Երասխի կանայք լավ գիտեն ջրի գինը

Երասխ՝ սահմանամերձ գյուղ Արարատի մարզում, որ տարիներ շարունակ պայքարել ու դիմակայել է թշնամու հարձակումներին: Տարիներ շարունակ ապրել է անմխիթար վիճակում, զուրկ է եղել տարրական կենցաղային պայմաններից, զրկված անգամ բնական բարիքներից, անգամ մարդու կյանքի կենսական աղբյուր համարվող ամենակարող ջրից:

 

«Մեզ համար ջուր ունենալը, գյուղում ջրի մեքենա տեսնելն ուղղակի երջանկություն էին»,- ասում են գյուղի կանայք:

 

1 դույլ ջուրը վաճառվում էր 30 դրամով, օր էր լինում, որ անգամ սահմանափակում էր դրվում, թե ընտանիքին հասնում է ընդամենը 2-3 դույլ, ոչ ավելի, որ կարողանար այդ մի ցիստեռն մեքենան գոնե չնչին քանակով, բայց բավարարել մի ամբողջ գյուղի: Ջուրը մեզ համար «սուրբ մասունք» էր համարվում, մի բաժակ էլ որ թափվեր, մեծ կորուստ էինք համարում:

 

Ջրի բացակայության պայմաններում անտանելի էին դարձել սանիտարական պայմանները, այդ տարիներին տարածված էր մալարիա հիվանդությունը, որին զոհ գնաց ավելի քան 18 գյուղացի:

 

Ջուր ունենալու վաղեմի երազանքը, որն անիրականանալի էինք համարում, հանկարծ իրականություն դարձավ 2010-ին՝ Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրի շնորհիվ: Մեր զրուցակիցները այդ ծրագիրը հրաշագործության են նմանեցնում:

 

«Աննկարագրելի էր այն պահը երբ տանը ծորակը բացեցինք, ու ջուր եկավ. երեխաները երբեք չէին տեսել նման բան, դա ուղղակի հրաշք էր, սեփական տանն ունենալ ջուր, խմել սառն ու մաքուր ջուր»,- ժպիտով պատմում էին գյուղի բնակիչները:

 

Արդեն երկու տարի է, ինչ նրանք շուրջօրյա ջուր ունեն: «Լավ պայմաններին շուտ ես սովորում, հիմա մեկ ժամ առանց ջրի չենք դիմանում, հենց մի բան վնասվում է, գյուղում աննկարագրելի աղմուկ է բարձրանում»,- ասում է գյուղապետարանի աշխատակից Նվարդ Հովհաննիսյանը:

 

Ջրի բացակայությունը, ինչպես հայտնի է, առաջին հերթին կանանց ուսերին է ծանրանում, դրա համար էլ այսօր ամենաշատը կանայք են շռայլում գովասանքի և երախտապարտության խոսքեր բարերարների հասցեին, որոնք լուծում տվեցին այդքան տարի նրանց տանջող ջրի խնդրին: Այսօր գյուղի բնակիչներին մեկ այլ հարց է մտահոգում. «Առաջ մեր գյուղն ուներ իր ջրբաշխը: Եվ ցանկացած հարց, ջրի հետ կապված, ինքն էր լուծում: Հիմա մեր կենտրոնը Վայքն է, և հարցերի, խնդիրների դեպքում Հայջրմուղն իր մասնագետին Վայքից է ուղարկում: Իսկ դա կարող է օրեր տևել: Լինում են փոքրիկ հարցեր՝ հաշվիչի հետ կապված, կամ խողովակն է վնասվել, մինչև մասնագետը գալիս է Վայքից, օրեր են անցնում, ինչը դժվարացնում է գործը: Գյուղը դրա հնարավորությունն ունի, մասնագետ կա, ժամանակին, երբ գյուղապետարանի վրա էր դրված հանձնարարականը, հատուկ հաստիք ունեինք, իսկ այժմ չունենք, դա է պատճառը, որ այդ մանր հարցերը մեծ աղմուկ են բարձրացնում»,- ասում են կանայք:

 

Նինել Հովհաննիսյան

Երեւան-Երասխ

 

 

 


Դիտումների քանակը` 5570

Գլխավոր էջ