Զարուհի Փոստանջյան . «Առաջին գիծ, այո, գնում եմ ինքս, և նախընտրում եմ, որ իմ կողքին լինեն իմ հարազատները»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակնօրյա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 14-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ու մերժեց դրանք անվավեր ճանաչելու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին կուսակցությունը դիմել էր հանձնաժողովին՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Հանձնաժողովի նիստում Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց 20 էջից բաղկացած որոշումը՝ որով պարզաբանվում էր, թե ինչու են մերժում ընդդիմադիր կուսակցության դիմումը։ Նիստի վերջում հանձնաժողովը հաստատեց ընտրությունների արդյունքներն, ըստ որոնց Երևանի ավագանու կազմում 46 մանդատ կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 14՝ «Ելք»-ը, իսկ «Երկիր Ծիրանին»՝ ընդամենը 5։
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտնեց լրագրողներին , որ կշարունակի վիճարկել մայիսի 14-ի ընտրության արդյունքները: Ու թեպետ վստահեցրեց, որ որևէ պարագայում ավագանու իրենց թիմը աշխատանքից չի խուսափի, սակայն չհստակեցրեց մանդատները վերցնելու են թե ոչ:
«Մենք դիմելու ենք վարչական դատարան՝ վիճարկելու այս ապօրինի որոշումը: Դրանից հետո ապագա քաղաքական բոլոր գործընթացների վերաբերյալ, այդ թվում նաև քաղաքապետարանի վերաբերյալ, մենք ձեզ տեղյակ կպահենք», – «Ազատության» հետ զրույցում ասաց Զ.Փոստաջյանը:
Մինչև վարչական դատարան դիմելը հիվանդանոցից օրերս դուրս գրված Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով քաղաքապետի ընտրության օրը Ավանում ՀՀԿ շտաբում տեղի ունեցած միջադեպին, պնդում է, թե ոստիկանությունը համագործակցելով իշխող ուժի հետ կոծկել է հանցագործությունը։
«Շտաբում իրավապահները այդպես էլ չուսումնասիրեցին հանցագործության մասին վկայող փաստաթղթերը, փոխարենը ինձ և դստերս բռնությամբ դուրս հանեցին շտաբից», – ասաց նա՝ նշելով, որ մայիսի 14-ին դեռ պատգամավորական անձեռնամխելություն ուներ ու իր պարտքն է համարել ընտրակաշառքի ահազանգի հետքերով գնալ այդ շտաբ: Փոստանջյանի պնդմամբ՝ իշխող Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբից բացի, կեղծիքների մասին վկայող թղթեր ու ընտրակաշառք ստացողների հերթեր են եղել Հանրապետականի բազմաթիվ այլ շտաբներում. «Դրան էր ուղղված մեր բոլոր գործողությունները՝ բռնել ընտրագողերին, բռնել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը, և այդ կոպիտ խախտումների ներքո կեղծել են ընտրությունները»:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ այցելել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի վարչական շրջանի շտաբ և պահանջել ցույց տալ ցուցակները, սակայն հանդիպել էր շտաբի աշխատակիցների դիմադրությանը: Միջամտել էր ոստիկանությունը, և չնայած Փոստանջյանի պահանջին՝ իր և լրագրողների ներկայությամբ ստուգելու հանցագործության մասին տեղեկությունները, քաղաքապետի թեկնածուին և նրա դստերը ուժով հեռացրել էր շտաբից: Ընդ որում, միջադեպի ընթացքում թե՛ Զարուհի Փոստանջյանը , թե՛ նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, ով նաև նրա վստահված անձն է , վնասվածքներ էին ստացել և մինչ վերջերս բուժում էին ստանում հիվանդանոցում:
Անդրադառնալով «Ազատության» հետ զրույցում որոշ քաղաքական գործիչների կողմից հնչեցված քննադատությանը, թե ինչու էր նա երիտասարդ դստերն իր հետ էր տարել ՀՀԿ-ի շտաբ և այնտեղ վտանգի ենթարկել, Փաստանջյանը նշեց, որ հպարտ է, որ 21-ամյա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն իր կողքին է հնարավոր ընտրակեղծիքի հայտանաբերման գործում: Ավելին, կարծում է, որ դուստրը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է մասնակցել քաղաքական գործընթացներին:
«Իմ երեխան չափահաս է և հատուկ է եկել: Ինքը ուսանում է Ֆրանսիայում միջազգային իրավունք, հետևաբար նա չէր կարող նաև անտարբեր լինել: Քննությունները նախապես հանձնել էր և հատուկ եկել էր, որպեսզի օգներ, որ ես հնարավորություն ունենայի ավելի արդյունավետ իրականացնելու քարոզարշավը: Եթե ինչ-որ մեկը ասում է, որ իրավունք չուներ, կամ ինչու էր տարել իր երեխային, ապա ո՞ւմ երեխային պետք է տանեի․․․ իրե՞նց երեխաներին պետք է տանեի․․․ Առաջին գիծ, այո, գնում եմ ինքս, առաջին գծում ես եմ լինում և նախընտրում եմ, որ իմ կողքին լինեն իմ հարազատները», – ասաց Փոստանջյանը:
Ի նչպես տեղեկացավ «Ազատությունը» հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից, ո՛չ Տարոնի Մարգարյանի Ավանի շտաբում ոստիկանների քաշքշուկի հետևանքով ուղեղի ցնցում ստացած Լիլիթ Դրամփյանը, ո՛չ էլ Զարուհի Փոստանջյանը անցյալ շաբաթ հարուցված քրեական գործում դեռևս ներգրավված չեն որպես տուժողներ, այլ ունեն վկայի կարգավիճակ: ՀՔԾ-ից «Ազատությանը» նաև հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Փոստանջյանի՝ հանցագործության մասին հայտարարության հիման վրա, սակայն այդպես էլ չհստակեցրին, թե արդյոք քրեական գործի երեք հոդվածներից մեկը՝ ընտրական շտաբի աշխատանքի խոչընդոտման հոդվածը Փոստանջյանին է վերաբերում, և արդյոք հնարավոր է նա հայտնվի մեղադրյալի կարգավիճակում։ Այս հոդվածից բացի, քրգործի մյուս հոդվածը վերաբերում է առերևույթ ընտրակաշառք տալուն, երրորդը՝ ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն։
Առավել մանրամասն «Ազատության» հետ հարցազրույցում.
Կարդացեք ՏԻՄ ընտրություններ-2017 խորագրի ներքո մեր կայքում.
Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել
«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը
Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ
Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Դիտումների քանակը` 3753