Երևանի ավագանու երեք խմբակցություններից երկուսը կանայք են ղեկավարում
Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը, որը վարեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը: «Ողջունում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ավագանի ընտրվել, նաև «Բարև Երևան» դաշինքի մուտքը»,- ասաց նա և նշեց, որ բոլորն այստեղ են տարբեր ծրագրերով, բայց ընդհանուր նպատակով։ Անդրանիկ նիստը սակայն այնքան էլ հարթ չընթացավ, «Բարև Երևան»-ը ընդդիմադիր կեցվածք ցուցաբերելով որոշեց բոյկոտել քվեարկությունները:
Նիստի ընթացքում պարզվեց, որ ավագանու կազմում ընդգրկված երեք խմբակցություններից երկուսի ղեկավարը կանայք են : ԲՀԿ խմբակցության (17 անդամ ) ղեկավարն է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, իսկ «Բարև Երևան» դաշինքի խմբակցությունը ( 6 անդամ) ղեկավարելու է Անահիտ Բախշյանը: Հանրապետական կուսակցության խմբակցությունը (42 անդամ) կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը:
Թամարա Պողոսյանը շնորհավորելով նորընտիր քաղաքային իշխանությանը նշեց , որ առաջիկա չորս տարիների համար գլխավոր սկզբունքն այն պետք է լինի, որ քննարկումներին մասնակից դարձնել նաև երևանցուն:
«Չեմ կասկածոմ, որ բոլորս էլ սիրում ենք Երևան քաղաքը, բոլորս էլ վստահեցրել ենք մեր ընտրողներին, որ անելու ենք հնարավոր ամեն ինչ `Երևանն իր հոգսերից մի քիչ թեթևացնելու համար: Ավարտվել է խոստումների շրջանը և մենք մտնում ենք գործելու ժամանակաշրջան»:
Վերջինս WomenNet.am –ի հետ զրույցում նշեց նաև ,որ այն հիմնախնդիրները որ առաջադրվելու են տարբեր խմբակցությունների կողմից մեզ համար նշանակություն չի ունենալու թե ով է առաջարկում այլ կարևոր է թ՞ե ինչ խնդիր է բարձրաձայնվում. «Այսինքն մենք շարունակելու ենք մեր կառուցողական մոտեցումները այլընտրաքային սկզբունքերի դաշտում»:
«Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ամբիոնի մոտ ելույթ չունեցավ, ավելին՝ խմբակցությունը որոշեց բոյկոտել քվեարկությունները: Ինչպես բացատրեց Բախշյանը՝ «այդ ձևն ընտրեցինք մեր վերաբերմունքն արտահայտելու ավագանու կեղծված ընտրությունների արդյունքի և ՀՀԿ-ի գերակշռող մեծամասնության նկատմամբ»:
Արդեն մեզ հետ զրույցում նա նշեց , որ իր ոտնամուտը թող Երևանի համար բարի լինի: «Սահմանփակում չի լինելու ինձ համար, թե որ ոլորտի խնդիրները պետք է բարձրաձայնեմ,բայց սևեռվածությունս լինելու է կրթական ոլորտին: Հրապարակի վերակառուցման վերաբերյալ հայտարարված մրցույթից մինչև Փակ շուկան…, որ մեկը ասեմ … բոլորը բարձրաձայնելու եմ:Երևանցիները ի դեմս «Բարև Երևան» դաշինքի Երևանի ավագանու կազմում տեսնելու են իրենց գործակալին », խոստացավ Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ ավագանին ընտրեց չորս մշտական հանձնաժողովների ղեկավարներին ու տեղակալներին.
– Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանը,
– Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը,
– Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:
– Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը:
Նիստում հայտարարվեց, որ, ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած ՀՀԿ-ի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ:
Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11:00-ին` Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։
Ա.Գ.
Տեսանյութը ՝ Tert.am
Դիտումների քանակը` 4982