Երեխաները գրավեցին Ազգային ժողովի ամբիոնը

 

 

Այսօր մեկ օրով՝ Երեխաների  համաշխարհային օրվա կապակցությամբ, ՀՀ Ազգային Ժողովի  բոլոր  խոսափողները  տրամադրվեցին  երեխաներին: Այդկերպ   Հայաստանի օրենսդիր մարմինն էլ միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:  Որո՞նք էին այն ուղերձները, որ պատանի  բանախոսները հնչեցրեցին այսօր երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից, ի՞նչ էին նրանք ուզում  լսելի դարձնել  մեծահասակների համար: Մասնակիցներից յուրաքանչյուրը բարձրաձայնեց մեկ խնդրի մասին…

 

Երեխան ունի ընտանիքում մեծանալու իրավունք

 

Մանե Մհերյան.  

«Հայաստանի մանկատներում ապրում է 647 երեխա, որից 400-ն ունի հաշմանդամություն»…

 

 

«Ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաները չպետք է հայտնվեն այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են, օրինակ, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցները: Ցավոք ներկայումս այդպիսի օրինակները շատ են, բազմաթիվ երեխաներ ստիպված են ապրել իրենց ընտանիքներից հեռու՝ մանկատներում կամ գիշերօթիկներում, ծնողական սիրուց ու ջերմությունից զուրկ: Ըստ 2017 թվականի պաշտոնական տվյալների, Հայաստանի մանկատներում ապրում է 647 երեխա, որից 400-ն ունի հաշմանդամություն: Գիշերօթիկներում ապրում է 465 երեխա, իսկ հատուկ դպրոցներում երեխաների թիվն անցել է 2000-ը, որից գրեթե 1500-ը չունի հաշմանդամություն: Եվ հետաքրքիրն այն է, որ հաստատություններում ապրող երեխաների 90 տոկոսը ունի գոնե մեկ ծնող»:

 

 

Վաղ  զարգացման հնարավորություն յուրաքանչյուր երեխայի համար

 

 

 

 

Սամվել Խաչիկյան.

 «Հայաստանում 0-5 տարեկան երեխաների միայն 28.7 տոկոսն է հաճախում մանկապարտեզ»…

 

 

«Ի՞նչ կապ կա ծառերի ու երեխաների միջև: Կարծես թե՝ ոչ մի, բայց բոլորն էլ գիտեն, որ ոչ մի ծառ հենց սկզբում չի լինում փարթամ ու գեղեցիկ: Այդ ամենին հասնելու համար նախ հարկավոր է տնկել ծառը, ջրել այն ու խնամել, տալ այն ամենը, ինչ հարկավոր է աճի համար: Իսկ տարիներ անց, երբ ծառն ունենա ամուր արմատներ, այն կկարողանա աճել նույնիսկ առանց հատուկ խնամքի: Նույնը վերաբերում  է նաև երեխաներին. Նրանց ծնված օրվանից պետք է խնամել, տալ այն ամենը, ինչ հարկավոր է լավ աճի համար: Միայն նրանց դեպքում կա մի մեծ տարբերություն՝ երեխաներին այդ ամենից բացի հարկավոր է նաև շատ լավ կրթություն: Հայաստանում 0-5 տարեկան երեխաների միայն 28.7 տոկոսն է հաճախում մանկապարտեզ, իսկ գյուղական համայնքներում ընդամենը 17.2 տոկոսը: Սրանք շատ փոքր թվեր են, բայց ավելի ցավալի է այն փաստը, որ մոտ 80 գյուղական համայնքներում նույնիսկ մանկապարտեզ չկա, իսկ 190-ում կա, բայց չեն գործում: Ստացվում է, որ պայմանների բացակայության պատճառով շատ երեխաներ զերծ են մնում կրթություն ստանալու իրավունքից, իսկ դա հարված է նրանց ապագային»:

 

 

 

 

Բռնությունից զերծ կյանք յուրաքանչյուր երեխայի համար

 

 

Ռուբեն Օհանյան.

