Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ երիտասարդ մայրիկների սպասելիքները ոչ միայն երեխաների հետ զբոսանքի հարմարավետության, ժամանցի ապահովման են վերաբերում, այլ անվտանգության ապահովմանը: Հարմարավետությունն ու ժամանցը անվտանգության բացակայության դեպքում երկրորդ պլան են մղվում: Երևանցի մայրիկները WomenNet.am-ին պատմել են իրենց մտահոգությունների ու անհանգստությունների մասին:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Ա. Մինասյանն անհագստացած է երթևեկության վիճակից: «Երեխաների հետ զբոսանքի ժամանակ նույնիսկ բակային տարածքներում չգիտես ինչպես, հնարավոր ու անհնարին տեղերից մեքենաներ են հայտնում, այն էլ մեծ արագությամբ։ Նույնիսկ նեղ ու փոքր փողոցներում այնպես են վարում, կարծես, ընդարձակ ու արագընթաց մայրուղի լինի։ Մտագոհիչ են նաև անբարեկարգ բակերը, կանաչ տարածքների բացակայությունը, խաղահրապարկներում տեղադրված կարուսելների անսարքությունն ու մաշվածությունը։ Մի քանի օր առաջ Արաբկիր համայնքում՝ Հ. Հակոբյան 1 հասցեում տեղադրված սղարանն ընկավ երեխայի վրա, ծնողները ստիպված եղան հիվանդանոց տեղափոխել երեխային»,- ասում է նա:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապրող Վ. Բուռնաչյանը մատնանշում է երեխաների խաղահրապարակների ու ընդհանրապես փողոցների մաքրության խնդիրը, մայթերի բացակայությունը: «Հենց մեր փողոցում մայթ գոյություն չունի։ Պետք է վստահ լինեմ, որ երեխան խաղահրապարակում գետնից աղբ չի վերցնի, ասի՝ մամ, էս ի՞նչ է: Նման նախադեպեր շատ են եղել : Պետք է վստահ լինեմ, որ երեխան դպրոցից գալուց մայթով ապահով տեղ կհասնի, ոչ թե կիջնի եւ ստիպված լինի փողոցի մեջտեղով քայլել», -ասում է նա:
Նույն վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում ապրող Լ. Կիրոկոսյանն էլ ահազանգում է, թաղամասի նորակառույց տները չունեն կոյուղատար, ինչը կարող է տարբեր վարակների աղբյուր հանդիսանալ: «Կոյուղատար չկա, փոսեր են բոլորը փորել, ծածկել: Հիմնականում արգելում ենք երեխաներին բակերում խաղալ, բայց օրերն էլ տաքացան, ո՞նց կարող ենք ամբողջ օրը տանը պահել: Քաղաքային իշխանություններին խնդրի մասին տեղյակ ենք պահել, լրատվամիջոցներով բարձրաձայնել ենք, բայց դեռ լուծում չի ստացել: Հազար ու մի վարակի աղբյուր է»,-ասում է նա:
Երիտասարդ մայրիկը նկատեց, որ փողոցները խորդուբորդ են, եթե երեխան ուզում է հեծանիվ քշի, ստիպված գնում են այգի, որ երեխաները կարողանան մեքենա, հեծանիվ ու այլ բաներ քշել, ոչ մի փողոց, անգամ թաղամաս մտնող գլխավոր փողոցը, մայթեր չունեն:
Ա. Ղազարյանը Նոր Նորք վարչական շրջանում է ապրում: Աշխատում է: Չորս տարեկան երեխային մանկապարտեզ է տանում քաղաքի մյուս ծայրում՝ Շենգավիթ վարչական շրջան: Մանակպարտեզներն ավելի շուտ են փակվում, քան իր գործն է ավարտվում: Ստիպված է մայրիկի տան հարևանությամբ գործող մանակապարտեզ տանել, որպեսզի մինչև իր աշխատանքի ավարտը երեխային տատիկը խնամի:
Նոր Նորք-Շենգավիթ ամենաօրյա ճանապարհին անցնում են կրկեսի կողքով, որի շինարարությունը դեռ ընթանում է: «Երևանում մանուկների համար թերևս պակասում է ամենագունեղն ու սպասվածը՝ կրկեսը։ Իմ 4-ամյա տղան տղան անհամբերությամբ է սպասում երևանյան կրկեսի գործարկմանը և ամեն անգամ այդ հատվածով անցնելիս կիսակառույց շենքին նայելով՝ հարցնում. «Մամ, ե՞րբ եք ինձ տանելու կրկես»: Մանկական ժամանցի լիարժեք կազմակերպման բացը, թերևս, բոլորիս կողմից սիրելի և շատ սպասված կրկեսի վերագործարկումն է»,-ասաց նա:
Ավելի փոքրիկ տղայի մայրիկ՝ Կենտրոնում բնակվող Ն. Ասլանյանը չի կարողանում սայլակով որդու հետ առանց դժվարությունների զբոսնել: «Մայթերի մեծ մասը կտրտված են, սայլակով զբոսանքի համար շատ անհնարմար, որոշ փողոցներում մայթերն այնքան նեղ են, որ մի կերպ է սայլակն տեղավորվում, իսկ երբ դիմացից մարդ է գալիս, ես եմ ամաչում, ամբողջ մայթն եմ զբաղեցրել: Երեխայակենտրոն որևէ նախաձեռնություն վերջին տարիներին չեմ տեսել: Ժամանցի վայր ենք գնում, թեկուզ մանուկների համար նախատեսված, կերակրման սենյակներ չկան, տակդիր փոխելու համար առանձնացված վայրերն էլ շատ քիչ տեղերում են: Երեխայի հետ ռեստորան ես գնում, բոլորը ծխում են: Անգամ հասարակական տրանսպորտում են ծխում»,-խնդիրները թվարակեց մայրիկը:
Ավան վարչական շրջանի բնակիչ Օ. Գասպարյանը երկու երեխա ունի, ողջ օրն վազքի մեջ է՝ աղջկան պարի է տանում դասերից հետո, տղային՝ կարատեի: Բայց հիմա ավելի հեշտ է տրանսպորտ նստելը, ճիշտ է՝ միշտ չէ, որ երեխաներին հաջողվում է նստել: «Այ որ փոքր էին, տրանսպորտ նստելն իսկական տանջանք էր: Թեկուզ ծալած սայլակով ավտոբուս բարձրանալու հնարավորություն չկար, հիմա էլ չկա»,- ասաց նա:
Խնդիր է նաև մանակապարտեզի աշխատանքային ժամերի, երկարօրյա դպրոցների բացակայությունը: «Մանակապարտեզները կարճ են աշխատում, երկարօրյա դպրոցներն էլ մասնավոր են, գներն էլ շատ բարձր: Շատ էլ ուզենամ, չեմ կարող դրանց համապատասխան աշխատանք գտնել»,-ասաց Օ. Գասպարյանը:
Մայրիկների հետ զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 3407