Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…

 

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…

 

Այս խոսքերը պատկանում են  Զապել Եսայանին, ով հայտնի է դարձել որպես գրող անցյալ դարի սկզբին՝  30 տարին դեռ չբոլորած:  Նա  նշանակալից երևույթ է համարվում  հայ գրականության մեջ: Նրա կյանքն էլ է բացառիկ, քանի որ նա եղել է հայ ազգի նոր պատմության կարևորագույն փուլերի ներգրավված վկան՝  վերապրելով կիլիկյան ջարդերը, 1915թ. հայերի ցեղասպանությունը, Հայաստանի առաջին անկախ հանրապետության ծնունդը 1918թ., հայկական սփյուռքի ձևավորումը … Նա հայրենիք էր եկել 1933-ին՝  քիչ անց  դառնալով  ստալինյան բռնապետության  զոհերից մեկը: Նրան ձերբակալել էին  1937-ին  և, որոշ տեղեկություններով,  վեցամյա բանտարկությունից հետո՝ 1943-ին  նա մահացավ  Բաքվի բանտում…

 

Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում, սովորել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում: Առաջին գործըՙ «Երգ առ գիշեր» արձակ բանաստեղծությունը լույս է տեսել 1895-ին Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսի առաջին համարում: Ավելի ուշ տեղափոխվել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, ամուսնացել նկարիչ Տիգրան Եսայանի հետ, երկու զավակների (Սոֆի եւ Հրանտ) մայր դարձել:

 

1908-ին Եսայանը վերադառնում է Կ.Պոլիս, ականատես է դառնում թրքական բռնապետության հայահալած քաղաքականությանը` ուղեկցվող բարբարոսական ջարդերով, կոտորածներով, արհավիրքներով: Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնում է  Կիլիկիա՝ «Ազատամարտ» թերթում տպագրելով հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

 

«Հայ կանանց համաշխարհային ասոցացիայի» անդամ, խմբագիր Ջուդի Սարյան, ով  վերջերս` 2016-in ԱՄՆ-ում լույս  տեսած Զապել Եսայանի  «Ավերակների մեջ» վավերագրության անգլերեն թարգմանության խմբագիրն է՝ բնորոշելով  գիրքն ու նար հեղինակին ասում է.  «Զապել Եսայանը հավատում էր, որ գրականությունը ոչ թե զարդարանք, այլ սոցիալական հավասարության համար պայքարելու միջոց է: Մասնավորապես  «Ավերակների մեջ»-ի հիմնական ուղերձը հանուն ճշմարտության եւ մարդու իրավունքների համարձակ գործելն է: Զապել Եսայանը  առաջին հայ գրողներից էր, որոնք հատուկ ուշադրություն դարձրեց կոտորածների ժամանակ կանանց չարչարանքներին: Նա ձայն տվեց վերապրած կանանց՝ մի բան, որ նախկինում երբեւէ չէր արվել: Եսայանը հասկացավ, թե ինչպես էին ցեղասպանության ժամանակ առանձնապես թիրախավորվում կանանց մարմինները, ու հիմա դրանք Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բռնությունների կարեւոր մասն են: Եսայանի խոսքերը մարգարեական էին եւ օգնում են մեզ ուշադրություն դարձնել ցեղասպանական գործընթացի ժամանակ անմեղ կանանց եւ երեխաների տանջանքներին»:

 

1915-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով է փրկվում՝ ապաստանելով Բուլղարիայում: Երկար ժամանակ չի մնում Բուլգարիայում եվ մի քանի մտավորականների կանանց ու երեխաների հետ գնում է Կովկաս, այնտեղ իրենց շատ է օգնում Հովհաննես Թումանյանը: Այս ընթացքում Զաբելը կազմակերպում  է հայ տարագիրների և որբերի հավաքագրման ու տեղավորման գործը։

 

Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները՝ բողոքի ձայն բարձրացնելով քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ, մտորելով հասարակության մեջ կանանց տեղի եւ դերի մասին:

 

«Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս. Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է. Դեր մը կ’ընտրեն կեանքի մէջ ու այդ դերը կը կատարեն. Դերը կ’ընտրեն երբեմն ինքնիրենց, որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն»  -Վերջին Բաժակը (գրված է 1916-ին , հրապարակված՝ 1924-ին):

 

1921-ին  ամուսնու հիվանդության պատճառով  նա վերադառնում է Փարիզ, նույն թվականի օգոստոսին ամուսինը մահանում է:

 

1926-ին առաջին անգամ գնում է Երևան ու վերադառնում շատ մեծ տպավորություններով , որոնք  ամբողջացրել  է «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1932-ի դեկտեմբերին նրան հրավիրում են Երևանի պետական համալսարանում դասավանդելու եվ 1933-ից նա   հաստատվում է  Խորհրդային Հայաստանում:

 

Այստեղ նա շարունակում է  հրատարակել  հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։

 

Ուշագրավ  են  այդ տարիների  Զապել Եսայանի մասին հիշողությունները՝ զետեղված  Ռուբեն Զարյանի  «Հուշապատում» գրքում .

 

« Ընդմիջումներին, եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին: Նրանք մեզ համար հեղինակություներ էին և մեզ հետաքրքիր էր նրանց տեսնել «անպաշտոն» վիճակում: Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր: Դա էլ նորություն էր: Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել: Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն: Նա նոր մարդ էր Երևանում և չէր աշխատում հարմարվել տեղական սովորություններին: Նա անում էր այն, ինչ սովոր էր անել Փարիզում և ոչ մի նշանակություն չէր տալիս, թե ով ինչ կասի: Գիտեր, որ ծխելու վրա շատերը խեթ են նայում, բայց չնկատելուն էր տալիս և նույնիսկ հենց դրանց էլ մեկնում էր ծխախոտատուփը»…

 

1937-ին  նրան ձերբակալում են, եւ այն ժամանակվա համար սովորական ՝   լրտեսության  մեղադրանքով,   դատապարտում տաս տարի ազատազրկման: Կա վարկած որ նա մահացել է 1943-ին, Բաքվի բանտում, բայց ոչ մի ստույգ տեղեկություն չկա թե ինչպես, որտեղ եվ երբ է նա մահացել…

 

 

 

Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.

 

 

 «Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը

 

Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…

  

Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով

  

«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր

 

 Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

 

Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

 

Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին

 

 

Այցելե’ք  նաեւ «Զապել Եսայան» նորաբաց   ֆեյսբուքյան էջը

 

 

 

Դիտումների քանակը` 17607

Գլխավոր էջ