Զարուհի Փոստանջյանը Նյու Յորքում մասնակցել է կանանց կարգավիճակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը Նյու Յորքում

ՀՀ  Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով մասնակցել է   Նյու Յորքում՝ սեպտեմբերի 29-ին կայացած «Արեւելյան Եվրոպայի ապագան.Կանանց հնարավորությունների ընդլայնում» բարձրաստիճան  ոչ ֆորմալ քննարկմանը։ Դրա մասին է հաղորդում «Ժառանգություն» խմբակցության  լրատվական  ծառայությունը:

 

Քննարկումը կազմակերպվել էր Կին համաշխարհային լիդերների խորհրդի  կողմից, որը միավորում է աշխարհի  պետությունների նախկին եւ ներկա կին ղեկավարներին եւ որը այժմ ղեկավարում է  Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:  Զ. Փոստանջյանի հետ միասին այս  ոչ ֆորմալ քննարկմանը մասնակցում էին նաեւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Շվեդիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 


Իր ելույթում Զ. Փոստանջյանը, մասնավորապես, նշել է, որ կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներում, որոնք ձեւավորվել են շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եւ որ այդ ռեժիմների հեռացումը կարեւոր է՝ որպես հարցի լուծում բոլորի համար արդարություն ու հավասարություն ապահովելու գործում։

 


Զ. Փոստանջյանն իր խոսքում նաեւ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերին, որի արդյունքում հրետանային ռմբակոծության հետեւանքով երեք հայ կանայք եւ չորս զինվոր են զոհվել, ինչպես նաեւ մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել:

 

Քննարկմանը մասնակցում էր նաև Նադիա Սավչենկոյի քույրը, ով կոչ էր անում ազատ արձակել Նադիային Ռուսաստանում գտնվող բանտից ։

 

Ըստ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության

մամլո հաղորդագրության

Դիտումների քանակը` 7053

Գլխավոր էջ