« Հայաստանի մինչև 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական պատիժ կամ հոգեբանական բռնություն»…

 

 

««Ես  40 տարվա մանկավարժ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ. մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք, բայց , ցավոք, այդ մասին քչերն են գիտակցում: Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ասվում էր, որ Հայաստանի մինչև 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական պատիժ կամ հոգեբանական բռնություն պատունակող մի շարք դաստիարակչական մեթոդներ: Նրանք, ովքեր կարծում են, որ երեխային ծեծով դաստիարակելը արդյունավետ միջոց է, չարաչար սխալվում են՝ դա խայտառակ ինքնախաբեություն է: Ես նաև մի  քանի հետազոտություններ եմ ուսումնասիրել, որոնք փաստում են, որ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում, հետագայում դառնում են ավելի ագրեսիվ, ձեռք են բերում ֆիզիկական, հոգեբանական մի շարք խնդիրներ: Բռնությունը վատ է անդրադառնում ծնողի և երեխայի հետագա հարաբերությունների վրա, ինչպես նաև կարող է ազդել երեխայի զարգացման վրա: Մտածեք այս մասին»:

 

 

 

Սոցիալական ներառում յուրաքանչյուր երեխայի համար

 

 

Անի Ասատուրյան.

«Պարզեցի, որ ունեմ նաև մեկ այլ անուն՝ ներառական երեխա»…

 

«Ես Անի Ասատուրյանն եմ, 16 տարեկան: Ընդամենը մի  քանի ամիս առաջ ես պարզեցի, որ ունեմ նաև մեկ այլ անուն՝ ներառական երեխա: Եվ ինձ մերժեցին ընդունել Խաչատուր Աբովյանի անվան ուսումնարան՝ ասելով, որ ներառական երեխաների համար պայմաններ չունեն: Ես, իհարկե, կարող էի ծանոթով ընդունվել, բայց ես անգամ չեմ ուզում ոտք դնել այդ հաստատություն: Սոցիալական ներառումը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի համար, մենք էլ ենք երեխա, աննորմալ  ու հիվանդ չենք,  ու չպետք է տարանջատել մյուսներից: Պետք է ուսուցիչների վերաբերմունքը  փոխվի հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ: Իսկ Ազգային ժողովը պետք է վերահսկում անցկացնի ներառական կրթության ոլորտում, որ այն ավելի բարձրանա: Այսինքն՝ ուսուցիչները նախևառաջ ինձ նման երեխաներին պետք է հարցնեն՝  գո՞հ ենք իրենց աշխատանքից, թե ոչ»:

 

 

 

«Յուրաքանչյուր երեխա ունի առողջ սննդի իրավունք»

 

 

 

Էլեն Ասատրյան.

«Հայաստանում  երեխաների 14 տոկոսը գիրություն ունի, իսկ յուրաքանչյուր 10-րդ երեխան թերաճ է»:

 

Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության դեպքերի մոտավորապես կեսը կապված է թերսնուցման ու անառողջ սննդի հետ: Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում երեխաների 14 տոկոսը գիրություն ունի, իսկ յուրաքանչյուր 10-րդ երեխան թերաճ է: Ըստ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ եւ 27-րդ հոդվածների՝ «Յուրաքանչյուր երեխա ունի առողջ սննդի իրավունք»:

 

 

«Երեխան իսկապես բարձրագույն արժեք է» …

 

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ 25 տարի առաջ Հայաստանը նույնպես վավերացրեց Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան: Սակայն լավագույն փաստաթուղթն անգամ չի կարող երաշխավորել երեխայի իրավունքների պաշտպանությունը, եթե բոլորս չգիտակցենք, որ երեխան իսկապես բարձրագույն արժեք է՝ այսօրվա իրավունքներով և ապագայի հույսերով:

 

«Այսօրվա մեր հագեցած, եւ, միեւնույն ժամանակ, իսկապես օգտակար եւ ուսուցողական միջոցառումը երեխայի իրավունքների պաշտպանության գաղափարի շուրջ մեզ համախմբող լուրջ երկխոսություն էր, որի գործնական հետեւանքները, հուսով եմ՝ կարտացոլվեն նաեւ մեր գործողություններում: Հատուկ ցանկանում եմ պատգամավորների ուշադրությունը հրավիրել այս հարցերին», – ասաց ԱԺ խոսնակը:  Իսկ ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հատուկ նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցած երեխաներին դաստիարակության դասի համար։

 

Լիա Խոջոյան

 

Լուսանկարները՝ ՅՈՒՆԻՍԵՖ -ի հայաստանյան գրասենյակի

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

UNICEF. Մեկ տարվա ընթացքում սեքսուալ բռնության զոհ է դարձել 15 մլն աղջիկ

Հայաստանում երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն ավելացել է

Երեխաների ձայնը

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաները գրավեցին Ազգային ժողովի ամբիոնը

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 

Դիտումների քանակը` 3143

Գլխավոր էջ