Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները` կայացնելով որոշում, ըստ որի Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:
Նախնական հաշվարկներով, ըստ կուսակցությունների ցուցակների, ավագանու 65 մանդատից 20-ը կամ 30%-ը բաժին կհասնի կանանց: Ու եթե մինչև մանդատների հանձնումը անակնկալներ չլինեն, դա նշանակում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երևանի ավագանիում ապահոված կլինի կանանց կրիտիկական զանգվածը և դրանով իսկ որոշումների վրա ազդելու նրանց ռեալ հնարավորությունը… իհարկե , եթե կանայք կարողանան ինչ որ հարցերի շուրջ միասնական դիրքորորշմամբ հանդես գալ ի օգուտ մայրաքաղաքի բնակիչների: Հիշեցնենք, որ գործող ավագանու կազմում կանայք կիսով չափ քիչ էին՝ 65 անդամներից ընդամենը 10-ն են կանայք կամ 15%-ը:
Այս պահին սակայն ոչ ԿԸՀ-ում, ոչ էլ կուսակցություններում հստակ չեն կարողանում ասել, թե ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ովքեր ներկայացված կլինեն մայրաքաղաքի ավագանու կազմում, ինչը թույլ չի տալիս պնդելու, որ կանանց թիվը ավագանիում իրականում 30% կլինի:
ԿԸՀ-ից WomenNet.am-ին հայտնեցին, որ մոտ օրերս արձանագրություն են կազմելու մանդատները տրամադրելու մասին։ Հավելեցին նաև ,որ օրենքով սահմանված ժամկետ չկա արձանագրությունը կազմելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով միայն մեկ ինքնաբացարկ է ներկայացված: Ավագանու անդամությունից հրաժարվել է «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլկխավորող Նիկոլ Փաշինյանը, ով ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր էր ընտրվել: Դաշինքի նախընտրական ցուցակի հիման վրա կարելի է ենթադրել, որ ավագանու կազմում «Ելք»-ից ներկայացված կլինեն հինգ կանայք, ցուցակի առաջին 15 հորիզոնականներում այդքան կին թեկնածու կա: Այսպես, Երևանի ավագանիում կշարունակի աշխատել ամենաակտիվ անդամը՝ Անահիտ Բախշյանը, ընդգրկված կլինեն նաև Անի Խաչատրյանը («Հանրապետություն» կուսակցություն), Անի Սամսոնյան («Լուսավոր Հայաստան»), Թեհմինա Վարդանյանը («Հանրապետություն»), Զարուհի Բաթոյանը («Քաղաքացիական պայմանագիր»):
«Երկիր Ծիրանի» կուսակցությունում էլ չեն որոշել, ովքեր են լինելու ավագանու կազմում: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ կշարունակի վիճարկել մայիսի 14-ի ընտրության արդյունքները: Թեև վստահեցրել է՝ որևէ պարագայում ավագանու իրենց թիմն աշխատանքից չի խուսափի, սակայն չի հստակեցրել մանդատները կվերցնեն թե ոչ: Նա օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից, իսկ այնտեղ էր հայտնվել ՀՀԿ-ի՝ Ավանի շտաբներից մեկում կատարված հայտնի միջադեպեից հետո: Նրա հետ բուժհաստատություն էր տեղափոխվել նաև դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, ով իր վստահված անձն էր: Ինչևէ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակում 3 կանայք կան՝ Զարուհի Փոստանջյանը, մանկավարժ և կուսակցության մամլո քարտուղար Սոնա Աղեկյանը, բժիշկ Մարինա Խաչատրյանը:
ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը WomenNet.am-ին ասաց, որ ավագանու անդամների վերջնական ցանկն այս պահին չունեն: Նշենք, որ կուսակցության ընտրական ցուցակի առաջին 46 տեղերում 12 կին կա՝ Աստղիկ Գևորգյանը, Աննա Ասատրյանը, Նաիրիա Նահապետյանը, Ռոզա Սիրունյանը, Նատալյա Լափաուրին, Լիլիթ Բեգլարյանը, Աննա Մկրտչյանը, Ալինա Քուշկյանը, Անուշ Հայրյանը, Անուշ Նավասարդյանը, Նարգիզ Զեյնալյանը: Նրանցից հինգը՝ Աստղիկ Գևորգյանը, Աննա Ասատրյանը, Նաիրիա Նահապետյանը, Ռոզա Սիրունյանը, Նատալյա Լափաուրին, գործող ավագանու անդամ են:
Ներկայացված տվյալները , այնումենայնիվ, վերջնական տվյալներ չեն ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀԿ ընտրական ցուցակի մինչև 46-րդ հորիզոնականում թեկնածուների թվում նաև վարչական շրջանների ղեկավարներ կան, որոնք, ըստ ամենայնի, ինքնբացարակ կհայտնեն: Հնարավոր է, դրանով պայմանավորված, փոփոխության ենթարկվի նաև խմբակցության կանանց թիվը: Բացի այդ, «Երկիր Ծիրանին» դեռ չի հաստատել վերցնելու է մանդատները թե ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած քվեարկությանը մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների կեսից էլ պակաս մարդ՝ մոտ 41%-ը: Արդյունքում, «Ելք»-ը ստացել էր 21% ձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75%, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը՝ 71.25%:
Հ. Կարապետյան
Կարդացեք ՏԻՄ ընտրություններ-2017 խորագրի ներքո մեր կայքում.
«Երկիր Ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու մանդատները
Երևանի ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 30 % լինել
«Ընտրական օրենսգիրքը չի արգելում անձանց մուտքը նախընտրական շտաբ», սակայն…
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, քաղաքապետ է մնում Տարոն Մարգարյանը
Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ
Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Դիտումների քանակը` 3627