Երևանի ավագանու 4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
«Իմ քայլը» դաշինքից ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ իր թիմին վստահելու համար ու խոստացավ․ «Մենք կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Խոսքս ուղղում եմ մեր ավագանիներին՝ միշտ ուշադիր լինել մեր Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին,բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և բոլոր հարցերը բերել, հասցնել այստեղ, մեր ավագանու նիստին, հանել քննարկման և անհապաղ լուծումներ տալ դրանց»:
Նիստի ընթացքում ավագանու նորընտիր կազմն ընտրեց չորս հանձնաժողովների նախագահների՝ որոնցից երեքն անկուսակցական են: Նշենք, որ բոլոր հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին։ Արդյունքում, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահը ՝ Արսեն Կարապետյանը։ Իսկ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արուսյակ Ջուլհակյանը: Բոլորը «Իմ քայլը» խմբակցության անդամ են հանդիսանում:
Նախագահի տեղակալի պաշտոններում համապատասխանաբար ընտրվեցին ՝ Լևոն Հովհաննիսյանը, Հակոբ Մելիքյանը, Մարկոս Հարությունյանը, Գայանե Մելքումյանը: Տեղակալներից մեկն է ԲՀԿ-ի ներկայացուցիչ, իսկ «Լույս» դաշինքը հրաժարվեց այդ առաջարկից:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը: Երևանի քաղաքապետարանի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին։ Այդ օրը տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագնու կազմում ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի 57, «Լույս» դաշինքի 3 ու «Բարգավաճ Հայաստանի» 5 անդամներ: Կանանց ի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Երևանի նորընտիր ավագանու 65 անդամից 18-ն են կին, ինչը 27.6% է կազմում:
Դիտումների քանակը` 2751