Երբ մարտի են գնում աղջիկները
«Կանայք եւ հակամարտությունը» թեմային է անդրադառնում «Անկախ.ամ»-ի մեկնաբան Անահիտ Հարությունյանը: Նրա դիտարկումները սկսվում են Սումգայիթյան ջարդերից…
…1988-ի մարտի 8-ը նման չէր հայ կանանց համար նախորդ և հետագա տարիների այդ տոնական օրվան: Ծաղիկներ ու նվերներ ստանալու, իրենց հասցեին հաճոյախոսություններ լսելու փոխարեն, ինչն ավանդական էր դարձել, նրանք սուգ էին անում և իրենք էին ծաղիկներ դնում Սումգայիթի նահատակների հիշատակին:
Գույժն ընդամենը մի շաբաթ առաջ էր հասել: Հետո արդեն հայտնվեցին առաջին փախստականները, մամուլը լցվեց նրանց վկայություններով: Հետագայում երջանկահիշատակ Սամվել Շահմուրադյանը նրանցից լսած վկայությունները հավաքեց և հրատարակեց առանձին գրքով, (Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев. Кн. 1. Ереван, 1989), որը բնավ թույլ ջղեր ունեցող մարդկանց համար չէր:
Այդ և այլ հրապարակումներից էլ ակնհայտ դարձավ, որ առավել դաժան գործողություններ են իրականացվել կանանց նկատմամբ: Նվաստացրել էին, լլկել ու բռնաբարել, խոշտանգել ու հրկիզել: Առանձնապես մեծ թիվ էին կազմում խմբակային բռնաբարությունները և մանավանդ` հարազատների աչքի առաջ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ բնակչությունից զոհերին պաշտպան կանգնողների շարքում շատ ավելի կանանց անուններ էին նշվում: Հատկապես հաճախ էր հիշատակվում Խանում Իսմայիլովայի անունը, որ խիզախություն է ունեցել շատերին փրկելու գազանացած ջարդարարների ձեռքից: Այլ կանայք էլ են նշվում, որոնք, վտանգելով իրենց, հագուստով ու լաթերով ծածկել են մերկ ու արնաթաթախ զոհերին և տուն տարել: Պատմում էին, որ մի տարեց կին իր գլխաշորը գետին է նետել: Ըստ ադրբեջանական սովորության` այդ դեպքում կռվողները պիտի զենքերը վայր դնեն: Իսկ խուժանը, տրորելով գլխաշորը` առաջ է անցել:
Ինչո՞ւ էին Սումգայիթում առավել սադիստական գործողություններ կիրառվում հատկապես կանանց նկատմամբ: Կազմակերպիչների համար դա պարզապես մարտավարություն էր: Կոտրել կանանց, կնշանակեր կոտրել առհասարակ ազատագրական շարժումը:
Սակայն սումգայիթյան դեպքերը հակառակ ազդեցությունն ունեցան: Ակնհայտ էր արդեն, որ հանգույցը լուծվելու է ոչ թե քաղաքակիրթ, ժողովրդավարական ճանապարհով, այլ զինված հակամարտությամբ. արյուն էր հեղվելու, պայքարը դաժան ու տանջալից էր լինելու, և կանայք վճռականորեն գնացին դրան, քանի որ հակառակ ընտրությունը հավասար էր ինքնասպանության: Հազիվ թե տղամարդիկ մինչև վերջ գնային ու մարտունակ լինեին, եթե վճռական չլինեին կանայք, եթե ամուր չլիներ թիկունքը:
Զինված հակամարտությունը հայ կանանց տոկունության, քաջության, անլուր տառապանքների, զրկանքների ու մանավանդ նրանց նկատմամբ գործադրված վայրագ բռնությունների նորանոր էջերով լցրեց մեր պատմությունը: Եվ այդ սարսափների ու տվայտանքների մեջ թերևս ամենացնցողն այն էր, որ ադրբեջանցի ասպատակող հրոսակներին միացել էին Խորհրդային Միության ներքին զորքերի ռուս բանակայինները: Այդ արյունալի օրերի քրոնիկոնն էլ, ի դեպ, հետագայում հավաքվեց Բագրատ Ուլուբաբյանի «Արցախյան գոյապայքարի տարեգրությունը» (Եր., 1997) գրքում:
