Երևանի ֆիզիկայի ինստիտուտը կղեկավարի աշխարհահռչակ ֆիզիկոս Անի Ապրահամյանը
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշել է հիմնադրամի տնօրեն նշանակել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ առաջարկելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր, հաղորդում է ՀՀ գիտության և կրթության նախարարության մամուլի ծառայությունը ։
Խորհրդի նիստին հրավիրված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, հույս է հայտնել, որ Անի Ապրահամյանի ղեկավարությամբ ազգային լաբորատորիան, կառավարվելով միջազգային ստանդարտներին համապատասխան, կարձանագրի գիտական լուրջ առաջընթաց։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին տնօրեն Աշոտ Չիլինգարյանին երկարամյա գործունեության համար` առաջարկելով ղեկավարել Կոսմիկական ճառագայթների կենտրոնը:
Խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով Անի Ապրահամյանին, նշել է, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս է, ԱՄՆ և Եվրոպական մի շարք երկրների գիտական կազմակերպությունների և միությունների անդամ (Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա), ինչպես նաև ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության գիտական կազմակերպությունների տարբեր հանձնաժողովների անդամ: Անի Ապրահամյանը համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնոյին կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, հանդիսանում է Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի և նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության և տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ այլ գիտական հանձնաժողովների անդամ։ Անի Ապրահամյանն ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ՝ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում։ Նա 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։
Անի Ապրահամյանն իր ներդրումն ունի նաև Հայաստանի գիտության զարգացման գործում։ ՀՀ վարչապետի 2009թ. որոշմամբ Անի Ապրահամյանը նշանակվել է Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու նպատակով ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետի 2011թ. որոշմամբ՝ հիմնադրամի փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամ և գիտական քարտուղար։ Երկու հանձնաժողովներն էլ գործում են ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի նախագահությամբ։ Անի Ապրահամյանը նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է: Նա նաև զգալի աշխատանք է իրականացնում երիտասարդ գիտնականներին աջակցության, միջազգային ծրագրերում նրանց ներգրավելու ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ հայ հասարակությանը համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Անի Ապրահամյանը հայտնի դարձավ անցյալ տարվա նոյեմբերին , երբ մեկ այլ աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ միասին Հայաստան էր ժամանել Համահայկական գիտաժողովին մասնակցելու, ինչպես նաև Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ռազմավարության հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտումների քանակը` 3751