Ես իմ հայրենիքում փախստական չեմ
Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմից թեև անցել էր մեկ տարի , այնուհանդերձ բնակչությունը համոզված էր, որ այն երկար չի տևելու: Իսկ երբ մեկ տարի անց՝ 2012 թվականի սեպտեմբերին Լուսիկ Պարսումյանն ամուսնու՝ Արման Չիրիշյանի և 3-ամյա դստեր հետ անձնագիր ստանալու և հայրենիքին ծանոթանալու նպատակով այցելեց Հայաստան, հավանաբար չէր մտածում, որ Հալեպ վերադառնալու ճանապարհն իրենց ու հազարավոր սիրիահայերի համար փակվելու է անորոշ ժամանակով: Ծննդավայրից ստացվող լուրերը մտահոգիչ էին, Հալեպում մնացած բարեկամներից տեղեկանում էր, որ պատերազմի շունչն աստիճանաբար մոտենում է կայարանի շրջակայքում գտնվող հայկական թաղամասին, որտեղ իրենց տունն էր, և որ ամուսնու ոսկերչական իրերի խանութը նույնպես վտանգված է: Հարկավոր էր համակերպվել նոր միջավայրին: Երիտասարդ ամուսինների համար որոշում կայացնելը թեև դժվար էր, սակայն ապագայի հանդեպ հույսը չկորցնելու բնածին հատկությունն ու լավատեսությունը օգնեց նրանց արագ կողմնորոշվել՝ մնալ և ապրել Հայաստանում, հատկապես, որ հայրենիքում ծնվել էր որդին՝ Ժոզեֆը: Այսօր արդեն Երևանի Մաշտոցի 10 հասցեում գտնվող ընդարձակ ու լուսավոր բնակարանում ընտանիքն ապրում է խաղաղ կյանքով:
Ամուսինը՝ Արմանը Վերնիսաժում վաճառում է իր պատրաստած արծաթե զարդերը: Շփվող, բարեկիրթ ու ժպտադեմ Արմանը իր վարվելակերպով մեծ հեղինակություն ու հարգանք է վայելում նոր ընկերների ու այցելուների շրջանում: Երբ համոզվեց, որ ետդարձի ճամփան առայժմ տեսանելի չէ, արագ գործի անցավ: Ընտանիքին պահել էր պետք, կարեկցանք ու խղճահարություն չհանդուրժող Արմանն աշխատում է մինչ ուշ գիշեր, իսկ ողջ օրը, առանց հանգստյան օրի Վերնիսաժում առևտուր է անում:
Անգործ չէ նաև Լուսիկը: Հայաստանում մնալ ու որոշում կայացնելուց օրեր անց նա արդեն հաշվապահի աշխատանք էր գտել կազմակերպություններից մեկում: Պրպտող ու անհանգիստ միտքը գտել և մասնակցում էր սիրիահայերի հարցերով մտահոգ մի շարք կազմակերպությունների կողմից /ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կազա հիմնադրամի, Կլոր սեղան հիմնադրամի և այլն/ կազմակերպած խոհարարական դասընթացներին: Լուսիկը միշտ երազել էր զբաղվել խոհարարությամբ ու հիմա առիթն օգտագործելու լավագույն պահն էր: Այսօր նրա պատրաստած գեղեցիկ ձևավորված տորթերի ու քաղցրավենիքի համին ծանոթ պատվիրատուները «հանգիստ» չեն տալիս նրան: Առայժմ աշխատում է տանը, ձգտում է ունենալ սեփական խանութ, քանզի գտնում է, որ եթե հաջողակ ես, ուրեմն հարկավոր է միայն հավատալ դրան ու առաջ շարժվել: Դեռևս Հալեպում Լուսիկը պատրաստում էր զարդեր, բիժուտերիա, սակայն այսօր համոզված է, որ Հայաստանում իր խոհարարական հմտություններով ավելի արագ կկայանա: Այդպես էլ կա: Լուսիկն ամուսնու հետ հաճախ է մասնակցել սիրիահայերի համար կազմակերպվող ցուցահանդեսներին, ձեռք բերել ճանաչում, ավելացրել պատվիրատուների քանակը:
Առօրյա հոգսերով տարված Լուսիկն այնուհանդերձ չի մոռանում աշխարհի գեղեցիկ ու հարուստ քաղաքներից մեկը՝ Հալեպը, որտեղ ծնվել, կրթվել, սիրահարվել է ու ամուսնացել, որտեղ ծնվել է իր առաջնեկը, քաղաք, որին շատ է կարոտում:
-Արդեն 5 տարի և 2 ամիս է, որ ապրում ենք Հայաստանում: Չեմ գտնում, որ իմ հայրենիքում ես փախստական եմ, մի քիչ ցավով եմ ընդունում, երբ սիրիահայերին փախստական են համարում: Թեև դրանում ճշմարտություն կա, բայց միևնույն է, նեղսրտում եմ: Սիրիան ծննդավայրս է, Հայաստանը՝ հայրենիքս, բայց գիտե՞ք որքան քաղցր է վերադառնալ այն հողը, որի վրա առաջին քայլերդ ես արել, որտեղ զգացել ես հողի ջերմությունը: Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ կոտնեմ Հալեպի հողը: Հալեպում շատ բան կորցրի, սակայն գտել եմ նորը, ու եթե պիտի ապրեմ, ապա՝ Հայաստանում, ես ի՞նչ եմ կորցրել Եվրոպայում կամ մեկ այլ վայրում,-ասում է Լուսիկը:
Հաղորդակցվելիս Լուսիկն ամենևին չի նեղվում, նրա քաղցրահունչ արևմտահայերենը կարելի է լսել անընդմեջ, տիրապետում է անգլերենին, որոշ ժամանակ հաճախել է ռուսաց լեզվի դասընթացների: Վերնիսաժում այցելուների հետ շփման արդյունքում Արմանը հրաշալի խոսում է երեք լեզուներով: Դուստրը՝ Ալիքը սովորում է 3-րդ դասարանում, գերազանց գնահատականներով, դասարանում քչերը գիտեն, որ նա սիրիահայ է, քանի որ խոսում է գրական արևելահայերենով: Իսկ փոքրիկ Ժոսեֆի զրույցը ընտանիքում թերևս թռչնի դայլայլից էլ հաճելի է:
Այս լուսավոր ու աշխատասեր ընտանիքը հարգված ու սիրված է նաև շենքի բնակիչների կողմից, վկա դժվարություններից չընկճվող ու փյունիկի նման վեր հառնող ընտանիքի վերաբերյալ հարևանների կարծիքն ու գնահատանքը:
-Չպետք է սպասել, որ հեշտ, թեթև ու ավելի լավ կլինի: Նման բան չկա: Դժվարություններ միշտ էլ լինելու են: Բայց պետք է սովորել ու կարողանալ երջանիկ ապրել այստեղ ու այսօր: Վաղը կհաջողվի՞ տեսնել Հալեպը, լավ, հակառակ դեպքում ես դարձյալ իմ հողի վրա եմ ու արմատներս կշարունակեն զավակներս,- համոզված ասում է Լուսիկը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4951