Այսպես ահա կյանք ներխուժեց պատերազմը, և կանանց շարքեր մտան նրանց նոր տեսակները` ջարդերի ու զինված բախումների զոհ կանայք, պատանդ կանայք, փախստական կանայք, զոհված ազատամարտիկների կանայք ու մայրեր և նույնիսկ ազատամարտիկ կանայք: Մինչ այդ առանձնապես սոցիալական խմբերի բաժանումներ չկային, կարծես բոլորը մեկ էին, շատ-շատ` աշխատավոր կանայք, կոլտնտեսական կանայք, մտավորական կանայք, բազմազավակ… Կյանքն էլ բավական գորշ էր, բայց և մի քիչ ռոմանտիկ ու մանավանդ`անվտանգ:
Այսքան տարիների հեռավորությունից էլ մտքիցս չի հեռանում մի պատմություն, որ ժամանակին մամուլում կարդալով` մտածեցի, որ եթե այն էկրանին տեսնեի, կկարծեի, թե հորինվածք է, սցենարիստի երևակայության արդյունք: Խոսքը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի կանանց «Փառանձեմ» ազատագրական խմբակի մասին է, որ ժամանակին մի միջադեպի առիթով մեծ աղմուկ հանեց: Ռուս զինվորականների վայրագություններից համբերությունը հատած, որոնք մինչև իսկ հայերին պատանդ էին վերցնում ու վաճառում ադրբեջանցի ավարառուներին, այդ կանայք հարձակվել էին զրահամեքենայի վրա, զինաթափել զինվորներին և որոշել կալանքի տակ պահել նրանց այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդ կողմը չի վերադարձնի պատանդ տարած հայերին: Ցավոք, ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների, Հայաստանի ղեկավարության և Մոսկվայի բանակցությունների արդյունքում ռուս զինվորների դիմաց հայ պատանդներից ազատ է արձակվում միայն Գևորգ Պետրոսյանը: Իսկ ռուս զինվորները հեռանում են Հաթերքից և այլևս չեն երևում այդ կողմերում (Республика Армения, 1991, 17, 29 августа):
Այո, յուրաքանչյուր հակամարտություն անփարատելի զրկանք է կանանց համար: Սակայն տարբեր է պարագան, երբ կռվի դաշտը հարազատ հողում է, հայրենի գյուղում կամ քաղաքում, սեփական տան մատույցներում, ահավոր է մանավանդ, երբ թշնամին ներխուժում է անակնկալ, գաղտագողի: Այս դեպքում կանայք ստիպված են զենք վերցնել ու մինչև վերջին շունչը պաշտպանել հայրենի տունը կամ ընկած ամուսնուց ու որդուց հետո շարունակել անհավասար մարտը: Մի երևույթ, որ մարմինդ փշաքաղող, հիացմունքի ու սուր ցավի խառը զգացումներ է առաջացնում:
Բայց խնդիրն այն է, որ ղարաբաղյան մարտերին մասնակցեցին նաև հարյուրավոր կին կամավորականներ (ասում են` 300 կին է կռվել, որոնցից 42-ը զոհվել են): 1988-1989 թթ. հանրահավաքների ժամանակ կամավորական ջոկատներին զինվորագրվելու և ճակատ մեկնելու կոչերին արձագանքում էին նաև նրանք` համարելով, որ այդ ճակատագրական պահին իրենք ևս պարտավոր են կատարել իրենց պարտքը հայրենիքի առջև: Աղավնի Տեր-Ստեփանյանի` ծնողներին գրած վերջին նամակում այսպիսի սրտառուչ տողեր կան, որոնց տակ, թերևս, կստորագրեին բոլոր ազատամարտիկ կանայք: «Անկարող եմ ես չկռվել / Երբ տեսնում եմ կռվողներին / Անկարող եմ հանգիստ նստել / Նայել լացող մեր մայրերին /Դրա համար պետք է կռվեմ /Թեկուզ մարտում ինքս էլ ընկնեմ»:
Ամենազարմանալին այն է, որ նրանց մեջ քիչ չէին մայրերը, որոնք մահվան վտանգի էին գնում` տանը թողնելով երկու-երեք երեխա: Երբ Անուշ Ավագյանի մայրը խնդրում է դստերը չգնալ ճակատ, իր` ծեր տատի հույսին չթողնել երկու զավակներին, Անուշը պատասխանում է. «Մայրիկ ջան, ամեն ընտանիքից մեկը պետք է գնա, մեր տան տղամարդն էլ ես եմ»: Ծանր վիրավորվելուց հետո, դեռ լրիվ չապաքինված, նա կրկին վերադառնում է վաշտ: Եվ երբ մարտական ընկերները փորձում են հետ պահել նրան, համոզում է. «Ես չեմ կարող հեռանալ, երբ դեռ նոր են սկսվելու ծանր կռիվները, դեռ Արցախն ազատագրված չէ»: (Ազատամարտիկ կանանց պատմություններն էլ, ի դեպ, հավաքվեցին Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» (Եր., 2004) գրքում:)
