Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ
Օրերս «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հինգ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: WomenNet.am-ի հետ զրույցում «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը նշեց, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ ներկայացնելու կուսակցության ծրագիրն ու տեսակետը այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք անդրադառնում են կանանց խնդիրներին:
«Զարուհի Փոստանջյանը հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ ինչպես իր քաղաքական գործունեության ընթացքում միշտ պայքարել է կանանց իրավունքների համար, այնպես էլ շարունակելու է այդ գործունեությունը հետագայում ևս: Եվ հանդիպումը նպատակ ուներ կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններից լսել քաղաքային իշխանություններից հիմնական սպասելիքների մասին, ինչպես նաև նախանշել որոշ ծրագրեր՝ ավելի հստակ խնդիրներով»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Մարո Մաթոսյանը ներկայացրել է «Կանանց աջակցման կենտրոնի» գործունեությունը, որի շրջանակում իրենք հիմնականում աշխատում են ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հետ և հստակ գիտեն կարիքները: Նշվել է կանանց քաղաքային իշխանությունների կողմից ավելի շատ ուշադրություն և աջակցություն դարձնելու անհրաժեշտությունը.
«Մասնավորապես, ես բարձրաձայնեցի այն ընտանիքների խնդիրը, որտեղ ամուսինները մեկնել է արտագնա աշխատանքի, լքել ընտանիքը կամ գումար չեն ուղարկում և այդ ամենի հետևանքով կանայք հայտնվել են բավականին բարդ սոցիալական իրավիճակում: Այս կանայք պետք է ստանան իշխանությունների աջակցություն. շատ կարևոր է, որ պետական մանկապարտեզներում ավելանան անվճար տեղերը, աշխատանքային ժամերը երկարացվեն մինչև ժամը 18.00-ն, որպեսզի կանայք կարողանան աշխատել և ընտանիքը պահել: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ մայրաքաղաքը լիովին կարող է դա իրեն թույլ տալ, ունի այդ հնարավորությունը, քանի որ շատ վայրեր վաճառվում են մասնավերին, մինչդեռ դրա փոխարեն դրանք կարելի էր դարձնել մանկապարտեզ»,- տեղեկացրեց տիկին Մաթոսյանը:
Հաջորդ խնդիրը, որ բարձրաձայնվել է, վերաբերում էր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց բնակարանային խնդրի լուծմանը՝ վարձակալության մասին է խոսքը, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, երբ կանայք բռնությունից խուսափելու համար տանից հեռանում են, բայց կա՛մ ցածր աշխատավարձ են ստանում, կա՛մ ընդհանրապես չեն աշխատում և տան խնդիրը իսկական պատուհաս է դառնում իրենց համար: Այս կոնտեքստում կարևորվել է նաև աշխատանքային քվոտաների սահմանումը ու առաջնահերթ այն կանանց համար, որոնք ամուսին չունեն կամ միայնակ են մեծացնում երեխաներին:
Կանանց վերաբերող հարցերից զատ քննարկվել են նաև ընդհանուր մայրաքաղաքի խնդիրները, դրանց լուծումները՝ քաղաքային տրանսպորտի անվտանգություն և հարմարավետություն, Երևանի կենտրոնի սրճարաններով և զվարճանքի օբյեկտներով հագեցվածություն, տնտեսավարողների կողմից իրենց տարածքի մաքրում, հատկապես ձմռան ամիսներին և այլն: Մարո Մաթոսյանը նաև ասաց, որ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Երևան քաղաքի բյուջեի հնարավորությունները և խոստացել, որ ուսումնասիրելու է, թե ո՞ւր են ուղղվում այդ ահռելի միջոցները, եթե այսքան չլուծված խնդիրներ կան և կարծիք հայտնել, որ այստեղ գործ ունենք չարաշահումների հետ.
«Շատ արդյունավետ հանդիպում էր և հուսանք, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և արդյունավետ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2772