ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն

                    

Եթե մենք կարողանանք ազատվել կեղծ արժեքներից և համատեղենք մեր իրական ազգային արժեքները համաշխարհային փորձի հետ, ապա Հայաստանում հնարավոր է հասնել գենդերային հավասարության, համոզված են Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)  պաշտոնապես  բացված Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի  հիմնադիրները:

 

Կենտրոնի նպատակն է  իրականացնել գենդերային հավասարության և կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերվող հետազոտություններ, ներդնել գենդերային կուրսերը ուսումնական պլանի մեջ, աջակցել համալսարանի կին շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը, իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ:

 

–         Մեր հեռահար նպատակն է գենդերային հետազոտություններին հաղորդել որոշակի ինստիտուցիոնալացում-, ասում է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը,- միգուցե նաև մագիստրոսական ծրագիր հետագայում մշակվի, կա այդպիսի նպատակ, բայց դեռևս կենտրոնը գործելու որպես ռեսուրսային հետազոտական կենտրոն, իրականացնելով նաև կապը գենդերային խնդիրներով  զբաղվող  ՀԿ-ների և միջազգային կառույցների հետ:

 

Կենտրոնը ԵՊՀ և ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանի (ԱՊՀ) միջև համագործակցության արդյունք է, այն  հիմնադրվել է  ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Բարձրագույն կրթությունը զարգացման համար» ծրագրի շրջանակում:

–         Հայաստանում կան բազմաթիվ կրթված և բարձր որոկավորում ունեցող կանայք,- ասում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրային բաժնի ղեկավար Ռիչարդ Բայզը,-  սակայն անհամապատասխանություն կա  կրթված կանանց թվի և աշխատաշուկայում  ու քաղաքական կյանքում նրանց ներկայացվածության թվի մեջ: Մենք մեծ պատրաստակամությամբ ենք ներդրումներ կատարում հայ կանանց զարգացման և առաջնորդության մեջ ու  ես հույսով եմ, որ մեր աշխատանքը  չի մնա ԵՊՀ-ի շրջանակներում, այլ  անմիջանականորեն նպաստելու է կանանց առաջխաղացմանը   քաղաքական  և տնտեսական ոլորտում:

 

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը չի առաջադրելու գենդերային հավասարության հասնելու որևէ պատրաստի բաղադրատոմս, այլ լինելու է համագործակցություն փորձի փոխանակման հիման վրա, վստահեցնում են կենտրոնի հիմնադիրները:

– Ես կարծում եմ, որ նորաստեղծ կենտրոնը անձնային և մասնագիտական  նոր հնարավորություններ  է տրամադրելու ԵՊՀ-ի և Հայաստանի այլ ուսումնական հաստատություների ուսանողներին, դասախոսներին և հետազոտողներին,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շեշտելով , որ  կենտրոնը շատ ակտիվ կհամագործակցի գիտական այլ հաստատությունների և  իհարկե ՀԿ-ների հետ,  որովհետև առանց այդ համագործակցության կենտրոնի գործունեությունը հաջողել չի կարող:

Ինչպես նկատեց  Արիզոնայի Համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանը Կենտրոնի բացումը , ըստ էության, երկու համալսարանների միջև  շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսված համագործակցության արդյունք է: Այն  կֆինանսավորվի Արիզոնայի պետական համալսարանի  Հումանիտար գիտությունների կոլեջի Մելիքյան կենտրոնի հատկացված 1.3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով:

 

–         Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել Հայաստանում,- ասում է Վիկտոր Աղաջանյանը,- պատմել եմ ծրագրի նպատակների մասին: Ինձ ասում էին, որ գենդերային հավասարությունը շատ կարևոր խնդիր է, բայց  մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք տնտեսական զարգացում, գործազրկություն, դեմոգրաֆիայի անկում, ազգային անվտանգություն և այլն: Այս կենտրոնի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է ապացուցել հայ հասարակությանը, որ նշված խնդիրներից ոչ մեկը չի կարող արդյունավետ լուծվել, եթե հաշվի չառնենք գենդերային ասպեկտը:

 

Գալիք երեք տարիների ընթացքում կանանց հիմնախնդիրների հետազոտություններով զբաղվող ԵՊՀ-ի 8-ը գիտաշխատողներ կմասնակցեն ԱՊՀ-ի Սոցիալական զարգացման ֆակուլտետի կանանց և գենդերային հետազոտությունների ծրագրի դասընթացներին: Առաջին խումբը Արիզոնա կմեկնի այս տարվա  աշնանը:

 Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 4718

Գլխավոր էջ