Եվ հերոսացան: Թե′ այն կանայք, որոնք չվերադարձան, և թե′ նրանք, ովքեր վերադարձան վերքերով ու թրծված հոգիներով: Նրանց մեծ մասը զոհվեց արկի բեկորներից` մարմնով պաշտպանելով ընկած, վիրավոր զինվորին: Մայրաբար պաշտպանելով: Չափազանց հատկանշական է ազատամարտիկ Մարգարիտ Թառանյանի օրագրում արված այս գրառումն իր մարտական ընկերուհու մասին. «Թամրազյան Անահիտը թաքուն կերակրում է թուրք գերուն: Ես զարմացած ու հիացած եմ նրա հոգու վեհությամբ: Ընդամենը հինգ ամիս առաջ ամուսնուն կորցրած հայ կինը խնամում է թուրք վիրավորին»: Մինչդեռ Անահիտը ճակատ էր գնացել զոհված ամուսնու վրեժը լուծելու նպատակով: Թերևս այսպես կարող են միայն կռվել կանայք` երբեք չկորցնելով ընկածին կարեկցելու խիղճը:
«Հայ կանայք մեկ անգամ չէ, որ զենք վերցնելով` հայ զինվորի կողքին պաշտպանել են հայրենիքը»,- գրեթե ամեն տարի, հատկապես` կանանց միամսյակի օրերին, կանանց նվիրված տարբեր հրապարակումներում կարդում եմ այս հանգերգի պես կրկնվող միտքը: Գնահատանքն ու ակնածանքը հասկանում եմ, բայց չեմ հասկանում այս տարօրինակ գոհունակությունն ու հրճվանքը:
Մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունն էլ, անվտանգության ռազմավարությունն էլ, ինչ մենք հիշում ենք մեզ, տղամարդիկ են որոշել: Եթե կանայք մեկ անգամ չէ, որ կռվել են ռազմի դաշտում, կնշանակի` մեկ անգամ չէ, որ երկիրը հայտնվել է այդքան ծայրահեղ վիճակում, ուրեմն մեկ անգամ չէ, որ տղամարդիկ սխալվել են իրենց հաշվարկներում: Այնպես որ այս փաստը, անշուշտ, կանանց պատվի ու խիզախության մասին է խոսում, բայց և տղամարդկանց ամոթն է արձանագրում: Եվ եթե առարկայական հանգամանքների նկատառումն ու սառը տրամաբանությունը թելադրում են կշտամբանքի ու մեղադրանքի թիրախներ չփնտրել, ապա գոնե ցավով արձանագրել տվյալ փաստը, ոչ թե պանծալի հրճվանքով:
Բացի այդ, պատմությունը մեր պաշտպանության ու անվտանգության առնչությամբ ուրիշ փաստեր էլ է մատուցում կանանց վերաբերյալ: Օրինակ` այն, որ հայ կանայք փայլել են հատկապես դիվանագիտական ունակություններով, և ամենածայրահեղ, ճգնաժամային պահերին մեր իշխանավոր այրերը հատկապես բարձրաշխարհիկ տիկնանց են ուղարկել բանակցությունների, որոնց առաքելությունը գրեթե միշտ պսակվել է հաջողությամբ:
Եվ պատահական չէ, անշուշտ, այլ օրինաչափ, որ և′ Արցախյան պատերազմի ընթացքում, և′ հրադադարից հետո ժողովրդական դիվանագիտության ասպարեզում խաղաղասիրական առաջին ու գործնական քայլերը հենց կանայք ձեռնարկեցին:
Ինչո՞ւ չենք հիշում այս փաստը, ինչո՞ւ չենք հաշվի առնում այս ժառանգականությունը և հարց չենք տալիս մեզ, թե ինչու են կանայք բացակայում բոլոր մակարդակների բանակցություններում: Եթե նրանք կարող են խիզախորեն կռվել, ապա ինչո՞ւ չեն կարող նստել նաև բանակցությունների սեղանի շուրջը կամ մասնակցել երկրի անվտանգության ռազմավարության մշակմանը: Չէ՞ որ պատերազմի վերջնական հաղթանակն ու ավարտը հենց այդ գործընթացներն են կանխորոշում:
