Եվրոպական դիտորդներ. « Ընտրությունները բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»

 

Այսօր կայացած ասուլիսներում  եվրոպական մի շարք   կառույցների  դիտորդական առաքելություններ,   ընդհանուր առմամբ,  դրական գնահատական են  տվել ՀՀ նախագահական ընտրություններին, նշելով, որ այս ընտրությունները զգալի առաջընթաց էին թե  2012-ի խորհրդարանական ընտրությունների , թե նախորդ նախագահական ընտրությունների համեմատ:  Մասնավորաես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-առաքելության նախնական զեկույցի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակություն .

« Մենք առաջնորդվում ենք նույն երկրում նախորդ ընտրությունների հետ համեմատելու սկզբունքով »

«Ցանկալի կլիներ, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քայլ առաջ լինեին ողջ տարածաշրջանի համար», – այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան, հույս հայտնելով, որ հենց այդպես էլ կլինի:

 

«2012-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, այս նախագահական ընտրությունները լուրջ առաջընթաց քայլ են: Այս ժամանակաշրջանում բարեփոխվել է օրենսդրությունը, ինչպես նաև լրատվամիջոցները բոլոր թեկնածուների քարոզարշավի հավասար լուսաբանում են ապահովել»,-ասաց նա:

 

Պիցուլան նաև նշեց, որ ընտրական գործընթացը գնահատելիս ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ղեկավարվում է ոչ թե մի երկիրը մյուսի հետ համեմատելու, այլ նույն երկրում նախորդ ընտրությունների հետ համեմատելու սկզբունքով:

 

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, Պիցուլան պատասխանեց, որ իրենց առաքելության նպատակն ընտրությունների արդյունքները գնահատելը չէ, միաժամանակ նշելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում մասնակցությունն ավելի ցածր է եղել, քան` խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

Իր հերթին, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը նշեց, որ Հայաստանում նախագահական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, սակայն քիչ մրցակցային էին:

 

Շարունակելով իր գործընկերոջ միտքը, Պիցուլան ընդգծեց, որ թեկնածուների քարոզարշավը նույնպես հետաքրքիր չէր, քանի որ չկային դեբատներ, իսկ նրանց նախընտրական ծրագրերը բարդ էին ընտրողների համար:

ԵԽԽՎ դիտորդական առաքելություն.

« Ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել »  

Կասկած չկա, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել` 2008-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Քարին Վոլդսեթը: Նրա խոսքով` Հայաստանում առաջընթացն արձանագրվել է իրավական ոլորտում, լրատվամիջոցների աշխատանքում, խոսքի ազատության և հասարակական ակցիաներ անցկացնելու ոլորտներում: «Այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 60-64 տոկոս, նշանակում է, որ մարդիկ կամք են դրսևորել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,-ասաց Վոլդսեթը:

 

Սակայն, նրա խոսքով` ընտրությունների արդյունքում եղել է վարչական ռեսուրսների չարաշահում. «Այդուհանդերձ, ընտրությունները հարթ են անցել, թեև եղել են որոշ միջադեպեր կապված վստահված անձանց ու թանաքի հետ»:

 

Վոլդսեթը նաև նշել է, որ շատ ջանքեր են գործադրվել ընտրացուցակների ճշգրտման համար: «Ընտրությունները մրցակցային են եղել, որի վկայությունը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած տոկոսներն են, համապատասխանաբար 68 և 36 տոկոս: Ընտրությունների մրցակցայնության մասին է վկայում նաև նախագահի թեկնածուների թիվը»:

 

Անդրադառնալով նրան, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրել, Վոլդսեթը նշել է, որ դրանում պետք է մեղադրել հենց իրենց. «Հայաստանը գտնվում է ճիշտ ուղու վրա դեպի ժողովրդավարություն»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն.

«Ընտրություններին խախտումներ են արձանագրվել, որոնք, սակայն, չեն ազդել արդյունքների վրա»

Հայաստանի նախագահական ընտրություններում տեղ են գտել խախտումներ, սակայն դրանք չեն կարող ազդել ընդհանուր պատկերի վրա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին: Նրա ասելով, ընտրությունների դիտարկումն անցկացրել են կազմակերպության շուրջ 300 դիտորդներ, ովքեր եղել են ավելի քան 1000 ընտրատեղամասերում:

Նրանք արձանագրել են կրկնակի քվեարկության, լցոնումների, գործող նախագահի շտաբի ներկայացուցիչների կողմից ընտրողների նկատմամբ ճնշման, վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր: Բացի այդ, դեսպանի ասելով, բազմաթիվ պետական պաշտոնյաներ, լինելով արձակուրդում, ակտիվորեն մասնակցել են գործող նախագահի նախընտրական քարոզարշավին:

Այդուհանդերձ, ըստ Թալիավինիի, չի կարելի հաշվի չառնել նաև առաջընթացն ընտրական գործընթացի կազմակերպման գործում, ինչն արձանագրված է դիտորդների միջանկյալ զեկույցում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված: Թեկնածուներն ունեին  նախընտրական քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորություններ, ԶԼՄ-ներն անաչառ էին լուսաբանում թեկնածուների ընտրարշավը: Միևնույն ժամանակ, ըստ դիտորդների, դիտվել է թեկնածուների միջև քաղաքական բանավեճերի պակաս, փաստորեն, չեն եղել քննարկումներ, որոնք կարող էին ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնել նախընտրական քարոզարշավը:

Դիտարկմանը, թե որոշ թեկնածուներ վստահված անձանց պակաս ունեին, ԺՀՄԻԳ ներկայացուցիչը նշել է, որ իրենք առաքելությունը չի ենթադրում թելադրել թեկնածուներին` ինչ անել:

 

Հարցին, արդյոք իրենք տեղյակ չեն եղել կոպիտ խախտումների մասին, և չեն տեսել տեսագրությունները, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Միլան Ցաբրնոխը հավաստիացրել է, որ իրենց նման բաներ հայտնի չեն: Նա նաև նշել է, թե առաջին անգամը չէ Հայաստանում և առաջին ընտրությունները չի դիտարկում: Նա եղել է տեղամասերում և չի տեսել խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքի վրա:

 

Թալիավինին հաղորդել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ևս 10 օր կմնան Հայաստանում` իրադարձությունների հետընտրական զարգացումներին հետևելու համար: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը կազմակերպությունը կհրապարակի երկու ամիս  անց:

 

Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքները Երևանում հունվարի 10-ից: Այն ներառում է 16 մասնագետներ մայրաքաղաքում և 24 երկարաժամկետ դիտորդներ՝ տեղակայված ամբողջ Հայաստանի տարածքում:

 

Ընտրությունների օրը  283 կարճաժամկետ դիտորդներ  են տեղակայվել, այդ թվում,  24 անդամ ԵԽԽՎ պատվիրակությունից, 9 անդամ ԵԽ պատվիրակությունից:

 

Դիտորդական առաքելության նախնական զեկույցի տեքստին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

http://www.osce.org/hy/odihr/elections/99677  Հայերեն

http://www.osce.org/odihr/elections/99675         Անգլերեն

 

Դիտումների քանակը` 3334

Գլխավոր էջ