Երկրաշարժից 25 տարի անց…

 

1988թ.

Երկրաշարժից գրեթե 25 տարի անց  Գյումրիում անօթեւան մնացած մարդիկ դեռ շարունակում են ապրել 88 վթարային շենքերում, հանրակացարաններում, իսկ «դոմիկ» բառը ծայրահեղ աղքատության  ախտորոշում է դարձել հազարավոր գյումրեցիների համար: Մոտավոր  հաշվարկներով, այսօր Գյումրիում դեռեւս կան մոտ  4500  «դոմիկներ»: 

 

2013թ.

 

«Դոմիկների»  թեմային անդրադարձ են կատարել    Մեդիամաքս  գործակալության  լրագրողներ  Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը,  ովքեր   այցելել են  Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասում գտնվող 227 տնակային  ավանում  բնակվող մի քանի ընտանիքներ:

 

Հարմարավետության մասին խոսելը ավելորդ է, նշում են լրագրողները,  «դոմիկներում» անգամ լողասենյակներ չկան: Բնակիչները օգտվում են հանրային բաղնիքներից, որտեղ 1 ժամվա համար նվազագույնը վճարում են 500 դրամ: «Դոմիկաբնակ» 4500 ընտանիքներ պետության կողմից այլեւս երբեք փոխհատուցում չեն ստանա: Նրանք կամ այլ թաղամասերի բնակիչներ են եղել, կամ ստացել ու վաճառել են իրենց բնակարանը…

 

Մարգուշ տատ, 69 տարեկան.

–          18ա շենքում էինք ապրում մինչեւ երկրաշարժը: Շենքը վթարային էր` տանկով փլեցին: Մի զոհված ազատամարտիկի կին կար` երեք ամիս իր տանը ապրեցինք: Ծանր թոքաբորբով հիվանդացա, պառկեցի: Որդիս գնաց Ռուսաստան, որ փող վաստակի, տուն գնի մեզ համար, ու անհետ կորավ: 21 տարի է` չկա: Ծանոթներիցս մեկը այս «դոմիկ» բերեց մեզ: Այստեղ երկու թոռնիկներիս հետ եմ ապրում` Խորենս 12 տարեկան է, Կարենս էլ` 9-ը: Հարսս, փոքր թոռանս` Քրիստինեիս հետ, իր մոր տանն է ապրում` էլի «դոմիկ»-ում: Երեք որդի ունեի, մեկը հոգեկան հիվանդ է, մյուսը անհետ կորածն է, երրորդս էլ չորս տարի առաջ մահացավ: 33 տարեկան էր: Նպաստ եմ ստանում ու թոշակ, մյուս «դոմիկներից» փայտ եմ հավաքում, երբ եղանակները լավն են` դաշտում եմ աշխատում: Այդ ժամանակ թոռնիկներիս իրենց մոր մոտ եմ տանում…

 

Չիչակ տատի, 75 տարեկան .

–          Էս «դոմիկ» կոչվածում հինգ հոգով ենք ապրում` ես, փեսաս` Սամվելը, երրորդ կարգի հաշմանդամ է, Արմինեն ու երեխեքը` Սոսիկն ու Մարիշը: Էս պայմաններում 24 տարի է ապրում ենք` շոր ու կոշիկ վառելով, որ տաքանանք: Մինչեւ երկրաշարժը բնակարանում էի ապրում, հերթագրվել էի, որ բնակարան ստանամ, վաուչեր ունեի: Ինձ ասում են` եթե չեմ ստացել բնակարան, ուրեմն կստանամ` պետք է սպասեմ: 24 տարի սպասում եմ` վաուչերի ժամկետը մարեց, համակարգչից էլ տվյալներս կորավ: Տարբեր մարդիկ մեզ օգնում են, 28 հազար դրամի չափով նպաստ ենք ստանում, հագուստ: Հարեւաններիս ցավը տանեմ, հենց ճաշ են եփում, ինձ բերում են: Արմինեն 26 տարեկան է` դաշտերում էր աշխատում, բայց որ երեխաները ծնվեցին, այլեւս չի աշխատում…

 

 

Արեւիկ Դավթյան, 24 տարեկան.

–          Մերը «դոմիկ» չէ` կրպակ է: 4 հոգով ենք ապրում այստեղ` ես, երկու երեխաներս` Սոնան ու Սուսիկը, ու ամուսինս` Տիգրանը: Մի երեխա էլ ունեի, բայց մահացել է: Ամուսինս բանվոր է, օրականով է աշխատում: Նա «դոմիկ» ուներ, բայց երբ մայրը մահացավ, վաճառեց ու ստացավ այս կրպակը` որպես աշխատանքային տեղ: Ես ամեն ինչից շնորհակալ եմ, բոլոր օգնողներիցս, բայց միայն մի բան եմ խնդրում` բնակարան չեմ ուզում, միայն թե «դոմիկ» ունենանք: Սնունդ էլ չունենք, բայց մեր կողքի խանութից հաց, մակարոն եմ վերցնում, հետո երբ ամուսինս փող է ստանում, վճարում եմ: –

 

 

Նյութը ամբողջությամբ   կարդացեք  Մեդիամաքս-ի   կայքէջում:

 

Լուսանկարները՝  

Իգոր Շիրյայեվի, Հայկ Բարսեղյանի, Մարիամ Լոռեցյանի 

 

 

 

Դիտումների քանակը` 4468

Գլխավոր էջ