Վերջին հաշվով, այն եվրոպացի ու ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սառնասրտորեն բանակցությունների են նստում ու ճապուկ ցուցամատները սահեցնում քարտեզի վրա, ի՞նչ գիտեն մեր կանանց ցավի ու սպասումների մասին, որպեսզի տնօրինեն նրանց ճակատագիրը: Ի՞նչ գիտեն այն հազարավոր փախստական դարձած կանանց մասին, որոնք մազապուրծ եղան Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու այլ վայրերի ջարդարարներից, Շահումյանն ու Գետաշենն ասպատակող հրոսակախմբերից, ի՞նչ գիտեն հազար անգամ մահվան աչքերին նայած կանանց մասին և մանավանդ այն կանանց, որոնք պատերազմում ավելին են կորցրել, քան սեփական կյանքը. իրենց զավակներին: Եվ ի՞նչ գիտեն թեկուզ այսօրվա զինվորների մայրերի մասին, այն զինվորների, որոնք ծնվել են արդեն հրադադարից հետո, բայց կյանք են կորցնում հակառակորդի մոլագար իշխանավորների նկրտումների պատճառով: Ի՞նչ գիտեն զավակին բանակ ուղարկած այդ մայրերի մասին, որոնք ամեն օր զինվորի մահվան բոթ են լսում: Գիտե՞ն, թե ինչպես են քնում նրանք և քնո՞ւմ են արդյոք:
Ի~նչ զարմանալի իրողություն է, երբ խոսք է լինում կանանց` թեկուզ ամենացածր պաշտոն զբաղեցնելու կամ քաղաքական ոլորտում ներկա լինելու մասին, անմիջապես ծայր են առնում քննարկումները կանանց նախասահմանված կոչման մասին, կարծես պաշտոնը կամ քաղաքական գործունեությունը բացառում է երեխա մեծացնելը: Բայց թե′ պատերազմի ժամանակ, թե′ դրանից հետո գեթ մեկ խորհրդածության չեմ հանդիպել, թե պե՞տք է արդյոք կինը լինի ճակատում: Անշուշտ, սա իրավունքի հարց է, ամեն մարդ ինքն է իր կամքի ու ընտրության տերը, որը միայն պետք է հարգել: Սակայն կռվել-չկռվելը կանանց իրավունքն է, ոչ պարտքն ու պատասխանատվությունը: Վերջին հաշվով, այլ հարց է պատերազմին մասնակցել որպես գթության քույր, այլ հարց` զենք վերցնելը:
Բայց գենդերային հավասարության համար կռիվ տալը չէ սույն հրապարակման շարժառիթը, այլ ընդամենը մի գործնական հարցադրում: Նախորդ դարերում կռված կանանցով հպարտանալուց առաջ կամ հետո գուցե մտածենք այն կանանց մասին, որոնք կռվել են հենց մեր օրերում, մեր աչքի առաջ: Հպարտանալը` հպարտանալ, բայց հարց տվե՞լ ենք մեզ, թե արդյոք դրե՞լ ենք նրանց իրենց արժանի պատվանդանին, հետաքրքվե՞լ ենք` ինչպես են ապրում հիմա, կարողանո՞ւմ են հոգալ իրենց կորցրած առողջության խնդիրները, կամ իրենց ստացած թոշակը հնարավորություն տալի՞ս է արժանավայել ապրելու: Մի ֆիլմ է պտտվում համացանցում, որում պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանն այցելում է իր մարտական ընկերուհիներին ու անընդհատ լաց լինում: Ինչո՞ւ:
Լավ, դեռ նյութականը թողնենք մի կողմ, խոսքը պարզ մեծարանքի ու գնահատանքի մասին է: Քանի՞ դպրոցական գիտի նրանց անունները, ասենք` հենց մենք` մեծերս…
Տարվա 365 օրերից մեկը (թեկուզ այս կանանց միամսյակի շրջանակներում) կարո՞ղ էինք նվիրել նրանց, հավաքել բոլորին ու ազգովին ասել ընդամենը, որ երախտապարտ ենք, որ հիշում ու խոնարհվում ենք: Ինչ մասնագիտության օր ասես, որ չունենք, բայց ահա կին ազատամարտիկի կամ զինվորի մոր օր չունենք: Ծամված ճշմարտություն է, բայց պետք է ասել. երախտագիտություն հայտնելն առաջին հերթին երախտապարտին է պետք, այսինքն` մեզ ու մեր սերունդներին:
Դիտումների քանակը` 5139