Երեւանում կայացավ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ը

Այսօր  «Կոնգրես» հյուրանոցում կայացած  «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի  շրջանակում մրցանակներ շնորհվեցին  մի շարք անձանց ու  կազմակերպություններին:  Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպությունը: 

 

Մրցանակներ հանձնվեցին մի քանի  անվանակարգերում.

 

«Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արա Ղազարյանին եւ Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:

 

«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվեց «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի  կազմակերպիչներ` Կարեն Հարությունյանին և Ռուզաննա Գրիգորյանին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:

 

«Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանին՝ կանանց իրավունքների   պաշտպանությանն   ուղղված համարձակ  ջանքերի  համար:

Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը շնորհվեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:

 

«Մեդիա գերազանցություն» մրցանակի  արժանացավ «Հետք» ասոցիացիան՝ հետաքննական լրագրության և մարդու իրավունքների լուսաբանման հարցում ցուցաբերած  պրոֆեսիոնալիզմի համար:

 

Քարահունջի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:

 

«Համայնքային ծառայություն» մրցանակին արժանացավ Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:

WomenNet.am-ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝ նորանոր հաջողություններ մաղթելով մարդու իրավունքների պաշտպանության դժվարին գործում:

 

Դիտումների քանակը` 3916

Գլխավոր էջ