Երեխաներն ու զինված հակամարտությունները. դրությունը վատանում է

Հոկտեմբերի 14-ին  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի պատվիրակներին ներկայացրեց երեխաների և զինված հակամարտությունների մասին զեկույցը: Նրանում ասվում է, որ երեխաներին դեռևս շարունակում են սպանել, խեղել, բռնաբարել, առևանգել և ներգրավել ռազմական գործողություններում: 39 միլիոն երեխաներ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից զինված հակամարտությունների պատճառով:

 

«Ամեն տարի ես ասում եմ, որ երեխաների դրությունը հակամարտությունների պայմաններում ավելի է վատանում: Ցավոք, այս միտումը չի փոխվում», – հայտնել է ՄԱԿ-ի՝ երեխաների դրության և զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին՝ ներկայացնելով նոր զեկույցը:

 

Նրանում նշվում է, որ երեխաները հանդիսանում են լուրջ հանցագործությունների զոհ, նրանց հաճախ ստիպում են ներկա գտնվել դաժան մահապատիժների ժամանակ, ենթարկում են գաղափարախոսական մշակումների, հավաքագրում և ստիպում են դառնալ ահաբեկիչ-մահապարտներ: Աղջիկներին սեռական ստրկության են վերցնում, առևանգում են և դրդում են հարկադիր ամուսնության:

 

«Վերջին տարիների էապես մեծացել է երեխաների առևանգման դեպքերի թիվը: Ավելի հաճախ նման առևանգումները կատարվում են մեծ մասշտաբներով ծայրահեղական խմբավորումների կողմից: Օրինակ, Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության խմբավորումը առևանգել է ավելի քան 1000 տղաների և աղջիկների: Մի դեպքում էլ, Հալեպում Իսլամական պետության զինյալները գողացել են 150 տղաների, ովքեր դպրոցական քննություններից հետո տուն վերադառնալիս են եղել»:

 

Վերջին տարիներին երեխաների առևանգման դեպքեր են տեղի ունեցել հյուսիս-արևելյան Նիգերիայում, Աֆղանստանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Սոմալիիում, Հարավային Սուդանում և այլ երկրներում:

 

Հատուկ ներկայացուցիչը կոչ է արել բոլոր անդամ-պետություններին պաշտպանել հակամարտությունից տուժած երեխաներին:

 

Դիտումների քանակը` 3461

Գլխավոր էջ