Երթ` ի պաշտպանություն Ստամբուլի հայ կանանց

 

Փետրվարի 11-ին Երևանում Ազգային պատկերասրահի շենքի դիմացից երթ մեկնարկեց ` ընդդեմ Ստամբուլում հայ տարեց կանանց սպանությունների ու բռնությունների: Ակցիան կազմակերպել էր «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը, որին միացավ նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: 

 

«Ցեղասպան Թուրքիան պեtք է պատժվի», «Չենք հավատա թուրքի խոսքին», «Ճանաչում, դատապարտում, հատուցում», «Ոչ մի զիջում թուրքերին» գրություններով պաստառներով ու «Ամոթ, ամոթ» բացականչություններով նրանք շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակ, նամակներ հանձնեցին նաև ԵԽ, ԵՄ  երևանյան գրասենյակներին:

 

«Եկե՛ք միասնական ուժերով պաշտպանենք մեր իրավունքները և պահանջենք ՄԱԿ-ից, ԵԽ-ից, ԵՄ-ից և միջազգային մյուս իրավապաշտպան կառույցներից չթաքցնել թուրքական իշխանությունների վայրագությունները և զբաղվել իրենց իրական առաքելությամբ, այլապես նրանք դրանց անմիջական մասնակիցն են դիտվում»,-կոչ են անում երիտասարդները:

 

«Մենք ակնկալում ենք, որ համապատասխան վերաբերմունքով, գնահատականով միջազգային կառույցները կսթափեցնեն Թուրքիայի իշխանություններին»,-ասաց «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ նախագահ Սերոբ Գևորգյանը:

 

Երիտասարդներն ընդգծեցին, որ մինչ այս պահը եվրոպական ու միջազգային որևէ կառույց չի արձագանքել Ստամբուլում հայ կանանց նկատմամաբ բռնություններին:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ հասած երիտասարդները բարձրախոսով ընթերցեցին բաց նամակը` նշելով, որ Թուրքիայում շարունակվում է հայատյացության սերմանումը: «Մինչ այս պահը այդ երկիրը դեռ չի հրաժարվել իր որդեգրած ցեղասպան կեցվածքից, դեռ ավելին, հարմար առիթ է փնտրում այն կրկին իրագործելու համար»,-նամակն ընթերցեց Ս. Գևորգյանը, ավելացնելով, որ Թուրքիան դա անում է` օգտվելով միջազգային համարժեք արձագանքի բացակայությունից:

 

 

Հ. Կարապետյան

 

Ի դեպ

«Հայ կանայք միայնակ չեն».

թուրք ֆեմինիստուհիների բողոքի ակցիան ՝

ի պաշտպանություն   հայ կանանց 

 

Նշենք, որ մի քանի օր առաջ Ստամբուլի Ֆեմինիստական նախաձեռնություն»-ը Սամաթիա թաղամասում բողոքի ակցիա է անցկացրել` դատապարտելով հայուհիների վրա իրականացված հարձակումները:

Ֆաթիհ Քոջամուսթաֆափաշա հրապարակում հավաքված մոտ 200 կանայք «Հայ կանայք միայնակ չեն» «Ես Մարիցա եմ, ես Եվա եմ» «Հարևանիս վրա մի հարձակվիր», «Այլատյացությունը պատժող օրենք ընդունեք» գրությամբ պաստառներ  են պարզել : Այնուհետեւ Նրանք քայլերթով հասել են սպանված տարեց հայուհի Մարիցա Քյուչուքի տան մոտ և ծաղիկներ թողել այնտեղ։

 

Երթի սկզբում նրանք   հայերենով եւ թուրքերենով  տեքստ են  կարդացել:  Հայտարարության մեջ քննադատության է ենթարկվել իրավապահների կողմից հարձակումները որպես գողություն ներկայացնելը, ինչպես նաեւ նշվել է, որ իրավապահները որեւէ հստակ պարզաբանում չեն տալիս հարձակումների վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսների ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Պարզվել է, որ բոլոր հարձակումները իրականացրել է միևնույն անձը:

 

 

Կարդացեք նաև մեր կայքում.

«Թուրքիայում հայ կանանց սպանություններն ու բռնությունները կարող են ձնագնդի էֆեկտ ստանալ»

 

«1915-ի ուրվականները». The Economist –ը Թուրքիայում հայ կանանց սպանությունների մասին

 

 

 

Դիտումների քանակը` 3531

Գլխավոր էջ