, հիմնականում՝ Ավանում, որտեղ 6 տարի թաղապետ է եղել: Այստեղ Տարոն Մարգարյանը երկու մեծ շենք ունի՝ 3700 և 1600 քառակուսի մետր մակերեսներով, մեկ առևտրի կենտրոն, մեկ բնակարան և երկու ավտոտնակ: Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցի շենքերից մեկում, քաղաքապետը մի ամբողջ հարկաբաժին ունի, ինչպես նաև ամառանոց Ջերմուկում… Քաղաքապետի մեկ տարվա եկամուտը ունեցվածքի համեմատությամբ բավական համեստ է՝ ըստ հայտարարագրի, նա ստացել է 5 միլիոն դրամ աշխատավարձ և 25 միլիոն դրամ՝ մեքենայի վաճառքից», – նշվում է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հրապարակումներին, Զարուհի Փոստանջյանը ենթադրեց, որ հավանաբար այդ ահռելի գումարները կուտակվել են հանարային յուրացումների հաշվին: « Կարող եմ միանշանակ ասել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն: Եթե դու աշխատում ես՝ որպես պաշտոնյա, աշխատավարձը կարող է բավարարել նվազագույն պայմանների համար: Ես արդեն 10 տարի է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ ու ձեռք չեմ բերել որևիցե կարողություն. այդ աշխատավարձով դու չես կարող նման կարողություն ձեռք բերել: Բացի այդ, նման ծանրաբեռնվածության պայմաններում մարդ ուղղակի չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որպեսզի կարողանա նման միջոցներ ձեռքբերել», – ասաց նա:
«Ես նաև Հանրային կառավարում եմ սովորել ԱՄՆ–ում»
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչները, որպես Տարոն Մարգարյանի հիմնական առավելություն, նշում են, որ նա նախ երկարամյա փորձ ունի, թաղապետ է եղել, նոր քաղաքապետ է դարձել, ինչը մյուս թեկնածուները չունեն, Փոստանջյանը հակադարձրեց, որ երբ տեսնում ենք, թե ինչ են կառավարել, ապա դրա մասին խոսելն անիմաստ է դառնում:
«Կառավարման փորձի համար կառավարման կրթությունն է նաև կարևոր: Դուք տեղեկացված եք, որ ես նաև Հանրային կառավարում եմ սովորել ԱՄՆ-ում և կառավարման փորձը իր մեջ ներառում է առաջին հերթին քաղաքականություն, թե դու ինչպիսի քաղաքականություն ես պատրաստվում իրականացնել: Մեր ողջ ազգի ներուժն այսօր օգտագործվում է տարբեր պետությունների կառավարությունների համար, և մեր լավագույն կառավարիչներն այսօր մտնում են աշխարհի լավագույն մասնագետների թոփ տասնյակի մեջ: Ես ամեն ինչ անելու եմ, որ համազգային մեր ներուժը կարողությունը օգտագործվեն մեր երկրի զարգացման համար», – ասաց նա:
«Ելքը» սպոնտան ձևավորված մի միավորում է, որը դեռ պետք է հղկվի»
Այն հարցին, թե ինչու հնարավոր չեղավ հանդես գալ «Ելք»-ի հետ դաշինքով՝ Զարուհի Փոստանջյանը նշեց՝ մարտի գնալ, պայքար տանել այն մարդկանց հետո, որոնք նույն գաղափարը չեն կրում, արդյունավետ չէ. «Մարտեր իրականացնելիս և ռազմավարություն մշակելիս պետք է հասկանանք, որ բոլոր ուժերը մեկտեղելը այնքան էլ արդյունավետ չէ: Պետք է նաև հաշվի առնենք մեր 25 տարիների փորձը, երբ ինչ-որ մի փոքր հարցի շուրջ միավորվում են, բայց քանի որ սպոնտան և կեղծ էին միավորվել, ոչ թե նույնատիպ գաղափարների և ծրագրերի շուրջ, ձախողվում են: Մեկ միավորում կարող են լինել, երբ կան նույնատիպ ծրագիր, գաղափարախոսություն, սկզբունքներ»,- ասաց Փոստանջյանը՝ շեշտելով՝ «Ելքը» սպոնտան ձևավորված մի միավորում է, որը դեռ պետք է հղկվի. անտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով, և իրենք իրար հետ արդեն իսկ տարբեր են, միասնական չեն։ դրա հետ մեկտեղ նշեց, որ «Ելք»-ում ընդգրկված են մարդիկ, ում անձնապես ճանաչում է և իհարկե, այդ մարդկանց հետ հնարավորություն կունենան ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել: «Բայց պետք է ասեմ՝ մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը», – ավելացրեց նա:
Ի դեպ , ասուլիսի նախորդ օրը երեկոյան Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր : Հաղորդման ընթացքում նա ցանկացել է հեռանալ տաղավարից` զայրանալով Պետրոս Ղազարյանի հնչեցրած հարցերից` «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: «Իմ խնդիրը Փաշինյանի հետ չէ, իմ թիրախը ՀՀԿ-ն է… Կներես, գնում եմ, չեմ եկել, որ Փաշինյանի մասին խոսեմ: Կամ նորից ենք անում, կամ գնում եմ: «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե»»,- ասել է նա:
Այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած դիտարկմանը, որ որպես քաղաքական գործիչ նա ընկալվում է չափից դուրս էմոցիոնալ անձ, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Առանց էմոցիայի քաղաքական գործիչը չի կարող որևէ խոչընդոտ հաղթահարել։ Հատկապես հայկական քաղաքական տիրույթում, երբ ամեն ինչ կեղտոտված է և հարիր չէ մարդկային հարաբերություններին, ապա էմոցիաները շատ կարևոր են, որովհետև հենց էմոցիաների միջոցով ես դու կարողանում հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները»:
«Ամենակատարյալը, որ բնությունը ստեղծել է, դա իհարկե կինն է»…
Լրագրողներից մեկի հարցին՝ Տարոն Մարգարյանի հետ համեմատած՝ Դուք ի՞նչ առավելություն ունեք՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ նշելու ոչ իմ առավելությունները, ոչ էլ կարող եմ, ասել, որ նրան ինչ-որ ձևով զիջելու եմ, բայց կարծում եմ՝ ամենակատարյալը, որ բնությունը ստեղծել է, դա իհարկե կինն է, ով նաև շարունակում է մարդկային կյանքը: Հետևաբար՝ առավելությունները և ավելի նվազ կարողությունները թողնում եմ ձեր գնահատականին»:
Ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին։ Զարուհի Փոստանջյանը խոստացավ, որ «Երկիր ծիրանիի» կարգախոսը և նախընտրական ծրագիրը կհրապարակեն հենց այդ օրը՝ քարոզարշավի մեկնարկին:
Թ.Հ.
Դիտումների քանակը` 3141