Երբ լույս աշխարհ ես գալիս քեզ այդքան նմանի հետ
Երևանաբնակ երկվորյակները յուրահատուկ ձևով նշեցին հուլիսի 11-ը՝ Բնակչության համաշխարհային օրը: Տարբեր տարիքային խմբերի 50 զույգեր՝ ճերմակահեր տատիկներից մինչև մանուկներ, հավաքվել էին Կասկադում լուսանկարվելու «The twins. Близнецы» վավերագրական նախագծի շրջանակներում: Նախաձեռնությունը Ելենա Ֆրոլովա – Տրուֆինայինն էր, ով դեռ 2008 թվականից է լուսանկարում տարբեր երկրների երկվորյակներին «The twins. Близнецы» ֆոտո-գրքի և համանուն վավերագրական ֆիլմի համար:
« Մեր ազգի մեջ չեն եղել երկվորյակներ, ինքս երկվորյակ չեմ , չունեմ երկվորյակ երեխաներ և իմ շրջապատում էլ շատ չի նրանց թիվը, բայց գուցե նախկին կյանքում եղել եմ երկվորյակների աստվածուհին»,- կատակում է հեղինակը:
Ելենան նախագծի շրջանակում արդեն եղել է Ռուսաստանի և Եվրոպայի ավելի քան 40 քաղաքաներում և պատրաստվում է շրջել աշխարհով մեկ: Լուսանկարներից յուրաքանչյուրը մասն է դառնում յուրահատուկ ֆոտո-գրքի, ինչպես նաև «The twins. Близнецы» վավերագրական ֆիլմի :
«Իմ մոտ այդ միտքը հղացավ, երբ Մոսկվայի մետրոյում հանդիպեցի մոտ 50 տարեկան ոչնչով իրարից չտարբերվող զույգի: Ի դեպ միայն լուսանկարի միջոցով են առավել ակնհայտ դառնում դիմագծային տարբերությունները»,-ասում է նա, նշելով, որ հենց այդ օրվանից նրա նախասիրությունն է դարձել լուսանկարել ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների երկվորյակների:
Կասկադում հավաքված երկվորյակների շարքում ամենատարեցը 86-ամյա Ամալյա ու Թամարա տատիկներն էին: Նրանք որքան նման են արտաքնապես , այնքան էլ տարբեր են բնավորության,հետևաբար ընտրել էին տարբեր մասնագիտություններ՝ մեկը կաթնամթերքի որակավորող է, իսկ մյուսը դերասանուհի: Նրանց բազմիցս են շփոթել, որը տարբեր միջադեպերի պատճառ է հանդիսացել, սակայն ինչպես նշեցին նրանց աղջիկները, իրենք երբևէ չեն շփոթվել, որովհետև հարազատ մորը հնարավոր չէ շփոթել:
Ամենակրտսեր մասնակիցները 1.3 տարեկան Լևոնն ու Դավիթն էին, որոնցից 10 րոպե ավագ Լևոնին առանձնապես դուր չէր եկել լուսանկարվելու գաղափարը և միջոցառման ողջ ընթացքում նա չդադարեց լացելը:
4 տարեկան Արամի ու Աշոտի մայրը երազել է երկվորյակներ լույս աշխարհ բերել.«Երազում էի և երազանքս իրականացավ.. »,-ասաց նա:
Ներկաների համար ուրախ մթնոլորտ ապահովեցին 35-ամյա երաժիշտ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները: Նրանք այնքան նման են, որ եղել է դեպք երբ «իրենք իրենց են շփոթել»:
Ալինային և Էլինային տատիկն այդպես էլ չի կարողանում տարբերել: Երբեմն նրանց շփոթում էր նույնիսկ մայրիկը և մեկի փոխարեն, մյուսին երկու անգամ էր կերակրում: Հիմա նրանք մեծացել են՝11 տարեկան են, և տանեցիները գրեթե չեն շփոթում, իսկ դպրոցում նրանք հաճախ են կատակում ու մեկը մյուսի փոխարեն դաս պատասխանում:
Հետաքրիր բան է՝ ծնվել քեզ այդքան նմանի և միաժամանակ բնավորությամբ շատ տարբեր մեկի հետ: Մի պահ պատկերացրեցի , թե ինչպես կփոխվեր իմ կյանքը եթե երկվորյակ քույր կամ եղբայր ունենայի…
Նինել Հովհաննիսյան
Նայեք նաեւ հեղինակի ֆոտոռեպորտաժը մեր կայքում.
Դիտումների քանակը` 4051