Երբեք ուշ չի նորից սկսելու համար

Փոքրամարմին ու բարակիրան Կարինեին նայելիս չես ասի, որ վեց երեխա է լույս աշխարհ բերել: Եթե աչքերի սառն ու անտարբեր արտահայտությունը չմատնեին նրա ապրած կյանքի ցավն ու տառապանքը, եթե դեմքին անժամանակ հայտնված խորշոմները սքողել կարողանային ամուսնական չստացված կյանքի բռնության հետքերը, կարելի էր մտածել,որ բազմազավակ ընտանիքի երջանիկ մայր է ու գնահատված կին:

 

 

25 տարի առաջ, երբ ընտանիք կազմեց, չէր էլ պատկերացնում, որ այդպիսով վերջ է դնում իր խաղաղ ու երազանքներով լի կյանքին: Չնայած տուն ու տանիք չեն ունեցել, բայց Ուջանի փոստի շենքը, որը տեղի իշխանությունը ամուսիններին էր հատկացրել ժամանակավոր բնակության համար, երիտասարդ կինը փորձել է վերածել սիրով ու ջերմությամբ լի տաքուկ օջախի: Ինչպես յուրաքանչյուր հայ կին՝ կարել է, արդուկել, եփել, պատրաստել, երեխաներ ծնել ու սպասել իր տղամարդուն: Կանանց ու ալկոհոլի նկատմամբ սեր ունեցող ամուսինը, սակայն, չի էլ նկատել կնոջ ներկայությունը, իսկ երբ նկատել է՝ ծեծել է, հայհոյել, ծաղրել ու ստորացրել…Երբեմն էլ, երբ ձեռքերն ու բռունցքները հոգնել են՝ գործի է դրել դանակը:

 

 

Դանակի սպիացած հետքերը տարիներ անց էլ դեռ մորմոքում են Կարինեի սիրտը, պորտալարի պես սնուցելով ներկան անցյալի դառը հիշողություններով, ստիպում են նորից ու նորից դառնանալ, տառապել ու մեկուսանալ մարդկանցից, հեռանալ հասարակությունից…

 

 

Ամուսնու կողմից հաճախակի բռնության ենթարկված կինը համատեղ կյանքի 25-րդ տարում է միայն ուժ գտնում մեջը հեռանալ երբեմնի սիրելի տղամարդուց: Հեռանում է այն ժամանակ, երբ միակ որդին ու երկու ավագ դուստրերն իրենց կյանքն արդեն դասավորել էին: Մնում էին երեք աղջիկները. նրանց էլ վերցնում ու գնում է դեպի անորոշություն:

 

 

Ազատ և ինքնուրույն կյանքի այբուբենին անծանոթ,Կարինեն ու երեք աղջիկները հայտնվում են անելանելի դրության մեջ: Մոր ու դստրերի տառապանքը նոր երանգներ է ստանում. հոգսերն ավելանում են, ծախսերը՝ կրկնապատկվում…Կարինեի հանկարծահաս հիվանդությունն էլ մի կողմից է խեղճացնում առանց այն էլ խեղճ քառյակին: Աղջիկներից ավագը, չհանդուրժելով իրենց նետված մարտահրավերը, թողում է մորն ու երկու անչափահաս քույրերին և փորձում առանձին ինքնակազմակերպվել: Իսկ, գրեթե հաշմանդամ դարձած Կարինեին ու 14 և 10 տարեկան դուստրերին հիվանդ և անօգնական վիճակում հայտնաբերում են բարի մարդիկ ու տեղափոխում բռնության ենթարկված կանանց ապաստարան՝ «Լայթ հաուս» կազմակերպություն:

 

 

Թեև մորն ու երկու աղջիկներին այստեղ ոտքի են կանգնեցրել, բայց Կարինեն իրեն անհարմար է զգում: Ասում է՝ արժանապատվությունս վիրավոորվում է, երբ մտածում եմ, որ այլոց հաշվին եմ ապրում: «Մենք «Լայթ հաուսի» շահառու չենք, որովհետև ընկերության ծրագիրը մայրերի և մինչև երկու տարեկան երեխաների համար է: Իսկ իմ աղջիկներն այդ տարիքից վաղուց են դուրս եկել: Մի տեսակ անհարմար եմ զգում, ամաչում եմ, որ զուտ մարդկայնորեն են մեզ այստեղ ապաստան տվել: Ինձ թվում է՝ ուրիշի սնունդն եմ ուտում, ուրիշի փոխարեն ես եմ փափուկ անկողնում քնում…Ախր, ես՝ ինքս աշխատող, ստեղծող կին եմ: Երբեք ուրիշի ձեռքին չեմ նայել: Ճիշտ է՝ դաժան կյանքով եմ ապրել՝ անընդհատ վախը սրտումս սպասելով ամուսնուս վերադարձին, որ կգա ու կծեծի, բայց էլի պատրաստել եմ, ստեղծել, որ երեխաներիս աչքը դուրս չլինի…»

 

 

«Լայթ հաուսում» տիկին Կարինեին բուժել են: Թափառական ու անտուն կյանքի ճամփեքին նրա մարմինը, որ ցրտից ու խոնավությունից սառել և գրեթե հաշմվել էր, այստեղ երկրորդ կյանք է ստացել: Ուրախ է, որ աշխատունակությունը վերականգնվել է: Առանձնանալու և վարձակալությամբ ապրելու մեծ ցանկություն ունի: Միայն թե աշխատանք չունի: Եթե նույնիսկ հավաքարարի գործ վստահեն՝ սիրով կանի: Կազմակերպությունը փորձում է կանանց օգնել նաև աշխատանքի հարցում: Կարինեն հավատում և սպասում է այդ օրվան:

 

Հայկուշ Ասլանյան

Դիտումների քանակը` 3208

Գլխավոր էջ