Եվա Թովմասյան. « Չեմ կարծում, թե որևէ բան փոխելու հարցում սեռը կարևոր է»:

 

Մեր զրուցակիցն է ավագանու անդամության թեկնածու, ՀԱԿԿ ցուցակի տասնյոթերորդ հորիզոնականն զբաղեցնող Եվա Թովմասյանը: 

«2008-ի նախագահական ընտրությունների շրջանում հասկացա, որ պարզապես փոփոխություններ ցանկանալը բավարար չէ արդյունքի հասնելու համար :  Քաղաքացիական մեծ կամք և պատրաստակամություն է հարկավոր լուրջ փոփոխություններ իրականացնելու համար:  Նաև  չխուսափել այդ փոփոխություններն իրականացնելու պատասխանատվությունը ստանձնելուց»,-ասում է Եվան՝ նշելով, թե ինչու որոշեց քաղաքական գործընթացներում ակտիվություն ցուցաբերել:  

 

նտանիք անդամներն ինչպե՞ս են վերաբերվում ձեր ակտիվությանը: Խրախուսո՞ւմ են:

 

–         Ծնողներս  հանուն ազատության պայքարի, հետևողականության, սկզբունքայնության և քաղաքացիական բարձր գիտակցության  իմ կենդանի օրինակն են:

 

 

՞նչ կարող է փոխել կին ավագանին Երևանում:  Դուք ինքներդ ի՞նչ հրատապ խնդիրներ կառանձնացնեք:

 

–         Իմ կարծիքով ձեր հարցը որոշ չափով խտրական մոտեցում է պարունակում: Չեմ կարծում, թե որևէ բան փոխելու հարցում ավագանու սեռը կարևոր է: Ինչ վերաբերվում է փոփոխությունների առաջնահերթություններին, ցավոք սրտի Երևանի առաջ ծառացած բոլոր խնդիրներն այնքան բարձիթողի են, որ բոլորն էլ հավասար, հրատապ և համակարգային լուծումներ են պահանջում:  Հարկավոր է նախ և առաջ վերջ տալ կոռուպցիային և պետական մակարդակով իրականացվող հովանավորչությանը:  Միմիայն քաղաքապետարանի թափանցիկ և հաշվետու գործունեության դեպքում հնարավոր կլինի քաղաքի համար կայուն և մրցակցային զարգացում ապահովել, ինչը, անշուշտ, ողջ երկրում իրավիճակը փոխելու հեռանկար կբացի:

       

 

Ո՞վ է Ձեր ընտրողը և ի՞նչ եք նրան ասում , ո՞րն է Ձեր մեսիջը նրան:

 

–         Քանի որ ավագանու թեկնածուն ևս ընտրելու իրավունք ունի, թույլ տվեք ձեր հարցին պատասխանեմ իբրև շարքային ընտրող: Գնալով ընտրությունների` քաղաքացուս սահմանադրական իրավունքի իրացմամբ ես ձևավորում եմ այն թիմը, որ պետք է օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում կառավարի մայրաքաղաքը`  ծառայելով ինձ` քաղաքացուս: Հիմնական ուղերձը սա է. անհրաժեշտ է փոխել պետական ինստիտուտների ղեկավարների նկատմամբ առկա վերաբերմունքը: Դրանք ոչ թե արքաներ են, որոնց մենք պետք է ծառայենք, այլ ուղիղ հակառակը` քաղաքացիների կողմից լիազորված աշխատողներ, որ պետական կառավարման լծակները պետք է օգտագործեն ի բարօրություն հանրության: Այլ կերպ ասած` հասարակությունն է միջնորդավորված ղեկավարում պետությունը, այլ ոչ` թագավորները: «Իշխանությունը` քաղաքացուն», սա է մեր կարգախոսը:

 

 

-Կանայք ակտի՞վ են այս ընտրապայքարում:

 

–         Համենայն դեպս, Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակում ընդգրկված աղջիկներն իրենց ակտիվությամբ չեն զիջում տղաներին (ժպտում է):

 

-Իսկ ընդհանրապես, կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում ձեզ գոհացնո՞ւմ է:

 

–         Մեր տիպի հասարակություններում որոշակի կարծրատիպեր կան կնոջ  կերպարի շուրջ, և ինչ-որ առումով յուրաքանչյուր կին, լինի հասուն, թե երիտասարդ, իր ակտիվ գործունեության որոշակի փուլում փոքրիկ հեղափոխություն է իրականացնում իր շրջապատում և իրականության մեջ առհասարակ:  Կանանց  քաղաքական ներգրավվածությունը ինքնանպատակ չի և այն չի կարելի դիտել միայն իրավահավասարության տեսանկյունից:   Կանայք կազմում են մեր հասարակության մոտ 52 %-ը (կեսից ավելին) և ունեն համակարգված մոտեցում  պահանջող առանձնահատուկ  խնդիրների մի ողջ բույլ, ուստի այնպիսի քաղաքական և հասարակական համակարգը, որտեղ կանանց ներկայացվածությունը քիչ է, չի կարող լիարժեք բավարարել հասարակության մի ողջ հատվածի պահանջներին: Այնուամենայնիվ, տվյալ հարցի շուրջ խոսելիս հարկավոր է շատ նրբանկատ լինել, քանի որ կանանց ներգրավվածությունն ու ակտիվությունը գերխնդիր դարձնելով` շատ հաճախ կարելի է հանգել իրավիճակի արհեստականացման:

 

 

Կցանկանայի՞ք տեսնել կին քաղաքապետ, իսկ նախագա՞հ:

 

–         Կցանկանայի տեսնել իրենց լիազորությունների շրջանակում գործող քաղաքապետ ու նախագահ, հաշվետու և պարտաճանաչ իշխանություն առհասարակ, ակտիվ և հետևողական հասարակություն, որի պայմաններում արդեն թե կանայք և թե տղամարդիկ արժանապատիվ գործունեության և անխոչընդոտ առաջընթացի հնարավորություն կունենային:

 

 

Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյանը

Դիտումների քանակը` 4786

Գլխավոր էջ