Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
Այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա թեման է «Ներդրումներ հանուն երիտասարդության», – հայտարարեց օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ներկայացնելով այդ թեման բացահայտող մի շարք ուշագրավ փաստեր և թվեր:
«Բնակչության մեկ քառորդը, կամ 1,8 միլիարդ մարդ մինչև 24 տարեկան է: Հայաստանում մինչև 24 տարեկան երիտասարդները 16,5%-ն են կազմում, կամ 500 000 մարդ: Լինելով երկրագնդի շարժիչ ուժը, երիտասարդներն ունեն լուրջ խնդիրներ: Օրինակ` 69 միլիոն դեռահաս աշխարհում չի ստանում կրթություն, դուրս է մնում դպրոցից: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում»:
Ըստ Հայրապետյանի` Հայաստանում նույնպես իրավիճակը մտահոգիչ է: եթե աղքատության միջին ցուցանիշը մեզ մոտ 32,4% է, ապա մինչև 24 տարեկանների շրջանում այն կազմում է 34%: Բարձր է նաև գործազրկությունը երիտասարադների շրջանում, թեպետ այն տարբերվում է ըստ տարիքային խմբերի՝ մինչև 24 տարեկան և 24-ից բարձր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալներով՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը գերազանցում է 40%-ը, այն դերքւմ որ երկրում գործազրկության միջին մակարդակը կազմում է 15,4%», – ասաց բանախոսը, նշելով, որ ըստ պաշտոնական տվյալների 20-24 տարեկաններ երիտասարդներից աշխատանք չունեն 23,4%-ը, իսկ 18-30 տարեկաններից՝ 18,7%-ը:
Նշենք , որ երիտասարդների գործազրկության խնդիրը արդիական է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, շատ չնչին բացառությամբ: Հատկանշական է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Զբաղվածության գլոբալ միտումները -2013 զեկույցը վերնագրված էր « Երիտասարդ սերունդը վտանգի մեջ է»: Այն փաստում էր, որ գործազրկությունը թիվ մեկ խնդիրն է երիտասարդության համար ողջ աշխարհում:
Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ, աշխատանքի բացակայությամբ է հինականում պայմանավորված նաև երիտասարդների Հայսատանից մեկնելու ցանկությունը: Հայաստանի երիտասարդների ազգային զեկույցի համաձայն մշտական բնակության կցանկանար մեկնել երիտասարդների 36.8 տոկոսը:
Անդրադառնալով ամուսնական միջին տարիքի վերջին ցուցանիշներին Հայրապետյանը նշեց, որ եթե 2001թվականին միջին ամուսնական տարիքը կանանց համար 22,8-ն է, իսկ տղամարդկանց համար` 26,9-ը, ապա 2012-ին` կանանց համար այն 25,3-ն է, իսկ տղամարդկանց համար` 28,8-ը: Այսօր ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկաններից` յուրաքանչյուր 4-րդը: Ըստ բանախոսի, դա հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական պատճառներով, հատկապես տղաների պարագայում:
«Եթե տղաների մոտ չամուսնանալու պատճառների մեջ գերակշռում է սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա կանայք ձգտում են զարգանալ, կրթվել և դժվարանում են համապատասխան զույգ ընտրելու հարցում»,-ավելացրեց Հայրապետյանը:
Նա անդրադարձ կատարեց նաև ծնելիության խնդրին, քանի որ բնակչության աճի տեմպերը պակասելու դեպքում, միաժամանակ ավելանում է մեծահասակների թիվը: Հայստանում ծնելիության ցուցանիշը հուսադրող չէ: Այսօր Հայաստանում այն կազմում է 1,5 երեխա մեկ կնոջ հաշվարկով, այսինքն` 2 կին ունենում են 3 երեխա, ինչը լուջ ժողովրդագրական վտան է մեր երկրի համար»,- եզրափակեց Հայրապետյանը, նշելով, որ ծնելիությունը խրախուսելու, երիտասարդ ընտանիքներին աջակցություն ենթադրող ցանկացած ծրագիր ամենակարևոր ներդրումն է հանուն երիտասարդության:
Մ.Մ.
Դիտումների քանակը` 6019